Դրա համար էլ հայկական տուրգործակալությունները զբոսաշրջիկներին դեռ փակ ափերով Շարմ էլ Շեյխ են ուղարկում:
Արդեն 10 օր է՝ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի լողափերում աննախադեպ իրարանցում է. կատաղի շնաձուկը զբոսաշրջիկներին օր ու արեւ չի տալիս: Շնաձկան հարձակումից առաջինը տուժել են ռուս 3 զբոսաշրջիկ, որոնք, չնայած իրենց ստացած մարմնական լուրջ վնասվածքներին, ողջ են մնացել: Հաջորդ օրը շնաձուկը չէր խնայել նաեւ ուկրաինացի զբոսաշրջիկին՝ նրան եւս հոշոտելու փորձեր էր արել: Այս դեպքերից անմիջապես հետո ծովափում լողալն արգելվեց, բայց զբոսաշրջիկներին չկորցնելու գայթակղությանը չդիմանալով՝ տեղի ղեկավարությունը դեկտեմբերի 5-ի վաղ առավոտյան կրկին թույլատրեց ծովափում լողալ, սակայն նույն օրն էլ գրանցվեց 5-րդ հարձակման դեպքը. շնաձուկն արյունաքամ էր արել 70-ամյա գերմանացուն: Ըստ տարբեր լրատվամիջոցների, շնաձուկն սկսել է հարձակվել մարդկանց վրա, քանի որ նրա թին վնասվել է, որի հետեւանքով նա այլեւս չի կարողացել ծովում որս անել, ուստի սկսել է հարձակվել ծովափում հանգստացող մարդկանց վրա:
Դեպքերից հետո միջազգային տուրգործակալությունները դադարեցրին զբոսաշրջիկներին Շարմ էլ Շեյխ՝ ծովափնյա հանգստի ուղարկել, բայց արի ու տես, որ հայաստանյան մի շարք տուրգործակալություններ մեծ ոգեւորությամբ շարունակում են հայ զբոսաշրջիկներին գրավիչ հանգիստ խոստանալ նույն վայրում:
Թե ինչու է «Մարաթուկ» տուրգործակալությունը դեռ շարունակում ուղեւորություններ կազմակերպել դեպի Շարմ էլ Շեյխ, ընկերության ընդունարանից «Առավոտին» պատասխանեցին, որ ծովափերում հանգստանալ ցանկացողներին նրանք տուրփաթեթ են առաջարկում, իսկ արդեն տնօրենը, որը համառորեն չցանկացավ ներկայանալ, ասաց, որ երեկվանից դադարեցրել են Շարմ էլ Շեյխ ուղեւորափոխադրումը: Նշենք, սակայն, որ գրեթե բոլոր հեռուստաալիքներով շարունակվում են այս ընկերության կողմից առաջարկվող՝ դեպի Շարմ էլ Շեյխ տուրփաթեթների մասին գովազդները:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե այս ուղղությամբ տոմսեր գնած քաղաքացիների համար փոխհատուցում նախատեսե՞լ են, եթե, ասենք, նրանք չմեկնեն, «Մարաթուկ» ընկերության տնօրենը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ քանիսին ենք փոխհատուցելու, բայց բոլոր նրանք, ովքեր տոմսերը կվերադարձնեն, բոլորին էլ կփոխհատուցենք: Գնացողները չեն տուժում, Շարմ էլ Շեյխում չեն հանգստանա՝ մեկ այլ լողափում կհանգստանան»: «Magic time» տուրգործակալությունից էլ մեզ վստահեցրին, որ այս ծովափերն ընդամենը 3 օր են փակ եղել. «Դեկտեմբերի 4-ից գործում է, եւ հայ զբոսաշրջիկներն առանց մտավախության մեկնում են: 10 օրը մեկ 160 հոգու ենք ուղարկում: Ամեն ինչ նորմալ է, ծովափերը բաց են»: «Յունոնատուր» գործակալության ադմինիստրատոր Արմեն Գեւորգյանն էլ մեր հարցին ի պատասխան, թե իրենք զբոսաշրջիկներին ներկայումս առաջարկո՞ւմ են Շարմ էլ Շեյխում հանգիստ, պատասխանեց. «Էս դեպքերից հետո էլ ի՞նչ առաջարկենք, ծովափերը փակ են, բայց մեր հայերը, առանց մտածելու, կարող են այցելել այդ ծովափերը, փառք Աստծո, ակուլան դեռ հայի չի կերել, հայի միսը, դե, համով չէ, ռուսներինն է համով»: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ «Առավոտին» ասաց, որ յուրաքանչյուր զբոսաշրջային օպերատոր, զբոսաշրջիկին տուրփաթեթ հրամցնելուց առաջ, պարտավոր է տեղեկություն տրամադրել տվյալ երկրի սովորություններից սկսած՝ վերջացրած հիվանդություններով. «Սա օրենքն է պահանջում, համատեղ պարտադիր պայմանագրում զբոսաշրջիկին պետք է տեղեկացնեն՝ տվյալ երկրում խնդիրներ կան, թե ոչ, որ այնպես չլինի, որ զբոսաշրջիկը հետո անակնկալի գա»: Հաճա՞խ են արդյոք մեր զբոսաշրջային օպերատորները խաբում զբոսաշրջիկներին կամ առանց տեղեկացնելու վաճառում տուրփաթեթը, պարոն Ապրեսյանի խոսքով, նման դեպքերը շատ սակավաթիվ են, ու եթե նախորդ տարիներին մի քանի դեպք գրանցվել է ու նույնիսկ վարչական վարույթ է սկսվել, ապա այս տարի զբոսաշրջային օպերատորները խելքները գլուխներն են հավաքել: Տուրփաթեթներն իրացնում են օրենքով սահմանված նորմերով: