Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ընկերոջ հիշատակին

Դեկտեմբեր 11,2010 00:00

Արդեն մեկ տարի է, ինչ մեր կողքին չէ մեր ընկերը: Չնայած կողքին չլինելն այս դեպքում ընդամենը ֆիզիկական բացակայության մասին է: Գրիգոր Ղոնջեյանը՝ մեր սիրելի Գրիշը երբեք էլ չի հեռացել մեզանից: Նա շարունակում է իրեն հատուկ զուսպ, բայցեւ որոշիչ ներկայությամբ ուղեկցել մեզ բոլոր այն պահերին, երբ անհրաժեշտ է նրա բանիմաց, խելացի, կշռադատված ու սթափ կարծիքը: Դժվար է գերագնահատել գիտելիքի այն պաշարը, որը նա կրում էր իր մեջ, եւ հիմա հիշողությունների բոլոր ծալքերից հատ-հատ վերհիշում ու օգտագործում ենք ըստ պատշաճի: Կենսախնդության, կյանքը սիրելու եւ լիաթոք ապրելու նրա կերպը մշտական ու անառարկելի խթան էր նրա կողքի յուրաքանչյուր մարդու համար: Ինքն իր նկատմամբ ունեցած բարեկրթության եւ իմացության խստապահանջությամբ ստիպում էր լինել անհանդուրժող լկտիության ու տգիտության նկատմամբ: Գրիգոր Ղոնջեյանի բարձր մասնագիտական հատկանիշները պատիվ էին բերում նրան իրավացիորեն վստահված ցանկացած ոլորտի: Քաղաքացու եւ հայորդու նրա կերպարն անհերքելիորեն գնահատելի էր, երբ իր մտավոր ու հոգեւոր ողջ կարողությունները անմնացորդ ի սպաս էր դնում Հայաստանի Ազգային ժողովի ՄԱԿ խմբակցության օրինաստեղծ աշխատանքին: Նրա գաղափարական հավատամքը պետականաշինությունն էր, որի կայացմամբ մտահոգ՝ նա իր կուսակից ընկերների հետ պատրաստ էր օրնիբուն աշխատել:
Գրիգորն ազնիվ ու պարկեշտ լինելը դարձրել էր նորմ, կենսակերպ ու լինելու միակ հնարավոր տեսակ: Համբերատար ու զգայուն էր տկարի, թույլի հանդեպ, սակայն անհանդուրժող էր մարտնչող միջակության եւ տգիտության նկատմամբ:
 Այդպիսին էր մեր Գրիշը: Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ փոքր էր: Միշտ ժպտերես ու ջինջ հայացքով, բայց նաեւ խոժոռ՝ ստի ու կեղծիքի դեպքում: Միշտ օգնելու պատրաստ ու նաեւ խիստ զայրացած՝ անպատասխանատվության հանդեպ: Երկրի հաջողությունների համար ջանք չխնայող էր, միեւնույն ժամանակ սթափ քննադատ՝ ապաշնորհության եւ այլասերության նկատմամբ: Այս ամենից զատ, Գրիգորը մեր ընկերն էր: Խոսքի ամենաիսկական ու խոր իմաստով: Եվ նրա պակասը մենք զգում ենք ամեն օր:
Մենք քեզ միշտ հիշելու ենք ու շատ կարոտում ենք, Գրիշ ջան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել