Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում է ՊԵԿ-ը

Դեկտեմբեր 11,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի պարզաբանումը, որում ասված է. «10.12.2010-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակվել է Ֆրանսիայի քաղաքացի Ռուբեն Հովսեփյանի՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակն այն մասին, որ սահմանը հատելիս Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցները բռնագրավել են իր ավտոմեքենան, ինչի հետեւանքով «իրենք կրել են բարոյական եւ նյութական վնաս»: Հարկ ենք համարում նշել, որ Ռ. Հովսեփյանի բողոքն անհիմն է, քանի որ մաքսային ծառայողներն առաջնորդվել են բացառապես օրենքի պահանջով: Ռ. Հովսեփյանը թիվ F-40449 առ 13.07.2009թ. ԲՄՀ-ով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով 30 օր ժամկետով ՀՀ էր ներմուծել 1988թ. արտադրության «BMW» մակնիշի ավտոմեքենան: Թեպետ նամակում Ռ. Հովսեփյանը վստահեցրել է, որ դիմել է մաքսային ծառայությանը ժամկետը երկարացնելու խնդրանքով, սակայն իրականում նա գրավոր չի դիմել մաքսային մարմիններին ժամկետը երկարացնելու կամ սահմանված «վերաարտահանում» ռեժիմով ձեւակերպելու համար, կամ չի հանձնել մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքի 37 հոդվածի 2 կետի բ) եւ դ) ենթակետերով: Ուստի Ռ. Հովսեփյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի առաջին մասով տուգանվել է ներկրած ավտոմեքենայի մաքսային արժեքի 10 տոկոսի չափով: Սակայն քաղաքացին հրաժարվել է տուգանքը վճարելուց: Այնուհետեւ, 2010թ. հուլիսի 13-ին Ռ. Հովսեփյանը Բագրատաշենի մաքսակետով փորձել է ներմուծել իրեն պատկանող «Peugeot» մակնիշի ավտոմեքենան, որի մաքսային ձեւակերպումների ժամանակ ավտոմատ կառավարման համակարգն ընտրել է «կարմիր ուղի» ընթացակարգը, քանի որ քաղաքացին տուգանքը դեռ չէր վճարել: Մաքսակետի աշխատակիցները Ռ. Հովսեփյանին բացատրել են, որ իր անունով մաքսային ձեւակերպումները հնարավոր չեն՝ մինչեւ չվճարվի վարչական պատասխանատվությունից առաջացած տուգանքի գումարն ու ճանապարհային վճարը: Սա Ռ. Հովսեփյանը որպես անձնական վիրավորանք է ընդունել եւ 23.08.2010-ին բողոք ներկայացրել մաքսային ծառայության «Թեժ գիծ»: Այն քննվել է ՊԵԿ ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչությունում: Բողոքը քննելուց հետո Ռուբեն Հովսեփյանին 24.08.2010-ին հրավիրել են ՊԵԿ ներքին դիտարկումների եւ վերահսկողության վարչություն եւ պարզաբանել, որ մաքսային ծառայության աշխատակիցների գործողությունները բխել են օրենքի պահանջներից. նրանք չէին կարող թույլատրել ավտոմեքենայի ելքը մաքսային հսկողության գոտուց, մինչեւ քաղաքացին չվճարեր վարչական տուգանքը: Ռ. Հովսեփյանը տրված պարզաբանումները չի ընդունել՝ ասելով, որ ինքը համաձայն չէ իր նկատմամբ կիրառվող ՀՀ օրենքների հետ: Այդուհանդերձ, 27.09.2010-ին Ռ. Հովսեփյանը վճարել է տուգանքը եւ կատարել երկու ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել