Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԳԻՆԸ

Դեկտեմբեր 11,2010 00:00

«Աստանայում տեղի ունեցած զարգացումները ԼՂ խնդրի շուրջ էլ ավելի խորացրին առկա փակուղին»,- երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անկախ այդ գագաթաժողովում եւ դրանից հետո հնչած հայտարարություններից եւ մեկնաբանություններից: Նա վերահաստատեց, որ կողմ է խաղաղ բանակցություններին եւ հարցի դիվանագիտական լուծմանը, սակայն ԼՂՀ ճանաչումը համարում է Հայաստանի անվտանգության գործառույթ: Այս համատեքստում անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված ԼՂ անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի քվեարկությանը՝ զարմանք եւ ցավ հայտնեց Հանրապետական մեծամասնության՝ ի սկզբանե հայտնի պահվածքից: Հովհաննիսյանը հույս է ունեցել, որ արցախյան պատերազմի մասնակից խորհրդարանականները գոնե վերջին պահին իրենց խղճին դեմ չեն գնա. «Մինչդեռ արցախյան պատերազմին մասնակցած պատգամավորները դեմ քվեարկեցին՝ այսպիսով ցույց տալով, թե ինչ գին ունի իրենց համար Արցախի ճանաչումը: Ղարաբաղի ճանաչման հարցն ինձ համար հայոց ինքնության եւ պետական շահի տեսակետից նույնքան ողնաշարային է, որքան Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը»: Հետեւաբար, Ղարաբաղի ճանաչմանը վերաբերող քվեարկությանը չմասնակցելը բանախոսը համեմատում է Ցեղասպանության ճանաչման հարցին չքվեարկելու հետ: Ինչեւէ՝ «Կյանքն առջեւում է, 19-ամյակն է Արցախի հանրաքվեի, ունենք մի տարի՝ մինչեւ 20-ամյակը, եւ որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը, պետականությունը չմնա չճանաչված, ինչպես Ցեղասպանությունն է, անհրաժեշտ է, որ ճանաչման գործընթացը հասնի իր ավարտին մինչեւ 20-ամյակը»,- հույս հայտնեց պարոն Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցությանը եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանին՝ «քաղաքացիական խիղճ եւ ողնաշար» ունենալու եւ օրինագծին կողմ քվեարկելու համար: ԱԺ-ում հարցի մերժումից հետո «Ժառանգության» առաջնորդն ասում է, որ արդեն որեւէ մեկը չի կարող մեղադրել միջազգային համայնքի սուբյեկտներին, որ նրանք չեն «դիտարկում ԼՂՀ պետականության» հարցը: Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն, ըստ նրա, այսօր արդեն պետք է հստակեցնեն, թե ԼՂՀ զույգ հանրաքվեների հետքերով ինչ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուզածը ՀՀ-ից կամ միջազգային հանրությունից:
ՀՀ ներքաղաքական խնդիրների առիթով էլ բանախոսը կարծիք հայտնեց, որ եթե ընդդիմությունն ու հասարակությունը ուզում են, որ առաջիկա ընտրական շրջանում հաջողություն ունենան, ապա կարեւոր է «Ժառանգություն»-Հայ ազգային կոնգրես-Դաշնակցություն եռյակի եւ հասարակության համագործակցության եզրեր գտնելը: Այլապես՝ «քաղաքական բեկումնային արդյունք մենք չենք տեսնելու», եւ խորհրդարանում կհայտնվեն «հին ուժերը եւ մեկ-երկու նոր ուժ»: Թե հատկապես ո՞ր ուժերի մասին է խոսքը՝ նա կեսկատակ նկատեց. «Հայաստանում «չգիտեմ» պատասխանը նորաձեւ չէ, բայց ես ասում եմ՝ «չգիտեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել