Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ողորմություն չեմ խնդրում

Դեկտեմբեր 11,2010 00:00

Բաց  նամակ Արթուր Բաղդասարյանին

Պարոն Բաղդասարյան, ստիպված եմ երրորդ դիմումը Ձեզ ուղարկել՝ ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եւ պահանջում եմ, որ Դուք հստակ եւ լիարժեք պատասխանեք:
Ազգային անվտանգությունը պետության այն կառույցն է, որտեղ խոսքը պետք է լինի խոսք, իսկ գործը՝ գործ: Բայց, ինչպես երեւում է, պետության այդ ամենապատասխանատու կառույցը վերածվել է գովազդային գործակալության եւ Ձեր շռայլ խոստումները՝ ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին, չեն համապատասխանում իրականությանը: Ձեզ իմ 2 դիմումներում էլ, ըստ Ձեր ամպագոռգոռ հայտարարության, օրենքի սահմանված կարգով  շատ պարզ եւ հասկանալի կերպով ներկայացրել էի իմ սոցիալական անապահով վիճակը, որ 2-րդ խմբի հաշմանդամ եմ, անկողնային, հիվանդության էպիկրիզը Ձեզ ամեն ինչ ասած կլիներ, որը հիմա էլ եմ ուղարկում եւ Ձեզանից ողորմություն չեմ խնդրում, այլ պահանջում եմ, որ լինեք Ձեր խոսքի տերը. իմ եւ  հանգուցյալ ամուսնուս դառը քրտինքով վաստակած եւ խնայբանկում ներդրված ավանդներն անհապաղ վերադարձրեք:  Հանգուցյալ ամուսինս, միջոցների բացակայության պատճառով, համապատասխան բուժում չստացավ եւ իր մահկանացուն կնքեց այս աշխարհից: Նրա գերեզմանը, որն ինձ համար սրբություն է, չեմ կարողանում մինչ օրս կառուցել: 33 տարեկան տղաս, ում անունով, երբ 10 տարեկան էր, ավանդ ներդրեցինք բանկում, այսօր հազիվ է ծայրը ծայրին հասցնելով՝ ինձ խնամում եւ ամուսնության մասին մտածելն անգամ ավելորդ է համարում: Երբ աշխարհից պահանջում եք հայկական ցեղասպանության ճանաչումը, եւ հիմա մեր իսկ ազգի կողմից ենք ցեղասպանվում եւ իրականություն դարձնում երիտթուրքերի  բաղձալի երազանքը, երբ ընտանիքներ կազմավորվելու փոխարեն, ստեղծված ընտանիքներն էլ սոցիալական անապահովությունից քայքայվում են, եւ գաղտնիք էլ չէ, որ մահն ավելի շատ է, քան ծնունդը, Դուք ինչ է, դա չգիտե՞ք, թե՞ չեք տեսնում: Շատ չեմ ուզում մանրամասնել, հուսով եմ, որ  Դուք այդ բոլորը շատ լավ  գիտակցում եք, եւ իմ նախորդ դիմումներով այդ բոլոր մանրամասները ներկայացրել էի եւ նախարարության պաշտոնական կայքում էլ կա: Հույսով եմ, որ այս դիմումը կլինի վերջինն այն առումով, որ վերջապես ինձ կտրվի հստակ պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել