Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ավելի կարեւոր

Դեկտեմբեր 11,2010 00:00

Օլիգարխնե՞րը, թե՞ 30 հազար բնակչությունը

Այս տարվա հունիսի 25-ից սկսած, եւ սեփական, եւ «Էկոլուր» հասարակական կազմակերպության տեղեկություններով, 10 անգամ գրել ենք Սեւանա լճի մատույցներում, Սելիմի լեռնանցքի շրջանում գտնվող Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման մասին: ՀԷԿ-ի համար փոխվում է գետի հունը, որի հետեւանքով Գեղարքունիքի մարզի հինգ համայնք՝ Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, զրկվելու են ջրից: Արգիճի գետը այս հինգ համայնքների համար ոռոգման ջրի միակ աղբյուրն է: Գյուղերում ապրում է 26 800 մարդ: Ոռոգման ողջ տարածքը 6 850 հեկտար է: Լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո պարզվեց, որ ՀԷԿ-ը ապօրինի է, բնապահպանության նախարարն էլ խոստացավ, որ այն կապամոնտաժվի:
Նոր ահազանգ «Էկոլուրից»: ՀԷԿ-ի ապամոնտաժման ուղղությամբ որեւէ գործողություն չի ձեռնարկվում: Միակ բանը, որ արել է ընկերությունը, հեռացրել է մետաղական խողովակները, որոնցով գետը պետք է հոսեր Վայոց ձոր: Ապամոնտաժման եւ տարածքը վերականգնելու ժամկետը, որը հստակեցվել էր մարզպետի՝ ընկերությանն ուղղված հանձնարարական նամակով, լրացել է դեռ նոյեմբերի 19-ին:
Ըստ «SOS. Արգիճի» խմբի ակտիվիստ Վարդան Գալստյանի, ապամոնտաժումը ձգձգվում է այն պատճառով, որ կառավարությանը եւ պետական այլ կառույցների ճնշում է օլիգարխների մի խումբ, որի մատը խառն է այս գործում:
«Զանգակ» հեռուստաընկերության լրագրող Վրույր Մալխասյանն էլ ասաց. «Ստացվում է, որ նախարարությունը չկարողացավ կամ էլ չցանկացավ կատարել վարչապետի հանձնարարականը: Գեղարքունիքի մարզպետարանը, չտիրապետելով համապատասխան մեխանիզմների, միայն նեղ գործառույթ կատարեց, այսինքն՝ տուգանեց ընկերությանը շինարարության թույլտվության բացակայության համար եւ հանձնարարական նամակ գրեց: Հարցը մնաց հենց այդ մակարդակում»: «Կշեռքի մի նժարին թանկարժեք ջուրն է, Սեւանը եւ 30 հազար բնակիչները, մյուսին՝ մասնավոր շահը: Մենք արդեն ցույց ենք տվել մեր վերաբերմունքն այս հարցի կապակցությամբ: Ցույց ենք տվել, որ կանգնած ենք մեր հողի, մեր ջրի համար: Մնում է, որ իրենց վերաբերմունքը ներկայացնեն իշխանությունները»,- ասացին տեղի բնակիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել