Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Յոլա՝ 60-ականների գործիքներով»

Դեկտեմբեր 10,2010 00:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը երեկ ամփոփեց անցնող տարին: Նրա խոսքով, 2010 թվականը թատրոնի համար ստեղծագործական առումով ծանրաբեռնված էր: Աշխատել են միանգամից մի քանի բեմադրությունների վրա: Դեկտեմբերի 23-ին կկայանա Ջ. Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան: Անցնող տարում կայացել է «Ստաբատ Մատեր» (ըստ Ջ. Պերգոլեզիի համանուն կանտատի) եւ «Բախի կրքերը» (ըստ Բախի երաժշտության) բալետների պրեմիերաները: Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերան, որը նախատեսվում էր ավարտել սեպտեմբերին, հանդիսատեսին կներկայացվի մինչեւ 2011թ. մարտը: Օպերային թատրոնի տնօրենը հայտնեց, որ եկող տարվա համար նախատեսված են ե՛ւ օպերաների, ե՛ւ բալետների պրեմիերաներ:

Հարցին՝ թատրոնն այսօր ունի՞ հանդիսատեսի խնդիր եւ քաղաքական գործիչներից ովքե՞ր են ներկա լինում ներկայացումներին, Կ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ ասի, որ դռները կոտրում են, բայց կան գործիչներ, որ մշտական հանդիսատես են՝ Գագիկ Եգանյան, Լիլիթ Գալստյան, Կարինե Աճեմյան, Րաֆֆի Հովհաննիսյան եւ այլք»:

Ինչ վերաբերում է թատրոնի աշխատակիցների աշխատավարձին, տնօրենը հայտնեց, որ մեներգիչները ստանում են միջինը 53-118 հազար դրամ, երգչախմբում՝ 40-90 հազար դրամ, նվագախմբում՝ 56-85 հազար, բալետում՝ 48-114 հազար: Կ. Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ իր ղեկավարած թատրոնի տեխնիկական հնարավորություններին ու նշեց. «Մի քանի օր առաջ իմ հյուրն էր Վրաստանի օպերային թատրոնի տնօրենը, ասաց, որ օպերային թատրոնը Վրաստանում ոչ մի խնդիր՝ այդ թվում ֆինանսական, չունի, նրա կես խոսքից հետո ամենաթանկ տեխնիկան են բերում: Մեր թատրոնում գործիքներ լարողը հանգիստ չունի, որովհետեւ 60-ականներին ստացած գործիքներով ենք յոլա գնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել