Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը նշեց դեկտեմբերի 10-ը

Դեկտեմբեր 11,2010 00:00

Երեկ մարդու իրավունքների պաշտպանության օրն էր

Խորհրդային տարիներին «դիսիդենդներն» այդ օրը նշում էին որպես քաղբանտարկյալների օր: Երեկ Հայ ազգային կոնգրեսն այս օրը նշեց բազմամարդ երթով: Կոնգրեսի համակիրները, իրավապաշտպաններ, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ շարքային քաղաքացիներ հավաքվել էին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որտեղ էին նաեւ օրերս ազատ արձակված քաղբանտարկյալներ Ֆելիքս Գեւորգյանն ու Գաբրիել Գաբրիելյանը: Նրանց, ի դեպ, այստեղ ծափողջույններով դիմավորեցին: Սարյանի արձանից էլ մեկնարկեց երթը, որը «Ազատություն» եւ «Լեւո՛ն, նախագահ» վանկարկումների ուղեկցությամբ ու «Ազատ արձակեք քաղբանտարկյալներին» պահանջ-պաստառով անցավ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Նալբանդյան-Թումանյան փողոցներով եւ առանց միջադեպերի ավարտվեց Հյուսիսային պողոտայում:
Բայց մինչ այդ՝ Սարյանի արձանին հարող պուրակում նաեւ կարճ ելույթներ եղան: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հեգնանքով նկատեց, որ «աշխարհի պոչի երկիր» հանդիսացող Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանվում են հրապարակներում, խցերում, փողոցներում եւ այն տեղերում, որտեղ հալածվում են ՀՀ քաղաքացիները: Նա հայտարարեց Կոնգրեսի՝ միջազգային կառույցներին եւ ԱՄՆ կառավարությանը «մարտիմեկյան» գործերով վճիռներ կայացրած անձանց Եվրոպա եւ ԱՄՆ մուտքի թույլտվություն չտրամադրելու առաջարկություն անելու մտադրության մասին: «Առաջիկայում մենք ցուցակներ ենք ներկայացնելու այդ կառույցներին: Մենք այդ հարցում հետամուտ ենք լինելու, ու ցանկացած ուժ կարող է միանալ դրան»,- ասաց Ա. Մանուկյանը՝ չմոռանալով շեշտել, որ դա քաղաքական գործընթաց է:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ մարդուն նրա իրավունքները ոչ ոք չի նվիրում, նրանք այդ իրավունքները ձեռք են բերում, նվաճում են. «Այս մեկ տարվա պայքարում մենք ցույց տվեցինք, որ միայն պայքարով ենք նվաճելու բոլոր ազատությունները եւ ազատելու ենք մեր բոլոր քաղբանտարկյալներին: Դա միայն մեր առաջին գործն է, որից հետո մենք պետք է վերականգնենք մամուլի ազատության իրավունքը, ժողովրդին վերադարձնենք սեփական իշխանություններին ընտրելու իրավունքը»: Լ. Զուրաբյանը երեկ նաեւ կատակեց՝ ասելով, թե այս օրերին ազատվել են ոչ միայն քաղբանտարկյալները, այլեւ մեկ քաղաքապետ: Գ. Բեգլարյանի ու նաեւ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունը նա կեսկատակ-կեսլուրջ համարեց համաժողովրդական պայքարի արդյունքներից մեկը:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, թե բոլոր քաղբանտարկյալներն էլ թեեւ զրկանքներ են կրել, բայց մնացել են ՀԱԿ-ի համակիրներն ու զինվորը եւ այսօր էլ շարունակում են իրենց պայքարը:
Երթից հետո, արդեն Հյուսիսային պողոտայում, ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ այն դեպքերում, երբ ոստիկանները չեն խանգարում ընդդիմության ակցիաներին, չեն սադրում եւ իրենց խելոք են պահում, ամեն ինչ անցնում է իդեալական ձեւով: Նա նաեւ արձանագրեց, որ հետմարտիմեկյան շրջանում տեղի ունեցած առանձին վերցրած ոչ մի երթ այդքան բազմամարդ չի եղել, որքան դեկտեմբերի 10-ին էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել