Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍՎԵԼ Է

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"Երեւանի քաղաքապետի հավանական թեկնածուները երեքն են

Այն, որ հայաստանյան ԶԼՄ-ներն ու քաղաքական, հասարակական շրջանակներն ամենատարբեր տեսանկյուններից շարունակում են քննարկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի թեման, շատ բնական է եւ նորմալ. նախ՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնն է մեր պետական համակարգում առանցքայիններից մեկը համարվում, երկրորդ՝ այդ պաշտոնը զբաղեցրած մարդու կշիռն էր իշխանական հիերարխիայում շատ որոշակի: Բայց տարօրինակ է այն, որ քաղաքապետի պաշտոնանկությունը, որն ամենեւին էլ միջազգային նշանակության սենսացիա չէ եւ գլոբալ քաղաքականության հետ կապ չունի, դարձել է նաեւ օտարերկրյա մամուլի քննարկման առարկա: Արդեն երկու օր է, ինչ հայաստանյան լրատվամիջոցների հետ գրեթե հավասար Բեգլարյանի հրաժարականի մասին են գրում ռուսական Newsru.com-ը՝ «Երեւանի կռվարար քաղաքապետը հրաժարական է տվել համերգի ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո», Lenta.ru-ն՝ «Չոռնի Գագոյի անկումը. Երեւանի քաղաքապետը զրկվել է պաշտոնից ձեռքերին ազատություն տալու համար», Regnum-ը՝ «Սպիտակները»՝ «սեւերի դեմ» հոդվածաշարով, ու նույնիսկ ամերիկյան The Washington Post-ը, CBSnews-ն ու ABCnews-ը՝ հղում անելով Associated Press-ին: Ընդ որում, դա նրանք արել են ընդգծված ծաղրանքով: «Օպերան այնքան էլ հեռու չի գնացել մելոդրամայից, որին, սակայն, պաշտոնատար անձինք մեծ մասամբ չեն մասնակցում: Երեւանի քաղաքապետը հրաժարական է տվել չորեքշաբթի օրը, երբ վիճաբանության ժամանակ հարվածել է Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակցի դեմքին: Իսկ վիճաբանությունը ծագել է Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ նստելու տեղի համար: Ամենավատն այն է, որ նա եղել է նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից»,- գրել են ամերիկյան պարբերականները: Իսկ ահա BBC-ի կայքում հայտնվել է հոդված՝ «Երեւանի քաղաքապետը հարվածել է նախագահի օգնականին Դոմինգոյի համերգի պատճառով» վերտառությամբ, ուր նշվում է, թե «քաղաքապետը շատ էր ուզում, որ իր կինը նստի նախագահի կողքին»: Սրանք առանձնահատուկ դիտարկումներ են, որոնք արտասահմանցին առանց հայաստանցու ուղղորդման, թերեւս, չէր կարող անել: Դժվար է պատկերացնել, որ ամերիկյան կամ բրիտանական լրատվամիջոցների համար այսօրինակ միջադեպը՝ Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ, կարող էր հետաքրքիր լինել, կամ ռուսական մամուլն այսքան մեծ շահագրգռություն կդրսեւորեր հոդվածաշարերով արձագանքելու քաղաքապետ Բեգլարյանի եւ ՀՀ աշխատակազմի ներկայացուցչի «հերոսություններին» (ի դեպ, հիշատակելով նաեւ ռուսաստանցի գործարար «Կալուգայի Սամոյի» անունը), եթե, իհարկե, Երեւանից այդ փաստից քաղաքական շոու սարքողներ չլինեին: Այս իմաստով հավանական է թվում այն վարկածը, ըստ որի, Գ. Բեգլարյանին «շուխուրով հանելու» եւ դա լրատվամիջոցներով «ռասկրուտկա» անելու գաղափարը եղել է իշխանական ճամբարից:
Երեկ այսօրինակ դավադրությունների մասին շրջանառվող լուրերը, ըստ էության, հերքել է անձամբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, հայտարարելով, թե «նախագահական նստավայրի բոլոր աշխատակիցներն ունեն միայն մեկ խնդիր. անվերապահ ու ժամանակին կատարել հանրապետության նախագահի բոլոր հանձնարարականները եւ սպասարկել նրա գործունեությունը: Որեւէ մեկն այլ խնդիրներ ունենալ պարզապես չի կարող»: Թե ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին կամ նրա թիմակիցներին պետք Բեգլարյանի սկանդալային պաշտոնանկությունը՝ միայն ենթադրել կարելի է, թեեւ նույն ռուսական մամուլն այդ առնչությամբ արդեն վարկածներ է առաջ քաշել՝ մեջբերելով մի քաղաքագետի՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Վիկտոր Յակուբյանին: Ըստ այդմ, սկանդալային միջադեպը ոչ թե պատճառ, այլ ընդամենը քաղաքապետի պաշտոնանկության առիթ է դարձել, որովհետեւ նա կարող էր կապված լինել «Պզոյի» գործի հետ, որի՝ ԱՄՆ-ում կուտակած միջոցների մի մասն ուղղվել է Երեւանում շինարարությանը եւ կառուցապատմանը, կամ համարվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդը»:
Իսկ հաջորդ քաղաքապետը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, պետք է ընտրվի քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ընտրության օրը կորոշվի դեկտեմբերի 13-ին: Քաղաքապետին ընտրելու է ավագանին, որի խմբակցություններն արտահերթ ընտրությունների ժամանակ թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն: Այդուհանդերձ, որ առաջիկա «ներավագանիական» ընտրությունների ժամանակ խոսքի իրավունքը տրվելու է բացառապես ՀՀԿ 35 հոգանոց խմբակցությանը՝ այլեւս վճռված է: ԲՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու մտադրություն չունի էլ, որովհետեւ գիտակցում է, որ դա զուտ խորհրդանշական, տեսական եւ անիմաստ գործողություն է լինելու:
Երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան, Երեւանի ավագանիում ԲՀԿ 17 հոգանոց խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանն ասաց, որ ՀՀԿ-ն ավագանիում մեծամասնություն է կազմում, «ուստի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պատկանում է ՀՀԿ-ին, ելնելով դրանից՝ մենք թեկնածու չենք առաջադրելու»:
Երեկ արդեն շրջանառվում էր նոր քաղաքապետի երեք թեկնածուի անուն, թեեւ Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո միանշանակ էր համարվում, որ այդ պաշտոնում ամենառեալ թեկնածուն քաղաքապետի առաջին տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ, Ավանի նախկին թաղապետ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանն է: Հիմա պարզվում է, որ կա քաղաքապետի պոտենցիալ եւս երկու թեկնածու: Նրանցից մեկը ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանն է. բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ, իսկ 2009թ. հունիսից նաեւ՝ Հանրային խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ: Քաղաքապետի երրորդ հավանական թեկնածուն ՀՀԿ ցուցակում 6-րդ հորիզոնականն զբաղեցրած «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն, ռեստորանատեր Կարեն Կարապետյանն է: Ու հիմա այս երկու նորաթուխ թեկնածուները՝ Դումանյանն ու Կարապետյանը, քաղաքապետարանի ու որոշ «աներեւույթ թեւերի» աջակցությամբ սկսել են մամուլի առանձին միջոցների հետ ակտիվ աշխատանք տանել: «Հակատարոնական» քարոզչության լեյտմոտիվն այս է՝ Տ. Մարգարյանը ջահել է, «քաղաքապետի չի քաշի», «այն կշիռը չունի» եւ այլն:
Եթե հավատանք մեր աղբյուրներին, ապա այդ ուժերի համար առավել ցանկալի թեկնածուն Դ. Դումանյանն է: Եթե այս տարբերակն աշխատի, ու Երեւանի նոր քաղաքապետը հենց Դ. Դումանյանը լինի, թերեւս, ավելի հստակ կդառնա ու ի հայտ կգա նաեւ Գ. Բեգլարյանի վրա «տակառ գլորող» ուժը:
Երեկ մեզ հետ զրույցում Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ղեկավարն անդրադառնալով նաեւ այն հարցին, թե ԲՀԿ-ի համար այս երեք թեկնածուների թվում ո՞վ կարող է նախընտրելի լինել, Գ. Գասպարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ի խնդիրն է, թե իրենք ում կառաջադրեն: Երբ առաջադրեն, մեր խմբակցությունն այդ ժամանակ իր որոշումը քվեարկության միջոցով կարտահայտի: Այսինքն՝ միասնական կքվեարկի «կողմ», «դեմ» կամ «ձեռնպահ»: Մենք 2009թ. մայիսի ընտրություններից հետո բոլորս միասին ենք աշխատել, գործընկերներ ենք ու մեկս մյուսին լավ ճանաչում ենք: Երբ գա որոշում կայացնելու պահը, մենք մեր որոշումը կկայացնենք, եւ բոլորը կիմանան, թե ԲՀԿ-ն ինչպես քվեարկեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել