Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսն ասում է, որ «ռեժիմը պատասխան չունի»

Դեկտեմբեր 11,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսն անդրադարձել է Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությանը, որով վերահաստատվում էր Աքվիլայում եւ Մուսկոկայում հռչակված կարգավորման սկզբունքները եւ արձանագրվում հակամարտող կողմերի պարտավորությունը՝ լուծել Ղարաբաղի հարցը այդ սկզբունքների հիման վրա: «Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը: Հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տված անընդունելի նահանջները եւ ձախողումները»,- հայտարարել է ՀԱԿ-ը: Թվարկելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ԼՂ խնդրում արձանագրված ձախողումներն ու նահանջները՝ ընդհանուր առմամբ 8 կետ, Կոնգրեսը եզրակացրել է. «Այսպիսով, Աստանան արձանագրեց Հայաստանի նահանջները եւ դուռ բացեց նորանոր պարտությունների համար: Գլխավոր հարցին՝ ինչպե՞ս Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է դիմագրավեն առկա մարտահրավերները, Սերժ Սարգսյանի ռեժիմը պատասխան չունի: Այս ամենն արդյունք է ռեժիմի ոչ լեգիտիմության, կոռումպացվածության, հանցավորության ու դրանով իսկ՝ արտաքին խոցելիության: Այս ամենն արդյունք է նաեւ տնտեսական զարգացման տեմպերով ու բացարձակ ցուցանիշներով Ադրբեջանի նկատմամբ ուժերի հարաբերակցության կտրուկ փոփոխության: Ռեժիմի գոյատեւման ամեն օրը նորանոր անդարձելի կորուստներ է բերել ու բերում՝ սպառնալով նաեւ Հայաստանի ազգային անվտանգությանը: Վիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումն է: Սերժ Սարգսյանը պարտավոր է հրաժարական տալ՝ կա՛մ գիտակցելով դրա անհրաժեշտությունը, կա՛մ տեղի տալով համաժողովրդական ընդվզման առջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել