Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍԸ ՉԻ ՎԱԽԵՆԱԼՈՒ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Նոր տարուն՝ նոր կերպարներով

Ամեն տարի Ամանորի նախաշեմին բոլորին հուզող հարցերից մեկը հագուստի կամ կերպարի ընտրությունն է: Այս խնդիրը լուրջ է մասնավորապես հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Նրանց մոտ ամանորյա կերպարների, հագուստների մասին մտածելն ու նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռ աշնանը, երբեմն նաեւ ամռանը. բանն այն է, որ Ամանորի նախաշեմին բոլոր հայկական հեռուստաընկերությունները սկսում են ամանորյա հաղորդումների նկարահանումները: Իսկ թե ինչ կերպարներով են այս տարի հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները ներկայանալու հանրությանը՝ «Առավոտը» փորձեց պարզել հենց նրանցից:

\"\"Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, ինչպես ինքը նշեց, Ամանորին հաստատ նապաստակի կերպարով չի լինելու. «Չեմ ցանկանում բացահայտել կերպարս, քանի որ այդպես արդեն անակնկալ չի լինի: Նկարահանվել եմ ոչ միայն Հանրային հեռուստատեսության ամանորյա հաղորդման մեջ, այլեւ մի քանի այլ ալիքների: Վստահեցնում եմ՝ ուրախ է լինելու, երգառատ: Հեռուստաալիքները, որքան էլ փորձեն առանձին-առանձին հաղորդումներ պատրաստել, միեւնույն է, թեման նույնն է՝ Ամանոր, Նոր տարի, նոր կյանք»: Նազենին, փոքր-ինչ բացելով փակագծերը, խոստովանեց, որ այս տարի մի քանի հաղորդումներում հանդիսատեսն իրեն տեսնելու է երգչուհու դերում. «Երգելու եմ, չնայած երգից հեռու մարդ եմ, որքան էլ մասնագիտությանս մի մասը պարտադրում է երգել»: Իսկ թե որքանով են Ն. Հովհաննիսյանի ընտրած կերպարները համապատասխանում իր բնույթին, նա մեկնաբանեց. «Իմ բոլոր կերպարները, բացի դերասանականներից, շատ հեռու չեն իմ անձից»: Նազենին նշում է, որ չնայած եկող տարին նապաստակի տարի է, բայց ինքը հաստատ նապաստակի պես վախկոտ չի լինելու. «Այնքան էլ չեմ առանձնանում իմ վախկոտությամբ, բայց նապաստակի տարում ուզում եմ նրան բնորոշ շարժունակություն դրսեւորել՝ ավելի շարժուն եւ դինամիկ ապրել, քան ապրում եմ: Նաեւ ուզում եմ շատ ճամփորդել…»:

\"\"Երգչուհի Շուշան Պետրոսյանը դուետներով է զարմացնելու հեռուստադիտողին: Սակայն այս տարվա Ամանորին ոչ այնքան գործնական, որքան ընտանեկան միջավայր է ակնկալում: Երգչուհին մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ շատ-շատ է սպասում այս Նոր տարուն. «Այս տարի մեզ հետ Ամանորը դիմավորելու է նաեւ մայրս. նա կժամանի Ավստրալիայից: Երկար տարիներ Հայաստանում՝ Երեւանում մենք միասին Նոր տարի չենք նշել: Այդ պատճառով այդքան չեմ կենտրոնացել կերպարիս, հագուստիս եւ այլնի վրա: Նկարահանվել եմ մի քանի հաղորդումներում: Բոլոր տեղերում երգում եմ: Այսօր էլ կայանալու են «Շանթ» հեռուստաընկերության նկարահանումները: Այստեղ եւս դուետով եմ հանդես գալու: Բայց թե ինչ եմ կրելու՝ դեռ չեմ որոշել: «Հ1»-ի նախագծում, որը կոչվում է «Նոստալջի», «Բոնի-Էմի» երգերից եմ կատարել եւ հնարավորինս նմանվել խմբի երգչուհիներին՝ շպարս մուգ է, մազերս նրանց պես սեւ եւ այլն»: Ինչ վերաբերում է նապաստակի տարուն, Շ. Պետրոսյանը կես կատակ- կես լուրջ ասաց. «Դե, նապաստակ չեմ կարող լինել… Հետո էլ նրա պես չեմ սիրում ապրել՝ անվախ եմ ու գլուխս բարձր»:

Ինգա եւ Անուշ Արշակյաններին էլ հեռուստադիտողը տեսնելու է հայկական «տարազային» ոճում: Ինգա Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր կերպարը բավականին ծանոթ եւ սիրված է հանդիսատեսի կողմից: Առանձնակի փոփոխություններ չենք արել, շոկային բաներ չեն լինելու: Նկարահանվել ենք «Արմենիա», «ԱTV» հեռուստաընկերությունների հաղորդումներում: Երբեմն լինում է՝ նախագծի հեղինակները ինչ-որ կերպարներ են առաջարկում: Ճիշտ է, մենք դեմ չենք նման բաների, բայց այս տարվա հաղորդումներն առանձնապես նախագծեր չեն, ուղղակի ամանորյա հանդիսություններ են, հատուկ կերպարներ ստեղծելու կարիք չի եղել»:

\"\"Երգչուհի Լեյլա Սարիբեկյանին, իր խոսքով ասած, շատերն են ցանկանում կերպարանափոխել, բայց ինքն այնքան էլ չի սիրում դուրս գալ իր շրջանակներից. «Հ1»-ի «Երգ երգոց» հաղորդման ամանորյա ծրագրում Կոմիտաս եմ ներկայացնում, հնարավորինս մտել եմ կերպարի մեջ, իսկ հատուկ մտածված կերպար ընտրվել է «Շանթ» հեռուստաընկերության ամանորյա հաղորդման համար. անակնկալը չեմ հրապարակի…»: Լ. Սարիբեկյանը նշեց, որ եկող տարվա հետ մեծ հույս է կապում, քանի որ 2011-ը իր տարին է:

\"\"

Ինչպես ամեն տեղ, նույնիսկ Ամանորին երգչուհի Juce-ից անմասն չեն մնացել խենթ մտահղացումները՝ տարօրինակ կերպարները: Այս տարի հեռուստադիտողը Juce-ին տեսնելու է, իր խոսքով ասած՝ «կոտիկ հարսի» կերպարում. «Սեւ կոտիկ հարս եմ լինելու: Եվս մի քանի տեղ էլ լինելու եմ վարդագույնի մեջ, քանի որ մազերս արդեն այդ գույնի են, անգամ նապաստակի ականջներ դնելու կարիք էլ չկա…»:

 

 

 

Պարզվում է՝ հայկական հեռուստաալիքների տոնական հաղորդումները բոլոր երգիչ-երգչո\"\"ւհիների համար չեն. կան այնպիսիները, որոնք ոչ մի ալիքից հրավեր չեն ստացել իրենց տոնական հաղորդումներում նկարահանվելու համար: Անտեսվածների թվին է դասվում, օրինակ, երգչուհի Արեւիկ Ալավերդյանը: Նա «Առավոտին» հայտնեց, որ չի մասնակցել ոչ մի տոնական հաղորդման նկարահանման: Իսկ թե ինչո՞ւ՝ չմանրամասնեց: Սակայն այդ «ինչու»-ի պատասխանը իր մասով տվեց տոնական հաղորդումներից անտեսված երգիչ Հայկ Կասպարովը, որն ընդամենը «Երեւան» հեռուստաընկերության ամանորյա ծրագրերից մեկում է նկարահանվել: Նրա խոսքով՝ «Ուրիշ ոչ մի հեռուստաալիք չի հրավիրել… «Երեւան» TV-ում նկարահանվել եմ «Face control» հաղորդման մեջ, մարմնավորել եմ հիպպիական շրջանի երիտասարդի կերպարը, հատուկ դիզայներների կողմից պատրաստված հիպպիի հագուստով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել