Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏՈՒՄ ՆԴԳՐԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"Հելսինկյան Եզրափակիչ ակտում ընդգրկված՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության մասին սկզբունքները բացարձակ արժեքային իմաստով եւ ի սկզբանե հավասարազոր են: Աստանայում վերջերս ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային տրամաբանությանը, նշեց. «Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետեւանքային կապը»: Կոսովոյի նախադեպը առիթ է դիտարկելու՝ արդյոք տարբեր հակամարտությունների պատճառահետեւանքային տրամաբանությունը այս սկզբունքներում չի՞ առաջացնում առաջնահերթությունների դրսեւորում: Որեւէ հակամարտության՝ իր առաջացման, զարգացման, դրա նկատմամբ կողմերի ցուցաբերած վերաբերմունքի եւ վարքագծի տեսանկյունից դիտարկումը հնարավորություն է տալիս բացահայտել այս երեք սկզբունքներում պատճառահետեւանքային տրամաբանությամբ հստակ դրսեւորվող առաջնահերթությունների առկայությունը:
Ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացներում, գլոբալիզացիայի առկայության պայմաններում, համընդհանուր անվտանգության ապահովման անհրաժեշտության տեսակետից առկա հակամարտությունների կարգավորման հարցում ուժի չկիրառման մասին սկզբունքը ձեռք է բերում որոշակի առաջնահերթություն: Միջազգային հանրությունը Աստանայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցուցաբերած իր մոտեցմամբ մի անգամ եւս հաստատեց ուժի չկիրառման մասին սկզբունքի կարեւորությունն ու նրան բնորոշ առանձնահատուկ, կանխորոշիչ նշանակությունը: Այս սկզբունքի անտեսումը կարող է հանդիսանալ հիմնավորված պատճառ մյուս երկու սկզբունքներից մեկը կամ մյուսը առաջնային դիտարկելու եւ առկա հակամարտությունը այդ սկզբունքի ոգուն ու տրամաբանությանը համապատասխան կարգավորելու համար:
Հակամարտությունները լինում են արտաքին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող երկրների միջեւ եւ ներքին՝ մի երկրի ներսում՝ հիմնականում էթնիկ հակամարտություններ: Երկրի՝ միջազգայնորեն ընդունված տարածքային ամբողջականությունը խաթարված կարող է համարվել, եթե այն հետեւանք է արտաքին ագրեսիայի: Ադրբեջանը նաեւ այս պատճառով է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր ռազմավարության առաջնային խնդիր եւ նպատակ համարում ամեն գնով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես արտաքին հակամարտություն, կամ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճ, այսպիսով երկրորդական դարձնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը: Հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի այս ժամանակահատվածում Հայաստանի կողմից այսօրվա սահմաններում Արցախի ճանաչումը կարող է հիմնավորում հանդիսանալ հակամարտությունը որպես տարածքային վեճի եւ արտաքին ագրեսիայի արդյունք նեկայացնելու Ադրբեջանի պնդումների համար:
Ներքին հակամարտությունները, ունենալով հիմնականում էթնիկ բնույթ, կախված կենտրոնական իշխանության՝ խնդրի նկատմամբ ցուցաբերած փաստացի վերաբերմունքից, իրականացված գործողություններից եւ հակամարտության զարգացումներից, կարող են հիմք հանդիսանալ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա հիմնախնդրի կարգավորման համար, հատկապես, եթե հակամարտության զարգացումները հանգեցնում են կողմերի նույն պետության սահմաններում հետագա համատեղ գոյատեւման փաստացի անհնարինության: Այս դեպքում պետության տարածքային ամբողջականությունը չի կարող խաթարված համարվել, քանի որ այդ պետությունը ժամանակին նույնպես գոյացել է ժողովրդի կամքի արտահայտման արդյունքում: Աստանայում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ջուղայի խաչքարերի օրինակով հիմնավոր կերպով ենթադրեց, թե Ադրբեջանի կազմում, անգամ ամենաբարձր ինքնավարության դեպքում, ինչ ճակատագիր կունենա Արցախի հայ ազգաբնակչությունը: Ադրբեջանի իշխանություններն այսօր մեկ խոսում են Ադրբեջանի կազմում Ղարաբաղին ամենաբարձր կարգավիճակ տալու մասին, մեկ սպառնում են ազատել «իրենց հողերը» հայերից. պետք է ենթադրել վերջիններիս բնաջնջման միջոցով: Եթե Ադրբեջանը իսկապես ուզում էր, որպեսզի Ղարաբաղը մնա իր կազմում, ապա Արցախի ժողովրդի մեջ գոնե վերջնականապես չպետք է սպաներ համատեղ գոյատեւման որեւէ հնարավորություն: Սակայն ութսունականների վերջին Ադրբեջանի նպատակը, ինչպես անցյալ դարասկզբին իր մեծ եղբոր նպատակը, մեկն էր՝ նրան պետք էր տարածք առանց ժողովրդի, եւ նա հետագա իր ողջ քաղաքականությունը կառուցեց եւ իրականացրեց հենց այդ տրամաբանությամբ: Այսօր արդեն նավթային դոլարներից առաջացած գլխապտույտը եւ նույն նպատակին հասնելու թյուրքական բնազդային մոլուցքը առաջնորդում են Ալիեւ կրտսերին՝ տարածաշրջանը ենթարկելու աննախադեպ աղետի: Անհաղթահարելի անջրպետը, որ Ադրբեջանի իշխանությունները առաջացրեցին հայերի եւ երկրի մյուս ազգաբնակչության միջեւ, այսօր ամեն հայկականի նկատմամբ բացահայտ ատելության սերմանումը եւ հակահայ ֆաշիզմի պետական մակարդակով իրականացվող քաղաքականությունը անհնարին եւ անդառնալի են դարձրել Ադրբեջանի եւ Արցախի համատեղ գոյատեւումը, միջազգային հանրության համար հանդիսանալով այս իրականությունը հաստատող եւս մի հիմնավորված ապացույց:
Նշված իրավիճակը որեւէ հակամարտության հետեւանքով ագրեսիայի ենթարկված կողմի համար հիմնավորված պայմաններ է ստեղծում ապացուցելու համար, որ ընդունակ է ժողովրդի կամքի ազատ արտահայտման, ինքնորոշվելու, ժողովրդավարական ինքնակառավարման եւ իր նորաստեղծ երկրի զարգացման ապահովման միջոցով տնօրինել իր ճակատագիրը՝ դառնալով միջազգային իրավունքի լիիրավ մասնակից եւ նրա հանրության մասը: Նույն տրամաբանությամբ առաջնորդվեց նաեւ Հաագայի միջազգային դատարանը՝ վերջերս Կոսովոյի մասին կայացրած իր որոշմամբ: Նշված հիմնավորումները ի մի բերելով, կարելի է անել հետեւություն՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքների կիրառումը պետք է հիմնավորվի՝ ելնելով յուրաքանչյուր կոնկրետ հիմնախնդրի առաջացման եւ զարգացման առանձնահատկությունից եւ դրա պատճառահետեւանքային տրամաբանությունից:
Այս տեսակետից առաջնային նշանակություն է ձեռք բերում առկա ներքին որեւէ հակամարտություն առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ միջոցներով եւ ժողովրդավարական արժեքների հիման վրա կարգավորելու եւ դրանով կողմերի հետագա համատեղ գոյատեւման հնարավորությունը չբացառելու, նրանց կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված պատրաստակամության ու պատասխանատվության ցուցաբերմամբ, անհրաժեշտ ջանքերի ներդրմամբ եւ բարի կամքի դրսեւորմամբ: Որեւէ հակամարտության կարգավորման նկատմամբ կողմերի այսպիսի մոտեցման դրսեւորման բացակայության պարագայում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքը ձեռք է բերում առաջնահերթություն, եւ դրա կիրառման համար ստեղծվում է հիմնավոր իրավիճակ, որը, ինչպես Կոսովոյի դեպքում, պետք է արժանանա միջազգային հանրության աջակցությանը:
Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ որպես ներքին հակամարտություն, բաղկացած է որակապես տարբեր երկու՝ Ադրբեջանի ՍՍՀ եւ Ադրբեջանի Հանրապետության ժամանակահատվածները ընդգրկող փուլերից: Այս փուլերի առկայությունը իր պատճառա-հետեւանքային տրամաբնությամբ եւ հակամարտության կողմերի պատասխանատվության եւ իրավունքի տեսակետից ենթադրում է հակամարտության կարգավորման նկատմամբ համապատասխան վերաբերմունքի առկայություն եւ փաստացի հիմնավորումների կիրառում: Եթե մինչեւ Ադրբեջանի անկախացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ հանդես էր գալիս ԼՂԻՄ-ը՝ իր ՍՍՀՄ ժամանակահատվածում ձեւավորված տարածքներով, ապա ԼՂԻՄ-ի դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ագրեսիայի եւ ցեղասպանության իրականացման փորձի արդյունքում, հաղթանակելուց հետո, հակամարտության կողմ է հանդես գալիս նորաստեղծ ԼՂՀ-ն՝ իր անկախության հռչակումից հետո ձեւավորված տարածքներով: Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման տեսակետից Արցախի եւ Ադրբեջանի սահմանամերձ տարածքների ձեւավորման հարցում վերջին խոսքը պատկանում է Արցախին: Բայց սա հիմնախնդրի դիտարկման այլ թեմա է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել