Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ՝ ԸՍՏ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ

Դեկտեմբեր 11,2010 00:00

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում քրեակատարողական վարչության վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թ. հունիս ամսվա դրությամբ, ԱՆ ՔԿՀ-ներում պահվում է 67 օտարերկրյա եւ ԱՊՀ 71 քաղաքացի հանդիսացող դատապարտված անձ: Ենթադրաբար կարելի է ասել, որ այս տվյալները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, շատանում կամ քչանում: Օտարերկրյա քաղաքացիների դատապարտման պատճառները տարբեր են: Ինչպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանները հավաստիացրին մեզ հետ զրույցում, փորձը ցույց է տվել, որ հատկապես մեծ թիվ են կազմում թմրամիջոցների ներկրմամբ ու արտահանմամբ, ապօրինի սահմանի հատմամբ պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի պաշտպանությունները:
Հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանն այժմ իրականացնում է ՀԿԳ քննչական վարչության վարույթում քննվող իրանցի մի քաղաքացու պաշտպանություն: Երեւանի բուհերից մեկում սովորող իրանցի քաղաքացին, ըստ մեր զրուցակցի, մեղադրվում է թմրանյութ պահելու մեջ: Կ. Մանուչարյանը չհրապարակեց իր պաշտպանյալի անուն-ազգանունը, կեցության տվյալները, քանի որ այդ կերպ կբացահայտվի նախաքննության գաղտնիքը: Միայն հայտնեց, որ անազատության մեջ գտնվող մեղադրյալը չի կարող գոհ լինել իր կարգավիճակից եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, որն էլ պաշտպանական կողմը փորձում է ապացուցել, թեեւ նրա նկատմամբ խտրական վերաբերմունք չի կիրառվել համապատասխան ծառայությունների կողմից: Կ. Մանուչարյանի ասելով՝ ուսանող իրանցու իրավունքները հնարավորինս պաշտպանված են, քանի որ ամենակարեւորը՝ նա ունի հանրային պաշտպան եւ թարգմանիչ, քանի որ չի տիրապետում դատավարական լեզվին՝ հայերենին:
Հանրային պաշտպան Ամալյա Ավագյանի ներկայացմամբ՝ մեկ այլ պաշտպանի հետ համատեղ անցյալ տարի իրականացրել ու կիսատ են թողել ռումինացի 3 քաղաքացիների՝ 1 աղջկա եւ 2 տղայի պաշտպանությունը, քանի որ մեղադրյալները քրգործի ընթացքում ցանկացել էին վճարովի հիմունքներով պաշտպան ունենալ: Ռումինացի «ձախորդներին» հաջողվել էր պատկառելի չափերի գումար հափշտակել հայաստանյան բանկոմատ-դրամարկղերից, սակայն բռնվելով՝ չէին հասցրել «վայելել» ավարը: Ըստ Ա. Ավագյանի, նախաքննական մարմինը խտրական էր վերաբերվել միայն ռումինացի աղջկա նկատմամբ, որը դատարանում արդարացվեց ու ազատ արձակվեց: Նա հանցագործությանն ուղղակիորեն մասնակից չէր եղել: Տիկին Ավագյանն ընդգրկված է եղել այս տարի մաքսանենգության գործով: Մեղադրվել են 2 եղբայրներ՝ ազգությամբ ադրբեջանցի եւ Վրաստանի քաղաքացիներ: Ըստ պաշտպանի, եղբայրներից մեկը ակնհայտորեն անմեղ է եղել, չի իմացել, թե ինչպես է եղբոր կողմից մաքսանենգվում որոշակի դեղորայք: Հանրային պաշտպանն անմեղ եղբոր մասով բողոքարկել է մեղադրանքն ու խափանման միջոցը, եւ դատապարտված եղբայրների գործն այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում:
Հանրային պաշտպան Հենրիկ Բաղդասարյանը վերջերս իրականացրել է իրանցի, մասնագիտությամբ իրավաբան քաղաքացու պաշտպանությունը: Իրավաբան իրանցին Վրաստան մեկնելու նպատակով Մեղրիի սահմանակետից Հայաստան է անցել խոշոր չափի գումար ունենալով: Հայաստանի օրենքներից անտեղյակ իրանցին տուգանվել է, թեեւ, ըստ պաշտպանի, հանցակազմը ձեւական է եղել:
Փաստաբան Աննա Ջուվանովան վարել է օտարերկրյա քաղաքացի, ապօրինի թմրադեղ ձեռք բերելու եւ իրացնելու փորձի մեջ մեղադրվող Մուհամադ Ալի Մուհամադ Յասանի քրեական գործով պաշտպանությունը: Հանրային պաշտպանը իրանցու կողքին է եղել խափանման միջոցի ընտրման պահից եւ արձանագրել, որ նրա իրավունքները խախտվել են դեռեւս քրգործում ոչ պատշաճ թարգմանիչ ներգրավելու պահից սկսած: «Այդ թարգմանիչի մասին տեղեկություն չունենք, թե ի՞նչ թարգմանիչ է եւ արդյո՞ք ունի համապատասխան որակավորում ՀՀ արդարադատության նախարարության կողմից»,- հայտնեց հանրային պաշտպանը: Ա. Ջուվանովան փաստում է, որ ինքն ընդհանրապես դեմ է եղել առաջադրված մեղադրանքին՝ «Ավտոբուսի մեջ հայտնաբերել էին ափիոն տեսակի թմրադեղ, որը, իբր թե, պաշտպանյալիս պիջակի գրպանում է եղել: Պիջակը նրա հագին չի եղել: Այն հայտնաբերել են ավտոբուսի պահեստային մասում, երկու անգամ խուզարկել ու ափիոնը չեն հայտնաբերել, երրորդ անգամ հայտնաբերել են»: Թեեւ պաշտպանը միջնորդել է, որ կարճվի քրեական գործի վարույթը, սակայն Սյունիքի մարզի դատարանում ամբաստանյալը համաձայնել է առաջադրված մեղադրանքին եւ պահանջել արագացված դատաքննություն՝ դատապարտվելով 4 տարի պատժաչափով: Ըստ պաշտպանի, այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող օտարերկրացուց վերաքննիչ բողոք չի բերվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել