Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐ ՉԵ՞Ն ԼԻՆԻ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Ընտանեկան նպաստի համակարգը լուրջ փոփոխության է ենթարկվելու

«Նպաստառուների ցուցակներում մարդիկ կան, որ ծիծաղելի է ուղղակի նրանց ընդգրկել այս համակարգում, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ նպաստ ստանա մի մարդ, որն ունի բիզնեսներ ու մեծ գործունեություն է ծավալում մեր երկրում, բա ձեր խիղճը ո՞ւր մնաց: Ստուգումների ժամանակ այնպիսի խախտումներ են արձանագրվել, որոնց մասին հնարավոր չէ չխոսել: Ավանդների դիմաց փոխհատուցում ստացածների ցուցակում եղել են մահացածների անուններ: Եղել է դեպք, երբ նույնիսկ անձի մահվանից 1 տարի հետո վճարվել է ավանդի փոխհատուցում: Ո՞վ պետք է պատասխան տա այս խախտումների համար»,- երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ սոցիալական աշխատողներին այսպես կշտամբում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ «Կան պաշտոնյաներ, որ ոչ մի անգամ առիթը բաց չեն թողնում ամբիոններից փնովել «Փարոս» ծրագիրը, ասել, որ այն հասցեական չէ: Գիտեմ, մենք արդեն անուն ենք հանել: Ասում են՝ ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան՝ անունը, հիմա դուրս է եկել մեր անունը, եւ եթե այս ուղղությամբ քայլեր չձեռնարկվի՝ 2011-ին իրարից չնեղանանք: Եթե ձեր աշխատանքը լավ կատարեք, ես պատրաստ եմ ձեզ մեդալներ ու շնորհակալագրեր տալ»: Այս խոսքը լսելուն պես՝ դահլիճի սոցիալական աշխատողները քմծիծաղ տվեցին, որովհետեւ նրանք պահանջում էին, որ նախարարը խոսեր աշխատավարձերի բարձրացումից, ոչ թե մեդալներից: Պարզ է, որ չոր շնորհակալագրերով ոչ ընտանիք են պահելու, ոչ էլ իրենց են տաքացնելու, ուստի միայն այդ թղթի համար ոչ մեկը չի պատրաստվի 2011-ին կաշառք չվերցնել կամ նպաստառուների ցուցակներում միայն անապահովներին ընդգրկել:
Նշենք, որ հաջորդ տարվանից ընտանեկան նպաստների համակարգում մի շարք փոփոխություններ են լինելու: Եթե մինչ օրս նպաստ ստանալու համար մարդիկ քաշքշուկների մեջ էին ընկնում, տեղեկանքներ էին հավաքում, 2011-ից արդեն դիմելու են միայն սոցիալական ծառայություններին, եւ սոցաշխատողներն իրենք համապատասխան հարցումների միջոցով այդ քաղաքացու մասին ինֆորմացիա պետք է հավաքեն, թե ինչ ունի, որտեղ է գրանցված եւ այլն: Նախարարի խոսքերով՝ «Մենք քաղաքացուն ազատում ենք պետական դռները թակելուց: Բացի այդ, արդեն քաղաքացիները չեն կարող ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնել՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից»:
Նպաստառուների ցուցակից դուրս մնացած բազմաթիվ գյուղացիներ դժգոհում էին, որ իրենց մի քանի քմ անմշակ հողատարածքի պատճառով զրկվում են նպաստից: Սակայն այսուհետեւ սահմանամերձ շրջաններում եւ բարձր լեռնային գոտիներում, որտեղ ուղղակի անհնարին է հողը մշակել ու հողից եկամուտ ստանալ՝ սոցիալական աշխատողներն այդ հողը որպես եկամտի աղբյուր չեն հայտարարագրելու: «Այսինքն, այլեւս քաղաքացին մտավախոթյուն չի ունենա թաքցնել իր հողը կամ մեկ-երկու անասունը: Բոլոր այն խոսակցությունները, որ գյուղացիներն իրենց անասունները թաքուն մորթում ու վաճառում են, որ նպաստ ստանան, այլեւս չեն լինի, մենք այդ հարցն էլ ենք լուծում: Գյուղացին, որը 1-2 գլուխ անասուն ունի, եւ անասնապահությունից ձեւավորվող եկամուտը տարեկան մինչեւ 40 հազար դրամ է, այն նույնպես չի խանգարելու՝ նպաստ ստանալու համար, քանի որ եկամուտ չի դիտարկվելու»,- ասաց Ա. Գրիգորյանը: Ներկայումս նպաստառուի անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկություն է տալիս համայնքապետարանը: Եթե մի համայնքապետ տվյալ գյուղացու հետ լավ հարաբերություն ունենար, կարող էր քիչ գլխաքանակ նշել, որ նպաստ ստանար, բայց 2011-ից արդեն այդ տեղեկանքը պետք է տա համայնքի անասնաբույժը: «Առավոտի» հարցին՝ դրանից չի՞ կարելի եզրակացնել, որ արդեն կկոռումպացվեն անասնաբույժները, որովհետեւ նրանց գրպանն էլ մեկ-երկու կոպեկ դնելով՝ ցանկացած գլխաքանակ կգրեն, նախարարը պատասխանեց. «Իհարկե, կլինեն նման դեպքեր, բայց մենք մշակել ենք նաեւ տեղեկանքի ձեւը եւ նախատեսում ենք կեղծ տեղեկանք կամ ոչ հավաստի տեղեկություններ տրամադրող անասնաբույժին վարչական պատասխանատվության ենթարկել»:
Սոցիալական աշխատողների հետ քննարկման ժամանակ նախարարը նրանց ասում էր, որ սոցիալական աշխատողի գործը միայն փաստաթղթերը վերցնելը եւ նպաստառուների ցուցակում մարդկանց ընդգրկելը չէ. «Դուք պետք է տուն այց կատարեք, ճշգրտեք ընտանիքի կազմը, ապրուստի միջոցների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա հավաքեք»: Այսինքն՝ սոցիալական աշխատողները մաքսավորի պես գնահատելու են նպաստառուի ունեցած-չունեցածը: Քանի որ դեպքեր են եղել, երբ մարդկանց նպաստից զրկել են՝ գունավոր հեռուստացույց ունենալու համար, մեզ հետ զրույցում հարցին, թե սոցաշխատողը մասնավորապես ի՞նչ պետք է անի՝ գնա նպաստառուի տուն ու տեսնի՝ «Ֆուջիկա՞» են վառում, թե՞ «Baxi»-ով են տունը ջեռուցում, նախարարը պատասխանեց. «Նրանք պետք է ոչ թե գնահատեն հեռուստացույցի արժեքը, այլ՝ հասկանան՝ այդ ընտանիքն իսկապե՞ս աղքատ է, եկամուտներ չունի՞, պետության աջակցության կարիքն ունի՞, թե՞ ոչ»: Մեր երկիրը մասնավոր տրասֆերտների հաշվին է ապրում եւ հաճախ Ամերիկայում բնակվող բարեկամներից մի ճոխ նվերը պատճառ էր դառնում նպաստ չստանալու համար, թեեւ դա չէր կարող դիտարկվել որպես կայուն եկամուտ: Այս առնչությամբ պարոն Գրիգորյանի խոսքերով՝ «Մեզ համար դա ցավոտ խնդիր է, բայց, այնուամենայնիվ, ընտանիքի ապրելաձեւից հնարավոր է ճշտել՝ մարդն ի վիճակի՞ է աշխատել, թե՞ անկարող է»:
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 1-ից կենսաթոշակները 2500 դրամով բարձրացվել են, ինչի արդյունքում, դա դիտարկվելով որպես եկամտի ավելացում, շատերը դուրս էին մնալու նպաստառուների ցուցակից, սակայն կատարված փոփոխությամբ՝ այդ կենսաթոշակների բարձրացումը չի ազդելու ընտանիքի եկամտի հաշվարկման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել