Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐՈՎ

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է՝ այլ ճանապարհ չկա

«Եթե Ադրբեջանի կողմից լինի նոր ռազմական սադրանք, Հայաստանը այլընտրանք չի ունենա եւ ստիպված կլինի դե յուրե ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է, որ այդ դեպքում Հայաստանը իր ունեցած բոլոր միջոցներով կպաշտպանի Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը աջակցում է Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին միջազգային տարբեր ատյանների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի կողմից ընդունված որոշումներին: Ի դեպ, գրեթե նույնաբովանդակ հայտարարություն ՀՀ նախագահն արդեն մեկ անգամ արել էր Աստանայում: Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին խոսելով՝ ՀՀ նախագահը ԵԱՀԿ գագաթաժողովում ասել էր. «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»: ՀՀ նախագահի այս ելույթի շուրջ երեկ մենք զրուցեցինք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս գնահատելով Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ գագաթաժողովում՝ ասաց. «Հայաստանի նախագահի մոտեցումը ողջունելի է, որովհետեւ, ընդհանրապես, բոլորս գիտենք, որ պատերազմական գործողություններն այս անգամ որակապես կտարբերվեն 1991-94 թվականների պատերազմից, եւ այստեղ հնարավոր է՝ ավելի շատ ներգրավված կողմեր լինեն: Այս իրավիճակում Ադրբեջանին պետք է ըստ ամենայնի հասկացնել, որ ռազմական ճանապարհն ուղղություն չէ: Այս մոտեցումը, կարծում եմ, կիսում են բոլոր համանախագահող երկրները, տարածաշրջանային պետությունները եւ, իհարկե, նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկը: Եվ ՀՀ նախագահի կողմից նման դիրքորոշում հայտնելը ինչ-որ ձեւով ազդում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորության վրա, զսպող դեր է կատարում, որովհետեւ եթե պատերազմական գործողություններ սանձազերծվեն, ապա որեւէ այլ միջոց, քան Արցախի ճանաչումը եւ Արցախի պաշտպանությունը՝ համայն հայության ուժերով, չի լինի: Այդ ժամանակ լինելու է պատերազմ՝ մինչեւ վերջ՝ կամ մենք, կամ իրենք: Իսկ այս սցենարը ձեռնտու չէ ոչ մեկին»:
Ի պատասխան մեր դիտարկման, թե հայկական կողմի փոխված հռետորիկան, ավելի կոշտ հայտարարությունները արդյոք չե՞ն փոխել ադրբեջանական կողմի տրամադրությունները, Դավիթ Բաբայանն ասաց. «Ավելի շուտ Ադրբեջանի քայլերը կփոխվեն, քան հռետորությունը: Ընդհակառակը՝ հնարավոր է էլ ավելի հակահայկական քայլեր կատարվեն, եւ այդ ուղղությունը սաստկանա: Մենք տեսնում ենք, թե ինչպես են նորից քանդում Ջուղայի հուշարձանները, չնայած քիչ բան է այնտեղ մնացել: Այստեղ կա եւ արտաքին, եւ ներքին խնդիր: Վերջին ընտրությունների ժամանակ Ադրբեջանում մեծ անդունդ առաջացավ իշխանության եւ հասարակության միջեւ: Ադրբեջանը, որ համարվում է դասական արեւելյան բռնապետական երկիր՝ խանական համակարգով, դա եւս մեկ անգամ ապացուցեց: Այդ երկրում անցկացված վերջին ընտրություններին բնակչության մոտ կեսը չի մասնակցել, մարդիկ չեն գնացել ընտրության՝ այն դեպքում, երբ բոլորին հոտի պես քշում են ընտրատարածքներ: Այս անգամ բնակչության կեսը չի գնացել: Սա արդեն պասիվ անհանդուրժողականության դրսեւորում է: Իսկ այս պարագայում կա խնդիր՝ բնակչության աչքում իշխանությունը լեգիտիմ չէ: Այդ լեգիտիմությունը բարձրացնելու միակ ուղղությունը իրենց համար հակահայկական հիստերիայի սաստկացումն է, այսինքն՝ արտաքին թշնամու կերպարի զարգացումը: Որովհետեւ ներքին բարեփոխումների նրանք չեն գնա, Ալիեւի կլանը երբեք չի հրաժարվի իր հարստությունից, եւ լավագույն տարբերակը դառնում է մարդկանց շեղելը եւ արտաքին թշնամու կերպարի սերմանումը»:
Դավիթ Բաբայանը կարծում է, որ, այնուամենայնիվ, կա մի սահման, եւ եթե Ադրբեջանն անցնի այդ սահմանը, կարող են եւ պատերազմական գործողություններ սկսվել: Առայժմ Ադրբեջանը մոտենում է այդ սանդղակին, բայց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի կարծիքով՝ «չի համարձակվի անցնել այդ սահմանը, որովհետեւ ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծելու խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել