Այս կարծիքին է երգիչ Արսեն Գրիգորյանը
«Հայկական Պավարոտտի», «Լավագույն ուսանող»,- ահա թե ինչ կոչումների է արժանացել ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո) իր դասախոսների՝ հանրաճանաչ արվեստագետներ Վլադիմիր Խաչատրյանի եւ Ռուբեն Մաթեւոսյանի կողմից: Արսեն Գրիգորյանը ոչ միայն ժողովրդական երգիչ է, այլեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի սիրված դասախոս: Նա իր առաջին քայլերը սկսել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանից, այնուհետեւ ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիա, որտեղ, ասպիրանտուրան ավարտելուց հետո, Արզաս Ոսկանյանի եւ իր սիրելի դասախոս Ռուբեն Մաթեւոսյանի խնդրանքով մնացել է դասավանդելու: Թեեւ Արսեն Գրիգորյանը իր դասախոսների հետ իրեն միշտ պահել է ուսանողի կարգավիճակում եւ նրանց հետ ընկերական հարաբերությունների մեջ երբեւէ չի մտել, այնուամենայնիվ, նա իր ուսանողներին ազատություն է տալիս թե՛ արտահայտվելու եւ թե՛ իր հետ շփվելու առումով: Լսարանում, Արսենի պատմածից ելնելով, միշտ իշխում է ուրախությունը, անգամ նկատողություններն արվում են հումորի միջոցով: Նրա խոսքերով՝ «պետք է իմանալ յուրաքանչյուր ուսանողի ֆիզիկական ունակությունները, հասկանալ նրանց, միեւնույն ժամանակ հաստատելով ընկերական հարաբերություններ»:
Արսեն Գրիգորյանը ցավում է այն փաստի համար, որ հիմա շատ դասախոսներ թերագնահատում են իրենց ուսանողներին, ընկալում՝ որպես «փողի տոպրակ» եւ իրենցից փոքր արժեք ունեցող մարդ: «Ուսանողի եւ դասախոսի միջեւ անջրպետ չպետք է լինի: Մարդկային արժեքներից ելնելով, ուսանողը ոչնչով չի տարբերվում դասախոսից, ավելին, դասախոսը նույնպես շատ բան կարող է սովորել իր ուսանողից»,- ասում է նա:
Ճիշտ է, Արսեն Գրիգորյանը կարեւորում է ուսանող-դասախոս հարաբերությունների ջերմ լինելու հանգամանքը, սակայն խոստովանում է, որ ուսանողը պետք է հասկանա. գոյություն ունի մի սահման, որը չի կարելի անցնել: