Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տերմինաբանությունը՝ ուշադրության կենտրոնում

Դեկտեմբեր 10,2010 00:00

Ինչպես ցանկացած, այնպես էլ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում դաշտը կանոնակարգող փաստաթղթերը մշակվում են մասնագիտական լեզվով, ու դրանցում տեղ գտած հասկացություններ ու տերմիններ ոչ մասնագետներին կարող են եւ անհասկանալի լինել։ «Առավոտում» օրերս տեղ գտած «Տերմինախեղդ եւ լիքը կրկնաբանություններով» հրապարակման մեջ ներկայացվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժնում տեղադրված մշակումները՝ ոլորտը կանոնակարգելուն ուղղված այն փաստաթղթերը, որոնք նախագծային տարբերակով հրապարակվել են ու ներկայացվել մասնագիտական հանրության քննարկմանը վերամշակման եւ լրամշակման նպատակով։

Մասնագիտական կրթության որակի ապահովման բազմաթիվ գաղափարներ ու գործընթացներ նոր են ու անծանոթ ոչ միայն մեր հասարակության լայն շրջանակի, այլեւ կրթական համակարգի շատ ներկայացուցիչների համար։ Սակայն որակի ապահովման համակարգի մշակման ու ներդրման այս փուլում, երբ կրթության պատասխանատուներն ու կառավարիչները շարունակում են ուսումնասիրել, քննարկել ոլորտին վերաբերող խնդիրները, ՈԱԱԿ-ը կարեւոր է համարում իր գաղափարների ու մշակած փաստաթղթերի հրապարակումը, դրանց վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը։ Բնական է, որ այս փուլում մասնագետները երբեմն հարկադրված են օգտագործել օտարալեզու տերմիններ՝ առայժմ դրանց հայերեն համարժեքների բացակայության պատճառով։ Այսուհանդերձ, տերմինաբանության խնդրի լուծումը մեր ուշադրության կենտրոնում է. փաստաթղթերի մշակումներին զուգահեռ՝ ՈԱԱԿ-ը կազմել ու ոլորտի փորձագետների քննարկմանն է ներկայացրել նաեւ «Որակի ապահովման տերմինաբանական բառարանը»։ Ի դեպ, այն նույնպես հրապարակված է մեր կայքի «Նախագծեր» բաժնում։

Չափազանց կարեւոր խնդիր է ոլորտում լիովին նոր ձեւաչափով իրականացվող քայլերը մեր հասարակությանը հասկանալի, ոչ մասնագիտական խոսքով ներկայացնելը։ Արդեն պատրաստված, այդ թվում՝ նաեւ ՈԱԱԿ-ի կայքի տարբեր բաժիններում հրապարակված, տեղեկատվական պարզ ու մատչելի նյութերի շարքը հարստացնելու եւ լրագրողների հետ մեր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կենտրոնն այժմ իրականացնում է որոշ քայլեր։ Որակի ապահովման գործընթացների իրականացումից հետո, ՈԱԱԿ-ի պաշտոնական կայքում հասարակությանը պարզ, մատչելի ու հստակ կներկայացվի որակի առումով ուսումնական հաստատություններում տիրող իրավիճակը, կհրապարակվեն հավատարմագրված ուսումնական հաստատությունների ցանկերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել