Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՂԵՐՈՒՄ

Դեկտեմբեր 11,2010 00:00

«ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի»՝ թղթի վրա մնացած եւ դարակներում փոշոտվող հերթական փաստաթուղթը դառնալու բոլոր նախադրյալները կան:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիան հավանության է արժանացրել «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի» նախագիծը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մինչեւ դեկտեմբերի 13-ը նախագիծը կներկայացվի կառավարության հաստատմանը: Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ կառավարությունն էլ իր հերթին հաստատի «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգը»:
Ըստ ՏԿ նախարարության, զարգացման անհամաչափություններ կան բոլոր երկրներում, ու «զարգացման այս փուլում մեր երկրի համար հատկապես կարեւորվում է այնպիսի քաղաքականության մշակումն ու կիրառումը, որը ոչ միայն չի խորացնում զարգացման անհամաչափությունները, այլ նաեւ տարածքների համաչափ զարգացում է ապահովում»։ 32-էջանոց փաստաթղթում բավականին մանրամասն վերլուծված է Հայաստանի այսօրվա վիճակը: Մայրաքաղաք-մարզեր զարգացման անհամաչափությունները ներկայացված են օրինակներով ու աղյուսակներով՝ սկսած մեկ շնչի հաշվով պետական բյուջեից արված ներդրումներից, Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն, ձեւավորող ցուցանիշներից, վերջացրած տնտեսական զարգացման տարբերությունների վերլուծություններով եւ Միավորված ազգերի կազմակերպության հետ համատեղ իրականացված հետազոտություններով:
«ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի» հեղինակները բացահայտել ու փաստաթղթում ներկայացրել են տեսանելի բոլոր մարտահրավերները: Օրինակ, որ «անհամաչափ տարածքային զարգացումը նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության անցանկալի արտահոսքին ու քաղաքային համայնքներում, հատկապես՝ Երեւանում կենտրոնացմանը», կամ «Վայոց ձորի մարզը ունի ամենացածր աղքատության մակարդակը, մինչդեռ, ըստ տնտեսական ցուցանիշների, արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության, շինարարության գումարը մեկ շնչի հաշվով ամենափոքրերից է»: Նաեւ ուսումնասիրել են տարածքային զարգացման քաղաքականության մշակման եւ իրականացման միջազգային փորձը, ըստ իրենց, Հայաստանի Հանրապետության հետ համեմատելի երկրներում՝ Էստոնիա, Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա:
«ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի» հեղինակները չեն բավարարվել միայն խնդիրների վերհանմամբ: 2011-2015թթ. հատվածի համար ժամանակացույց են կազմել եւ քայլեր են առաջարկում: Օրինակ, «մարդկանց սպառողական ծախսերի վրա տարածքներում մարդկանց կենսամակարդակը եւ կյանքի բարեկեցությունը բարձրացնելու նպատակով պետության կողմից սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ներդրումները անմիջապես չեն ազդում: Հետեւաբար տարածքներում աղքատության հաշվարկի հիմքում առաջարկվում է դնել ոչ թե անհատի սպառումը, այլ Միավորված ազգերի կազմակերպության կողմից որդեգրված մարդկային զարգացման սկզբունքները՝ տվյալ տարածքում բարեկեցիկ կյանքի, կրթական, առողջապահական որոշակի մակարդակի ապահովումը (մարդկային աղքատություն) եւ նյութական որոշակի բարեկեցություն ունենալու եւ խոցելի խմբերի նյութական հնարավորությունների ընդլայնումը (եկամտային աղքատություն): Նշված սկզբունքների կիրառումը հնարավորություն կտա հաշվարկել տնտեսական զարգացման ցուցանիշների, մասնավորապես՝ ներդրումների ազդեցությունը աղքատության մակարդակի վրա»: Հայեցակարգի հեղինակները նկատել են, որ «տարածքային զարգացման նպատակներն իրագործելու գործիքներից են տարածքային զարգացման հիմնադրամները, ներդրումները, սուբսիդիաները, վարկերը, ուղղակի ներդրումները, պետական եւ տեղական տուրքերը, երաշխիքները եւ արժեթղթերը»: Ինձ հատկապես հետաքրքրեցին երաշխիքները: Մնացածը պետությունը կարող է ապահովել, իսկ ահա երաշխիքներ՝ կասկածում եմ: Ու կապացուցեմ:
Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» դրամայի հերոսը հարցնում էր՝ «Իսկ ովքե՞ր են դատավորները», թիֆլիսցի նեղճակատ կինտոն վստահ էր, որ կադրերն են որոշում ամեն ինչ: Իսկ ովքե՞ր են Հայաստանի կադրերը տեղերում՝ մարզպետներ. քաղաքապետեր ու գյուղապետեր:
Սյունիքի մարզպետը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ «ձեռք-ձեռքի» գործարար Սիլվա Համբարձումյանից հանք են խլում ու սեփական գործարան կառուցում, ո՞ւր է երաշխիքը, որ այլոցից չեն խլի: Իրականում այլք, Սիլվա Համբարձումյանի փորձը տեսնելով, պարզապես ներդրում չեն անի:
Հայաստանի Հանրապետությունը, արհամարհելով սյունեցիների՝ նաեւ Կապան, Քաջարան, Լեռնաձոր համայնքների ավագանիների բացասական կարծիքը, Սյունիքում ուրան է արդյունահանում, ու մարդիկ էլ հեռանում են գյուղից, ո՞ւր է երաշխիքը, որ որեւէ մեկը պատրաստ է ներդրումներ անել դատարկվող մարզում:
Երաշխիքների բացակայության այսպիսի օրինակներ կան նաեւ Տավուշում, որտեղ եւս սահմանամերձ գյուղերը դատարկվում են, Կոտայքում՝ որտեղ մարզպետը իր հարազատներին է նվիրել բոլոր պաշտոնները եւ մնացած մարզերում: Գումարած գյուղապետեր ու քաղաքապետեր, որոնց «քաջագործությունների» մասին լուրերով մամուլը հեղեղված է:
Մեր մարզպետները իրենց շեյխիկ են երեւակայում, ինչ ուզում՝ անում են ու ժողովրդավար Հայաստանում մնում անպատիժ: Չկան երաշխիքներ, որ տարածքային զարգացման որեւէ ներդրում-ծրագիր չի դառնա մարզպետի բաժին: «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգի» հեղինակները հաշվի են առել ամեն ինչ, բացի մարդկային ռեսուրսից: Իսկ այսօրվա մարդկային ռեսուրսի պարագայում «ՀՀ տարածքային զարգացման հայեցակարգը» մնալու է թղթի վրա:
Հ. Գ. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հայտարարում է, որ հայեցակարգի նախագիծը բաց է քննարկումների եւ առաջարկությունների համար: Ցանկության դեպքում, այս հրապարակումը թող դիտվի որպես առաջարկություն՝ հայեցակարգում մարդկային ռեսուրսն էլ հաշվի առնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել