Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաստատե՛լ կոմիտասյան դիկտատուրա

Դեկտեմբեր 10,2010 00:00

Կոչ է անում բնագրագետ Գուրգեն Գասպարյանը

\"\"Վերջերս Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների VII միջազգային «Գրքարվեստ» մրցույթում, որտեղ ներկայացված էր 155 հրատարակություն 10 պետությունից, Մատենադարանի տնօրենի խորհրդական, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն, բնագրագետ Գուրգեն Գասպարյանի «Կոմիտաս վարդապետ. Լուսանկարների ալբոմ»-ը արժանացել է երրորդ կարգի դիպլոմի՝ «Տպագրված է ԱՊՀ-ում» անվանակարգում: Բնագրագետը հեղինակ է նաեւ «Կոմիտաս վարդապետ. Նամականի», «Կոմիտասը՝ ժամանակակիցների հուշերում եւ վկայություններում», «Կոմիտաս վարդապետ. Հոդվածներ եւ ուսումնասիրություններ» երկհատորյակի:

– Արդյոք ամբողջապե՞ս գիտենք Կոմիտաս, եւ վարդապետի թողած ժառանգությունը ենթարկվե՞լ է գիտական համակարգման ու հետազոտման:

– ԳԱԱ արվեստի ինստիտուտը ժամանակին 14 հատորով հրատարակել է Կոմիտաս: Կոմիտասի ժառանգությունը այս մասով, կարելի է ասել, գրեթե ամբողջությամբ ներկայացված է: Դեռեւս 3-4 հատորի անտիպ նյութ էլ կա: Վարդապետի երաժշտագիտական աշխատությունների առաջին ու վերջին ժողովածուն տպագրվել է 1941-ին: Ինչ վերաբերում է Կոմիտասի երաժշտագիտական ժառանգությանը, ինձ հետ համագործակցած երաժշտագետներ Մարինե Մուշեղյանի, Մհեր Նավոյանի, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Արթուր Ավանեսովի հետ ուսումնասիրելով Կոմիտասի միակ ժողովածուն, արձանագրեցինք տխուր փաստ՝ աշխատությունների մեծ մասը մնացել էր անտիպ, ու դրա 70 տոկոսը իր տեղը գտավ նոր լույս տեսած գրքերում: Երկհատորյակում առաջին անգամ լույս է տեսել Կոմիտասի կազմած ձայնաշարը՝ բաղկացած ոչ թե 7, այլ՝ 8 նոտայից, վոկալի, երաժշտության տեսության ու պատմության, հարմոնիայի, տարրական երաժշտության դասընթացները եւ այլն: Իսկ ինչո՞ւ էր Կոմիտասը գրում դասագրքեր: Նա դրանով ուզում էր ասել, որ գեղջուկ եւ պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը նույնն է, եւ հայկական երաժշտությունը բացառիկ է աշխարհում: Ժամանակին Կոմիտասը քննադատեց նաեւ իր սան Մակար Եկմալյանի «Պատարագը», ասելով, որ դա պրոֆեսիոնալ գործ է, բայց ոչ թե հայկական, այլ ռուսական երգ՝ եռաձայն երգչախմբի համար:

– Ի՞նչ է արվում Կոմիտասի հեղինակության եւ ստեղծագործության միջազգայնացման համար, չէ՞ որ դեռեւս 20-րդ դարասկզբին Եվրոպան հիացած էր նրանով: Նշենք նաեւ, որ օրերս Հայաստան այցելած աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն հայտարարեց, որ իր վոկալի առաջին ուսուցիչներից է եղել Կոմիտասի սանը՝ Մարգարիտ Բաբայանը, ում շնորհիվ շփվել է մեր երաժշտարվեստի հետ:

– Եվրոպայում հիմա էլ երաժշտության պատմության, տեսության, հարմոնիայի մասնագետները օգտվում են Կոմիտասից, մինչդեռ մեր երաժշտական կրթության համակարգում դրված չեն կոմիտասյան սկզբունքները: Դրանք կիրառելու դեպքում ավելի հետաքրքիր կդառնանք աշխարհի համար: Խաչատրյանը, Տերտերյանն ու Մանսուրյանը հաճախ են նշել, որ առաջնորդվում են կոմիտասյան դպրոցով: Արդյոք դա՞ չէ նաեւ նրանց հաջողության գաղտնիքը, որ դարձել են աշխարհին հայտնի:

– Վերջերս մշակույթի նախարարը հայտարարեց, որ պետք է ստեղծվի Կոմիտասի թանգարան, նաեւ նշելով, որ դրա համար չկան պետական միջոցներ, եւ ամեն ինչ պիտի արվի անհատների անձնական միջոցներով: Փորձը ցույց է տվել, որ նման ճանապարհով հարցը չի լուծվում, օրինակ, ժամանակին տապալվեց Սայաթ- Նովայի թանգարանի ստեղծումը:

– Չգիտեմ՝ ի՞նչ անվանում կտրվի՝ թանգարան կամ այլ բան, բայց «Կոմիտաս» կենտրոն հիմնելը անհրաժեշտ է: Օրինակ, թուրքական ԶԼՄ-ները այսօր էլ հետաքրքրված են Կոմիտասով այնպես, ինչպես 1930-40-ական թվականներին, երբ հայտարարեցին, թե Կոմիտասը իրենցն է: Նույնիսկ ֆիլմ են նկարել վարդապետի մասին, ռադիոյով հաճախ հնչեցնում են նրա գործերը: Գոնե դա պետք է մեզ պարտավորեցնի: Անձամբ ես կառաջարկեի հաստատել կոմիտասյան դիկտատուրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել