Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն

Դեկտեմբեր 11,2010 00:00

Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի ենք լսում եւ կարդում ինքնասպանությունների մասին: Խնդրում եմ բացատրել՝ ովքեր եւ ինչու են կամովին հեռանում կյանքից:

Ինքնասպանություններ եղել են բոլոր դարերում եւ երկրներում: Այն միշտ համարվել է ոչ նորմալ, անբնական երեւույթ, պարսավվել է հասարակության կողմից, որակվել ոչ աստվածահաճո արարք: Տարբեր երկրներում ինքնասպանությունների թիվը տարբեր է: Այն կախված է քաղաքակրթության զարգացման աստիճանից, ազգային պատկանելությունից, կրոնական դավանանքից, սոցիալական պայմաններից, աշխարհագրական դիրքից, տարվա եղանակից եւ այլն: Աշխարհում տարեկան ինքնասպանություն է գործում շուրջ 1 միլիոն մարդ:
Հայաստանում տարեկան ինքնասպան է լինում շուրջ 500 մարդ, այդ թվում՝ դեռահասներ: Ինքնասպանության խնդրով զբաղվում են հոգեբույժները, հոգեբանները, սոցիոլոգները, իրավաբանները, փիլիսոփաները: Սակայն այն եղել եւ մնում է առաջին հերթին հոգեբուժական խնդիր:
Ինքնասպանությունների հարցում հոգեբույժները բաժանվում են 2 խմբի: Առաջինները ընդունելի են համարում այն կարծիքը, թե ինքնասպանություն կարող է կատարել նաեւ միանգամայն առողջ մարդը, եթե նա հայտնվում է ծանր հոգեբանական իրավիճակում, երկրորդ խումբը գտնում է, որ ինքնասպանություն կարող է կատարել միայն ու միայն հոգեկան խաթարման վիճակում հայտնված մարդը: Ընդ որում, այդ խաթարումը կարող է լինել արդյունքը դանդաղ ու աննկատ ընթացող հոգեկան հիվանդության կամ սուր եւ հանկարծահաս հոգեկան խանգարման:
Այսպես, ինքնասպանություն կարող են կատարել շիզոֆրենիայով, դեպրեսիայով, ռեակտիվ փսիխոզով, ծերունական փսիխոզով, փսիխոպաթիայով, ալկոհոլիզմով, թմրամոլությունով տառապող անձինք:
Դրանք այնպիսի հիվանդություններ են, որոնց ժամանակ լինում են հետապնդման, խանդի, ինքնամեղադրման, ինքնանվաստացման, հիվանդամոլական զառանցական մտքեր, լսողական հրամայողական ցնորքներ, տրամադրության խոր անկում, ծանր վշտի ու թախծի, ավելորդության ու անելանելիության զգացում եւ այլն, եւ այլն:
Այնպես որ, եթե ձեր հարազատի, մտերիմի, ընկերոջ մոտ նկատում եք տրամադրության չպատճառաբանված տատանումներ, տխրություն, թախծոտություն, կյանքի ու մահվան մասին հոռետեսական խորհրդածություններ անելու հակում, մեռնելու անխուսափելիության ու ցանկալիության մասին տարօրինակ մտքերի առկայություն, ապա անհապաղ, նրա հետ կամ առանց նրա, այցելեք ձեր տարածքային հոգեբույժին կամ հոգեթերապեւտին եւ ամենայն մանրամասնությամբ պատմեք ձեր կասկածներն ու տագնապները:
Հիշե՛ք, որ հոգեկան խանգարումները հաճախ ուղեկցվում են ինքնաքննադատության բացակայությամբ, եւ հիվանդները, նշույլ անգամ չկասկածելով, թե իրենց մոտ առկա է հոգեկան խանգարում, խուսափում են բժշկի դիմելուց: 
Երբեք մի՛ փորձեք ձեզ համար հասկանալի պատճառաբանություններով եւ հոգեբանորեն բացատրել հիվանդի մոտ առկա հոգեվիճակը, թե «սխալ դաստիարակության արդյունք է», «անցումային տարիքից է», «երեւի սիրահարված է», «կյանքը չի դասավորվել», «աշխատանք չունի» եւ այլն:
Բժշկի հետ հենց առաջին զրույցից պարզություն կմտնի ձեր կասկածների մեջ, եւ գուցե թե միասին հասցնեք հիվանդին փրկել անխուսափելի ողբերգությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել