Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄՌԱՆՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը վարել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ նա հանձնարարել է, որ մեծ ուշադրություն դարձվի ձմռան նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Նրանք նշում են, որ վարչական շրջաններում մոտ 1000 տոննա աղ եւ 2000 տոննա ավազ արդեն կա պահեստավորված, սակայն Տ. Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում պաշարները համալրել, որպեսզի ցանկացած պահի պատրաստ լինեն: Իսկ կրթության վարչության պետին պարոն Մարգարյանը հանձնարարել է հետեւել, որպեսզի կրթական հաստատություններում դրամահավաքներ տեղի չունենան. «Դպրոցներն ու մանկապարտեզները խիստ հսկողության տակ պետք է լինեն, որպեսզի այս տոնական օրերին դրամահավաքներ չլինեն»:
Բացի այդ, զեկուցվել է, որ դեկտեմբերի 7-ի դրությամբ համաքաղաքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 88 տոկոս: Նկատի առնելով, որ աշխատանքային տարվա ավարտին մնացել է 16 աշխատանքային օր, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է՝ այդ օրերի ընթացքում ապահովել սեփական եկամուտների հավաքագրումը 100 տոկոսով:
Նշենք, որ Երեւանի ավագանին արտահերթ նիստն անելու է դեկտեմբերի 13-ին եւ որոշելու, թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Գագիկ Բեգլարյանին՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Ըստ մի շարք ոչ պաշտոնական հրապարակումների, Երեւանի պոտենցիալ քաղաքապետերի ցուցակում քննարկվում են Դերենիկ Դումանյանի, Տարոն Մարգարյանի եւ «ՀայՌուսգազարդի» հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Կարապետյանի անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել