Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիկ եւ Ֆաֆուլիկ. ռազբորկա՝ «աղջկա թեմայով»

Դեկտեմբեր 11,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանն ու Կենտրոնականի բաժնի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Հայաստանի ագրարային համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 17-ամյա Էդգար Մովսեսի Շախիկյանը (մականունը՝ Էրիկ) իր ընկերների՝ Ալեքսան, Էռնեստ եւ Գեւորգ Թառյանների, Կարեն Ասատրյանի հետ Չարենցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանության մեջ են մտնում Վահագն Գրիգորյանի (մականունը՝ Ֆաֆուլիկ) եւ նրա ընկերների՝ Աշոտ Մանուկյանի, Գուժ Աղաբեկյանի եւ Գաբրիել Մալխասյանի (մականունը՝ Գափո) հետ, որի ժամանակ Էդգար Շախիկյանը իր մոտ եղած՝ առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակում Ա. Մանուկյանի անձնական օգտագործման «Պորշե-Կայեն» մակնիշի 05 ՕԼ 500 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցի արդյունքում Վահագն Գրիգորյանը՝ ոտքի, իսկ Գուժ Աղաբեկյանը աջ ձեռքի մասում ստանում են հրազենային վնասվածքներ: Այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության տակ: Իսկ Գուժ Աղաբեկյանը իր մոտ եղած «Վալտեր CP 99 compact» տեսակի պնեւմատիկ ատրճանակով կրակում է նրանց ուղղությամբ: Աքլորացած ջահելները կռվի ժամանակ օգտագործում են նաեւ կաստետ: Վիճաբանության ընթացքում Է. Թառյանի գլխին հարվածում են կաստետով: Մեզ հայտնի դարձավ, որ վիճաբանության պատճառը եղել է այն, որ Էրիկը մի վարդ է տանում ԵՊՀ ճաշարան, այն թողնում աշխատակցի մոտ՝ ասելով, որ վարդը իր անունից փոխանցեն ԵՊՀ-ի ուսանողուհի Անիին: Այդ մասին իմանում է Անիի մեկ այլ երկրպագու Վահագնը, ով տեղեկացնում է Էրիկին, որ իրենք պետք է հանդիպեն: Երիտասարդները հանդիպում են Չարենցի փողոցում, որտեղ էլ հնչում են կրակոցներ, ու մի քանիսը հայտնվում են հիվանդանոցում: Հայտնաբերվել են նաեւ հրազենները: Այս պահին Էդգար Շախիկյանը, Գուժ Աղաբեկյանը ձերբակալվել են եւ տեղափոխվել Երեւանի ձերբակալվածների պահման վայր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել