Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐԸ «ԿԵՆԴԱՆԻ» ՏՈՆԱԾԱՌՈՎ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Կամ ինչպես բարձրացնել էկոգիտակցությունը

Դեռ խորհրդային տարիներին փշատերեւ ծառեր էին կտրվում Ամանորի առիթով, իսկ տոներից հետո դրանք ուղղակի հայտնվում էին աղբանոցներում:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանն էլ է սա հիշում: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ վերջինի «Արեւորդի» նախագիծը կոչ են անում՝ տոնեք Ամանորը «կենդանի» խորհրդանիշով: Ռ. Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ցանկացողներին կարող են տրամադրել զամբյուղում տնկված սոճիներ, որոնք տոներից հետո կարելի է տնկել շենքի բակում կամ նվիրել որեւէ դպրոցի: Իսկ ովքեր ծառերը վերատնկելու հնարավորություն չունեն, կարող են վարձակալել: Մեր զրուցակիցը գտնում է, որ այդ կերպ կարելի է աջակցել Հայաստանի անտառների պահպանությանը:

Ծառերի թիվը անսահմանափակ չէ, դրանք կազմակերպության Կապանի տնկարաններից են տրամադրվելու: Ըստ պարոն Խաչատրյանի, հնարավոր է բիզնեսն ու էկոլոգիան համատեղել եւ հայրենի բնությանը վնաս չպատճառել: Նա փաստում է, որ այսօր հասարակ մարդու էկոգիտակցությունն ավելի բարձր է, քան այն պաշտոնյաներինը, որոնց որոշումներից մի շարք բնապահպանական խնդիրներ են կախված:

Ասում է՝ ժամանակին, երբ ինքն ու ընկերը հիմնել են իրենց կազմակերպությունը, ինքը անձնական մեքենան է վաճառել, ընկերը՝ պարտքով գումար վերցրել, որ բնապահպանական ֆիլմեր նկարեն: Գոհունակության խոսքեր լսել են ամեն տեղից, բայց ֆինանսական աջակցություն ստացել հատուկենտ անհատներից ու կազմակերպություններից, ընդ որում՝ ո՛չ պետական: Ռ. Խաչատրյանը նեղսրտում է այն հրապարակումներից, որոնցում ոմանք բնապահպանական կազմակերպություններին մեղադրում են դրսից գումարներ ստանալու, ժողովրդի մոտ թվացյալ էկոգիտակցություն արթնացնելու ու այդ ամենը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ: «Օրինակ, ասում են՝ ուրանը մեզ պետք է, որովհետեւ այդպես մեզ հետ հաշվի կնստեն: Իսկ ես կարծում եմ, որ ավելի լավ է՝ հայ մարդը Ալավերդուց գնա Ռուսաստանում օրվա հաց վաստակի, բայց իր գեները փրկի, քան ապրի մի քաղաքում, որտեղ թունավոր արտանետումների քանակը 60 անգամ շատ է նորմայից»,- շեշտում է նա: Նաեւ հավելում, որ իրենք ներկայումս շեշտը հատկապես երեխաների դաստիարակության վրա են դնում՝ կազմակերպում են նկարչական օր, թողարկում ձայնասկավառակներ, տպագրում հեքիաթներ, գրքեր, որոնք երեխաներն են գրել երեխաների համար: Գործում են «Արեւորդի» էկոակումբները, երեխաներն ունեն իրենց TV-ն եւ կայքը` tv.sunchild.org: Եվ իրենք են ֆիլմեր նկարում, եւ էկոակումբի սաները, որոնք միջազգային փառատոներում մրցանակներ են ստանում: Պատրաստվում են նաեւ բնապահպանական գիտությունների քոլեջ ստեղծել, համագործակցելու են Չիկագոյի համալսարանի հետ: «Պետական աջակցություն չունենք, ներկայացուցիչները միայն փառատոնի փակման կամ մրցանակի հանձնման արարողության ժամանակ են ներկա լինում: Պետական մարմինների կողմից չենք գնահատվում, հատկապես բնապահպանության նախարարության հետ համագործակցությունը չի ստացվում, պատճառը ցանկության բացակայությունն է»,- նշում է Ռ. Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել