Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցվածքային փոփոխություններ՝ նախարարություններում

Դեկտեմբեր 11,2010 00:00

Հայաստանում սննդամթերքի անվտանգության պահպանման արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ: ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանի համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ սննդի անվտանգության վերահսկողության գործառույթը տարանջատված է մի քանի մարմինների՝ սննդի անվտանգության եւ անասնաբուժության, բուժսանիտարիայի ու հակահամաճարակային տեսչությունների միջեւ: «Անվտանգության պահպանման գործառույթները հստակ բաժանված չեն տեսչություների միջեւ, երբեմն նույնիսկ նկատում ենք գործառույթների կրկնություն, ինչն էլ ոլորտում արդյունավետության առումով խնդիրներ է առաջացնում»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում էր պարոն Ղարիբյանը: Սպառողի անվտանգ սնունդն ապահովելու ցանկությամբ, կառավարությունը հատուկ ռազմավարություն է մշակել՝ առաջիկայում մի քանի նախարարություններում նախատեսելով կառուցվածքային փոփոխություններ:
«Հանրապետությունում սննդի անվտանգության ոլորտում ներգրավված սննդի անվտանգության եւ անասնաբուժության եւ բուժսանիտարիայի, հակահամաճարակային տեսչությունները կմիավորվեն ու սրանց կփոխանցվեն այն բոլոր գործառույթները, որոնք իրականացնում են այլ տեսչություններ, որոնք անմիջական կապ ունեն սննդի անվտանգության հետ»,- ասաց վարչապետի խորհրդականը: Նրա խոսքով, նախատեսվում է միասնական այդ մարմնում ներգրավել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմի մեջ գտնվող շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: ԵՄ ինտեգրման ծրագրով իրականացվող այս բարեփոխումների շրջանակներում Հայաստանի կառավարությունը նախատեսել է նաեւ գործառույթների հստակեցում:
«Կկրճատվի բուժսանիտարական հսկողության ենթակա մթերքների քանակը: Իսկ ներմուծվող այն սննդամթերքները, որոնք կունենան միջազգային հեղինակավոր սերտիֆիկատներ, հանրապետության տարածքում այլեւս ստիպված չեն լինի կրկնակի փորձաքննություն անցնել: Արդյունքում, մեր բավականին փոքր ռեսուրսները կուղղենք ավելի ռիսկային մթերքի վերահսկողությունն իրականացնելուն»,- նշեց պարոն Ղարիբյանը: Ինչ վերաբերում է վերջերս տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ կաթի շուկայում արձանագրած բացահայտումներին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին խանութներում վաճառվող կաթնամթերքի մեջ առկա սոդայի բարձր բաղադրությանը, պարոն Ղարիբյանը մեկնաբանեց, թե ինչու էին գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող սննդի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչությունում բանից անտեղյակ, մինչդեռ պարտավոր էին նման բացահայտումներն անձամբ արձանագրել. «Հանձնաժողովը գործել ու աշխատել է իր իրավասությունների շրջանակում, իսկ թե ինչու սննդի անվտանգության տեսչությունը չի անդրադարձել կամ հրապարակել, կարծում եմ,  որ դա իրենց ամենօրյա աշխատանքն է հանդիսանում,  եւ նրանք աշխատում են այնքան, ինչքան հնարավորություն են տալիս մարդկային, ֆինանսական ու աշխատանքային ռեսուրսները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել