Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՄԱԾՌՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"Ինչո՞ւ են դեսպաններն, այնուհանդերձ, հեռանում. Արման Նավասարդյանի մեկնաբանությունները

Երբ հինգ տարի առաջ «Դիվանագիտությունից սփռվել են սփյուռք» հրապարակմամբ («Առավոտ», 2005, հունվարի 27) ահազանգեցինք, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը վերածվում է «բիզնես-ակումբի», որտեղ աշխատանքի են ընդունվում դիվանագիտության հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող անձինք, իսկ արտերկրներում մեր երկիրը ներկայացնող շատ դեսպաններ, դիվանագիտական դասի այլ աշխատակիցներ իրենց պաշտոնավարման ժամանակաշրջանն օգտագործում են անձնական կյանքը դասավորելու համար, պետական որեւէ մարմին, անգամ ԱԳՆ-ն, որին ուղղակի մեղադրանքներ էին ներկայացվում, որեւէ կերպ չարձագանքեց այդ հրապարակմանը: Հինգ տարի անց պարզվում է՝ այդ հարցը շարունակում է ոչ միայն օրախնդիր մնալ, այլեւ ավելի լայն տարածում, անգամ նոր դրսեւորումներ է ստացել: Նախորդ օրն այդ առիթով «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի հրապարակած ցուցակի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարցերի առիթով պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Առավոտը» դիմեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին: Վերջինս գործուղման մեջ էր՝ Մոսկվայում էր եւ չկարողացավ պատասխանել մեր հարցերին: Հուսով ենք, որ գործուղումից վերադառնալուն պես, վերջապես կստանանք այդքան սպասված պարզաբանումը:
Խնդրո առարկայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ժամանակին առանցքային դիվանագիտական պաշտոններ զբաղեցրած, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դիտարկեց, որ այս հարցը պետք է դիտել ոչ միայն արտաքին գործերի նախարարության, այլ, ընդհանրապես, պետականության կայացման, նրա իրավական եւ բարոյական կողմերի համատեքստում. «Դիվանագետը, առավելապես դեսպանը, շատ բարձր մակարդակի կանգնած պետական պաշտոնյա է, որի հեռացումը հավասարազոր է, ասենք՝ դավաճանության՝ երկրի շահերին: Բայց նույն բանը կարելի է ասել նաեւ հետախուզության աշխատողի, պետական խոշոր գործչի համար էլ»: Արման Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թե քաղաքականության, թե դիվանագիտության մեջ ամեն ինչ իր պատճառներն ու հետեւանքներն ունի: Թե ինչու են այդ մարդիկ գնում եւ չեն վերադառնում, մեր զրուցակիցը պարզաբանում է. «Որովհետեւ կադրային քաղաքականությունն արատավոր է: Ներկայումս 9 դիվանագետներ, այն էլ՝ առանցքային երկրներում, պրոֆեսիոնալներ չեն: Եթե պրոֆեսիոնալ չէ՝ ի՞նչ եք նրանից ուզում: Այդ անձնավորությունը երեկ բիզնեսմեն էր, այսօր ուղարկում եք կարեւոր քաղաքական աշխատանքի՝ ի՞նչ պահանջ կարող եք նրանից ունենալ: Նա նույնիսկ չի պատկերացնում, թե իր հետ ինչ է կատարվում: Եվ շատ-շատերը կարծում են, թե դիվանագիտությունը հովանոց է իրենց բիզնեսը ծածկելու համար: Այն, ինչ որ կատարվեց, ես համարում եմ մեր դիվանագիտության ծամածռությունը: Ավելին, դեսպաններ են նշանակվում մարդիկ, որ դիվանագիտության մասին առաջին անգամ լսել են դեսպանի բազկաթոռին նստելիս: Ժամանակին հումոր կար, ասում էին՝ կապի նախարար նշանակեցին, ու առաջին անգամ հեռախոս տեսավ: Դիվանագետ դառնալու համար ամբողջ կյանքում պետք է աշխատել: Բարձր մակարդակի 15 րոպեանոց մի զրույցի գրառում անելու համար մարդիկ 11 ժամ են աշխատում: Եթե դիվանագիտությունը հասկանում են պարզապես ընդունելություններ, ռանունդներ, սմոքինգներ, մեքենաներ եւ այլն, շատ սխալ բան է: Դա ծանր, նվիրված եւ հյուծիչ աշխատանք է՝ հանուն երկրի բարօրության: Այսօր շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց նրանց աշխատելու հնարավորություն պետք է տրվի»:
Արման Նավասարդյանը համաձայնեց «Առավոտի» դիտարկման հետ, որ այս պարագայում արդեն մի տեսակ անիմաստ էլ է մեղադրանքներ ներկայացնել անհատներին, քանի որ համակարգն ինքն է արատավոր ու բացասական: «Ասել, որ դիվանագետը սխալ էր, որ գնաց ու մնաց՝ ճիշտ չէ: Լոյալությունը պետք է լինի փոխադարձ: Եթե դեսպանը պետք է լինի լոյալ՝ իր երկրի նկատմամբ, երկիրն էլ իր դեսպանի նկատմամբ պետք է լոյալ լինի: Այստեղ հոգեբանական, մարդկային հարաբերությունների առումով խնդիրներ են առաջանում: Ամեն մարդուց չի կարելի պահանջել, որ դիմադրի երկրում կատարվող անարդարություններին»,- ասում է մեր զրուցակիցը: «Լոյալությունը» դիվանագիտական հասկացողություն է, որը մեկնաբանվում է որպես նվիրվածություն եւ հավատարմություն: Այս տեսանկյունից մեր զրուցակիցը նկատում է. «Մեզ մոտ մի քիչ չափազանցության մեջ են ընկել, երդումներ են ընդունել տալիս եւ այլն, բայց երդումներ ընդունել տալ պետք չէ. դիվանագիտական դպրոցի հիմքում պետք է դրված լինի սկզբունքը, որ դիվանագետն այն անձնավորությունն է, ով անմնացորդ պետք է նվիրված լինի իր երկրին, գործին: Կոպիտ ասած՝ իր նախարարին ու նախագահին, քանի որ նաեւ արտասահմանում ներկայացնում է նախագահին: Սա, անշուշտ, եւ հոգեբանական, եւ դիվանագիտական նուրբ հասկացողություն է, որովհետեւ լոյալության տակ շատ հետաքրքիր երեւույթներ կարող են հանդես գալ: Եվ եթե դիվանագիտական ու քաղաքական իսթեբլիշմենտը երկրում ճիշտ կառուցված չէ, լոյալության տակ դիվանագետը կարող է ոչ միայն իր հավատարմությունն ու նվիրվածությունը ցույց տալ իր պետականությանը եւ ղեկավարությանը, այլեւ կարող է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ: Նկատի ունեմ, որ լինել լոյալ՝ չի նշանակում լինել ռոբոտ, լուռ կամակատար, փոստատար: Լոյալ լինել՝ նշանակում է լինել օբյեկտիվ գնահատականների, վերլուծությունների, տեղեկատվության մեջ, որովհետեւ սա է դիվանագետի հիմնական աշխատանքը»: Եվ քանի որ դիվանագետը նաեւ մտածող անձնավորություն պետք է լինի, չեն բացառվում պահեր, երբ լոյալության սկզբունքները բախվեն տրված հանձնարարականների հետ: Նման պարագաներում մեր զրուցակիցն ասում է, որ դիվանագետը պարտավոր է կատարել իրեն տրված հանձնարարականը՝ միաժամանակ իր գրավոր կամ բանավոր անհամաձայնությունը հայտնելով. «Իսկ եթե նրա բարոյականության աստիճանն այն մակարդակի վրա է, որ նա բացարձակապես չի կարող համակերպվել ղեկավարության վարած քաղաքականության հետ, նա պետք է հեռանա՝ գեղեցիկ, առանց թատերական ժեստերի եւ աղմուկ-աղաղակի»: Արման Նավասարդյանը գտնում է, որ լոյալությունը միայն դիվանագիտության մեջ չպետք է լինի, այլ նաեւ պետական ծառայության ցանկացած համակարգում: Այս առումով անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ աշխատանքից հեռացման հրամանի՝ «էթիկայի կանոնները խախտելու համար» ձեւակերպմանը՝ պարոն Նավասարդյանը հակադարձում է. «Ոչ, նա էթիկայի կանոնները կխախտեր այն դեպքում, եթե փողոցում հայհոյեր: Նա խախտել է լոյալության սկզբունքները: Նա իր վրա դրված պետական, քաղաքական պարտականությունների կատարման սահմանն է խախտել: Սրանք պետք է կարողանանք տարբերել իրարից»:
«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով մեր արտաքին գերատեսչության աշխատանքն էլ՝ ասաց. «Մեր ԱԳՆ-ում եւ տեխնիկական, եւ սկզբունքային թերություններ կան, բայց արդյոք ԱԳՆ-ն պետականության համակարգում, պետության մեջ, քաղաքական իսթեբլիշմենտում ունի՞ իր անհրաժեշտ ու արժանի տեղը, նիշան: Արդյոք ԱԳՆ-ն դիտվո՞ւմ է քաղաքական գերատեսչություն, որը ոչ թե պարզապես պետք է իրագործի պետության ղեկավարի դրած խնդիրները, այլ նաեւ մասնակցի դրանց ծրագրավորմանը, պլանավորմանը, իրագործմանը: ԱԳՆ-ն սպիտակ աղավնի չի կարող լինել, այն համակարգի մի մասն է, ներքին քաղաքականության շարունակությունը դրսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել