Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի պատճառով

Դեկտեմբեր 11,2010 00:00

Մայրաքաղաքին կպած Գետափնյա գյուղը զրկվել է ոռոգման ջրից՝ Երեւանում հողազավթումների եւ կառուցապատումների արդյունքում, պետությունը՝ բան չի անում:

Արարատի մարզի Գետափնյա գյուղը Երեւանին կպած է նաեւ ուղղակի իմաստով: Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասից դեպի  Չարբախ  գնացողները Գետափնյա գյուղի միջով են անցնում: Սակայն Գետափնյայի բնակիչները ոչ միշտ են ուրախ մայրաքաղաքին մոտ լինելու համար: Հենց մայրաքաղաքի պատճառով գյուղում սրվել է ոռոգման ջրի հարցը:
Մոտ երեք տասնյակ գետափնյացիները մեր միջոցով ուզում են դիմել վարչապետին եւ պնդում են, որ, սկսած 2003 թվականից, երբ համայնքի ավագանու որոշմամբ Գետափնյա համայնքի հողային հունով ներտնտեսային 8 կմ ջրանցքը հանձնվել է «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանը, ջրի հարց է առաջացել: «Մինչ այդ լրիվ անխափան աշխատող մայր առուն միանգամից շարքից դուրս է եկել: «Մասիս» ՋՕԸ պատճառաբանում է, թե մայր առվի գլխամասային հատվածը՝ 5 կմ, անցնում է Երեւանի տարածքով եւ վերահսկելը անհնարին է, առվի ափերը կառուցապատվել են, ինչը լրիվ խափանել է առվի շահագործումը: Ավելին՝ լրիվ անհնար են դարձել նաեւ առուն նորից շահագործելու «Մասիս» ՋՕԸ-ի բոլոր ջանքերը, քանի որ կառուցապատողները մշտապես կանխել են եւ զենքի սպառնալիքի տակ հեռացրել: Հարգելի պարոն վարչապետ,  Հայաստանում պատահական մարդիկ զենքով կանխում են պետական պաշտոնյայի գործունեությունը: Սա՞ է մեր ազատ անկախ հանրապետությունը»,- հայտարարում-հարցնում են Գետափնյա գյուղի բնակիչները: Նկատենք, որ մի հարցում Գետափնյայի բնակիչները սխալ են՝ Հայաստանում պատահական մարդիկ չեն կարող արգելված գոտիներում շինարարություն իրականացնել, զենքով սպառնալ եւ մնալ անպատիժ:
Դառնանք գյուղի ջրանցքի եւ ջրի հարցին: Նախքան մեր միջոցով վարչապետին դիմելը, Գետափնյայի բնակիչները դիմել են «Մասիս» ջրօգտագործողների ընկերությանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին: Երկուսն էլ պատասխանել են, որ ջրանցքի՝ Երեւանով անցնող հատվածի ափերը կառուցապատվել են, եւ արդյունքում՝ ջրանցքի շահագործումը դարձել է տեխնիկապես անհնարին: «Մասիս» ՋՕԸ-ն նշել է, որ եղել են ջրանցքի ափերի հողազավթումներ: Թե ինչու «Մասիսը» կամ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իրավապահներին չեն դիմել Գետափնյայի ջրանցքը «ազատագրելու» համար՝ գյուղում չգիտեն: Փոխարենը՝ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն եւ  «Մասիս» ՋՕԸ-ն առաջարկում են, որ համայնքը վերանորոգի ոռոգման ներտնտեսային համակարգը, քանի որ իրենք կառուցել են պոմպակայան, իսկ «Մասիս» ՋՕԸ-ն էլ Գետափնյայի ջրանցքը ձեռքով եւ տեխնիկայով մաքրելու, սարքավորումների ընթացիկ նորոգման, վթարների վերացման եւ այլնի համար միայն այս տարի 3,8 միլիոն դրամ է ծախսել:
Գետափնյայի գյուղապետ Հակոբ Դալլաքյանը մեզ հետ զրույցում, կիսելով համագյուղացիների մտահոգությունը, ասաց, որ համայնքը ոռոգման համակարգի նորոգման համար բավարար փող չունի, դիմել է մարզպետարան եւ կառավարություն՝ օգնության ակնկալիքով: «Մեծ գումար պետք չի, գոնե տեխնիկայի վառելիքը տան, բայց սայլը տեղից չի շարժվում»,- ասաց Գետափնյայի գյուղապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել