Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԳԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՑԵՐԵԿԸ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Մնացած ժամերին Մանկական երկաթուղու մոտի այգու ղեկավարությունը պաշտպանվում է էմոներից

\"\"
Հին գնացքի շարժիչը:

\"\"
Այգու երիտասարդ այցելուները կոտրել են աստիճանների բազրիքներին տեղադրված էլեկտրական լուսամփոփները:

Մանկական երկաթուղու այգու դարպասները վերջերս անընդհատ փակ են, եւ այնտեղ մուտք գործելը մեծ դժվարությունների հետ է կապված: Այս մասին «Առավոտին» օրերս դժգոհեցին այգում մարզումներ անցկացնող քաղաքացիները: Նրանց խոսքերով, իրենք ավելի քան 30 տարի այս այգում են մարզվել. «Բնականաբար, մեզնից առաջ էլ են եղել մարզիկներ, որ այստեղ են եկել, դա մի տեսակ ավանդույթ է արդեն, բայց վերջին 3 շաբաթվա ընթացքում այլեւս չենք կարողանում մեր ամենօրյա մարզումներն անցկացնել: Մենք՝ մարզիկներս, դեպի այգի եկող թունելով ոտքով վազելով գալիս էինք, Մանկական այգու միջով իջնում էինք ներքեւի գետի մոտ, որտեղ մարզվելու տեղ կա եւ սառը ջուր: Մարզվելուց հետո, ցանկացած եղանակի, մենք մտնում էինք այդ գետը, լողանում եւ կրկին նույն ճանապարհով վերադառնում, սակայն այլեւս չենք կարողանում մարզվել, այգի մտնող բոլոր մուտքերը փակ են: Մեր մարզվելու վայր տանող եւս մեկ ճանապարհ կա, բայց այն ամբողջությամբ փլված է»: Ըստ նրանց, այս ամենն արել է այգու նոր վարձակալը, որը որոշել է, որ մարդիկ իրավունք ունեն այս այգի մուտք գործել միայն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, շաբաթվա մնացած օրերին այգի մտնող բոլոր մուտքերը փակ են. «Այգին փակելու մասին որեւէ օրենք չկա: Չենք կարծում, որ նման բան անելու իրավունք ունի նոր վարձակալը: Բայց երբ մոտենում ենք այգու դարպասին, պահակն ասում է, որ այգին սեփականաշնորհվել է, եւ չի կարելի ներս մտնել: Աշխարհի ո՞ր երկրում նման բան կտեսնեք, որ այգին փակեն եւ քաղաքացիներին ներս չթողնեն»: Մարզիկներն իրենց դժգոհությամբ դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ պահանջելով այգին վարձակալած քաղաքացուն կարգի հրավիրել եւ թույլ տալ, որ իրենք ազատ մարզվեն, քաղաքապետարանից նրանց պատասխանել են, որ իրենք կզբաղվեն. այս 3 շաբաթվա ընթացքում ոչինչ չի փոխվել:
Նշենք, որ «Առավոտին» էին դիմել նաեւ մի շարք այլ քաղաքացիներ, որոնք հավաստիացնում էին, որ այգու նոր ղեկավարությունը սկսել է վաճառել այգու գույքը, օրինակ՝ մանկական հին գնացքը, որը 30 տարուց ավելի, որպես թանգարանային նմուշ, տեղադրված է գործող մանկական երկաթգծի հարեւանությամբ, իսկ մանկական երկաթգծի կայարանն ամբողջությամբ լցված է վառելափայտով ու անպետք իրերով:
Երեկ մենք այցելեցինք այս այգի: Մուտքը բաց էր, բայց մեքենա այնտեղով չէր կարող անցնել, չնայած նախկինում ազատ անցնում էր: Կարուսելներից ոչ մեկը չէր աշխատում, միայն մի քանի երիտասարդ զույգեր էին զբոսնում: Կայարանի եւ երկաթգծի տարածքում ինչ-որ շինարարական աշխատանքներ էին ընթանում, դրսի հատվածում փայտյա հին կահույք էր շարված: Հին գնացքի մի մասը փաթեթավորված եւ առանձին վայրում դրված էր:
Մի քանի րոպե անց եկավ Արմեն Գեւորգյանը, որ ներկայացավ որպես այգու սեփականատեր, հետո ասաց, որ այգու տարածքը վարձակալությամբ է վերցրել՝ 15 տարով, իսկ «վրայի եղած-չեղածը» իրենն է: Մեր հարցին, թե փակ լինո՞ւմ են այգու մուտքի դռները եւ եթե՝ այո, ապա՝ ինչո՞ւ, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Երեկոյան ժամերին փակում ենք, հետո առավոտյան 10-11-ի կողմերը բացում: Այստեղ եղած ամեն կարուսելն արժե մի քանի միլիոն, եթե դրա մի մասը գողացան-տարան, ո՞վ է բերելու տեղը դնի: Պահա՞կը»: Հարցին՝ եղե՞լ են գողության կամ այգու գույքին վնաս հասցնելու դեպքեր, նա պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի: Գալիս ենք, տեսնում, որ չմիացրած կարուսելների վրա նստած են ջահելները, չի կարելի, չէ՞: Երեւի տեղյակ եք այն ջահելների մասին, որ սատանիզմի «զնակներով» այստեղ են գալիս՝ էմոների մասին եմ ասում: Նրանք մեր կայարանի պատերին ինչ ասես՝ չեն գրում ու նկարում, ես ինչպե՞ս կարող եմ ամեն իրենց գրածից հետո ռեմոնտ անել: Դրա համար էլ փակում եմ, որ չգան, վնաս չտան: Վազողներն էլ թող գնան ուրիշ տեղ վազեն, խի՞ են հենց այստեղ գալիս: Մի օր էլ իրենց կարող ենք մեղադրել, չէ՞, այդ անկարգությունների համար: Թող ոչ գան, ոչ էլ մեղադրվեն: Այդ ջահելներին էլ չեմ թողնում, ասում եմ՝ սա մանկական այգի է, ոչ թե սիրահարների, բայց գալիս են: Անվտանգության աշխատակիցներ էլ չունեմ, միայն պահակն է, նա ի՞նչ անի»:
Ինչ վերաբերում է հին գնացքի փաթեթավորված մասին, ապա, ըստ Ա. Գեւորգյանի, դա գնացքի շարժիչն է, որը տանում են վերանորոգելու, ոչ թե վաճառելու կամ փոխանակելու. «Մեր այգին սեզոնային է, քանի որ հիմա այցելուներ չկան, դրա համար ենք որոշել հիմա տանել նորոգելու, որ աշխատող 2 գնացք ունենանք, ուրիշ բան չկա»:
Նա ասաց նաեւ, որ ինքը նոր չի վարձակալել այս այգին. «2004-ից մերն է: Առաջ եղել է «Կենտրոն կանաչապատում» պետական ընկերությանը: Այսքան բարեկարգված տարածքը լրիվ մենք ենք արել: Եկամուտ էլ չունենք: Ունենք, բայց, դե, վարկերի տոկոսներն ենք փակում: Այսքան աշխատանքը վարկերով ենք արել»: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչքան է նա վարձակալության համար վճարում Երեւանի քաղաքապետարանին, սակայն նա պատասխանեց. «Դեռ հաշվարկներ կան անելու, չեմ կարող ասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել