Լրահոս
Օրվա լրահոսը

Խորվաթիայի նախկին վարչապետը հետախուզման մեջ է

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"Խորվաթիայի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել  այդ երկրի նախկին վարչապետ Իվո Սանադերայի նկատմամբ: Վերջինս անցած շաբաթ Խորվաթիայի խորհրդարանի որոշմամբ զրկվել էր իրավաբանական անձեռնմխելիությունից: BBC-ի փոխանցմամբ, նրա նկատմամբ  հետաքննություն է սկսվել կոռուպցիայի մեղադրանքով: Նախկին վարչապետը հասցրել է լքել երկիրը, բայց եւ հայտարարել է, թե դա արդարադատությունից փախուստ չէ:
Սլովենիայի սահմանը Սանադերը հատել է հինգշաբթի օրը, երբ երկրի խորհրդարանը, որի պատգամավորն է նա, քննարկում էր նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Երկրի վարչապետի պաշտոնը նա զբաղեցրել է 2003-2009թթ.- ին, իսկ 2009-ի հուլիսին անսպասելիորեն պաշտոնանկ է արվել: Այս տարվա հունվարին Սանադերը հեռացվել էր իշխող «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» կուսակցությունից, ինչից հետո աշխատել էր խորհրդարանում՝ որպես անկախ պատգամավոր: Վերջին շրջանում, սակայն, կոռուպցիայի գործը հետաքննող մարմինը կենտրոնացել էր Սանադերի վարչապետության օրոք նրա գլխավորած կառավարության կազմում աշխատած կուսակցական պաշտոնյաների վրա:
Երկուշաբթի օրը Սանադերի գլխավորած կառավարության անդամ, 2003-2007թթ.-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Բերիսլավ Ռոնչեւիչը, կոռուպցիայի մեղադրանքով, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Նախկին վարչապետը խորվաթ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որի նկատմամբ հետաքննություն է սկսվել: Այդուհանդերձ,  նրա դեմ պաշտոնապես մեղադրանք դեռ չի առաջադրվել: Երկրի ՆԳՆ ներկայացուցչի ասելով, այն ժամանակ, երբ նախկին վարչապետը հատել է Խորվաթիայի սահմանն ու հեռացել է երկրից, իրենք վերջինիս ձերբակալելու համար որեւէ իրավական հիմք չեն ունեցել: «Ես գնացել եմ նախապես ծրագրված գործուղման եւ, իհարկե, կվերադառնամ»,- խորվաթական թերթերից մեկի հարցադրմանն ի պատասխան SMS- ի միջոցով հայտարարել է նախկին վարչապետը: Առայժմ հայտնի չէ՝ նախկին վարչապետը դեռ Սլովենիայո՞ւմ է, թե՞ ուր, բայց հինգշաբթի ուշ երեկոյան նրա փաստաբանն ասել է, թե Սանադերը Խորվաթիա կվերադառնա 3-4 օրերի ընթացքում:
Ընդսմին, երկրի նախագահ Իվո Իոսիպովիչը հայտարարել է, թե Սանադերի մեկնումը երկրից «համակարգի լուրջ պարտությունը եղավ: Այդ դեպքը ցույց կտա՝ Խորվաթիայում գործո՞ւմ է կատարած արարքների համար պատասխանատվության համակարգը, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ Խորվաթիան հավակնում է դառնալ Եվրամիության անդամ, իսկ այդ կազմակերպությունը երկրի իշխանությունների նկատմամբ ճնշումներ է բանեցնում՝ պահանջելով կոռուպցիայի դեմ պայքարում կտրուկ միջոցներ ձեռնարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել