Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կուզենար որպես նախագահի թեկնածու առաջադրվել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին BBC-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը: 
«Դատելով նրանից, թե ես ինչ եմ լսել նախագահ Մեդվեդեւից, նա չի բացառում 2012թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը եւ նա որոշակիորեն դա ուզում է»,- ասել է Դվորկովիչը՝ հավելելով, թե՝ նախագահը դժվար թե այդքան լուրջ աշխատանքներ տաներ իր նախաձեռնությունները կյանքի կոչելու համար, եթե չպատրաստվեր առաջադրվել երկրորդ ժամկետի համար: «Այն նախագահը, որը պատրաստվում է մեկ տարի հետո պաշտոնաթող լինել, իրեն այլ կերպ է դրսեւորում: Կարծում եմ, ցանկացած մեկի համար, ով ուշադրությամբ հետեւում է, թե ինչ է անում Դմիտրի Մեդվեդեւը, պարզ կլինի, որ նա ուզում է մնալ երկրորդ ժամկետում եւս եւ շարունակել աշխատել այն բոլոր խնդիրների ուղղությամբ, որոնք նա մատնանշել է 2008-ին»,- ասել է Մեդվեդեւի օգնականը:
Որոշ վերլուծաբանների եւ քաղաքական գործիչների դիտարկումներով, սակայն, 2012-ին Կրեմլ կվերադառնա ազդեցիկ Վլադիմիր Պուտինը, որը 2008-ից զբաղեցնում է ՌԴ վարչապետի պաշտոնը: Մեդվեդեւի օգնականը չի բացառել նաեւ իրադարձությունների զարգացման այդ տարբերակը, բայց նշել է, որ վարչապետն ու նախագահը կխորհրդակցեն միմյանց հետ այն հարցի շուրջ, թե իրենցից ով առաջադրի իր թեկնածությունը: Նա շեշտել է նաեւ, թե այդ հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չի ընդունվել: Դվորկովիչը ընդգծել է, թե Մեդվեդեւը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի մինչեւ 2012թ.-ն մոդեռնիզացիայի իր նախագիծը կյանքի կոչվի՝ անկախ այն բանից, թե կառաջադրի՞ նա իր թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այս տարվա դեկտեմբերին CNN-ի հաղորդավար Լարրի Քինգին տված հարցազրույցում, պատասխանելով ՌԴ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ  հարցին, հայտարարել էր, թե «դրա մասին խոսելը դեռ վաղ է»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել