Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ «ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆԸ» ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Վերջին շրջանում՝ մինչեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Լեհաստան կատարած այցը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-7-ը, հույսեր կային, որ երկու երկրների հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվելու, որ Ռուսաստանի ու Լեհաստանի միջեւ երկար ժամանակ ձգվող սառը հարաբերություններում սառույցը հալվելու եւ առավել բարիդրացիության եւ փոխվստահության մթնոլորտ է ձեւավորվելու: ՌԴ նախագահի Լեհաստան կատարած այցի շրջանակներում Վարշավա էր մեկնել ռուսական մի մեծ պատվիրակություն՝ կառավարության եւ խորհրդարանի անդամներ, ՌԴ գլխավոր դատախազը, խոշոր գործարարներ, որոնք վերահսկում են էներգառեսուրսները: Ռուսական ԶԼՄ- ները մեջբերել էին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հայտարարությունը, թե՝ ի վերջո, ռուս-լեհական հարաբերություններում ցուրտը փոխարինվել է ջերմությամբ:

Սակայն, Reuters-ի մատուցմամբ, այցի հաջորդ օրը եւեթ, երբ Մեդվեդեւը մեկնեց Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման նպատակով Վաշինգտոն մեկնած Լեհաստանի նախագահ Կոմորովսկին հայտարարեց, թե Լեհաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների «բեռնաթափմանը» պատրաստ չէ: «Երբ կողք կողքի ապրում ես մեկի հետ, որի հետ հազարավոր տարիների ընթացքում լարվածություն է եղել, անհնարին է բոլոր հարաբերությունները վերակառուցել «բեռնաթափման» կոճակի մեկ սեղմումով: Մենք պատրաստ չենք լիովին բեռնաթափել եւ ջնջել ռուսաստանցիների հետ հազարամյա անհանգիստ հարաբերությունների պատմությունը»,- Վաշինգտոնում հայտարարել է Լեհաստանի նախագահը: Նրա ասելով, ՌԴ-ի հետ հարաբերություններում Լեհաստանն առաջնորդվելու է «վստահիր, բայց ստուգիր» սկզբունքով: «Լեհաստանն ուզում է ունենալ անվտանգության որոշակի երաշխիքներ, որոնք ցանկանում է ստանալ ՆԱՏՕ-ից: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, ապա մենք չենք ուզում, որ Լեհաստանին եւ նրա ժողովրդին ընկալեն որպես Ռուսաստանից վախեցողի»,- հայտարարել է Կոմորովսկին:

«Ինտերֆաքսի» մատուցմամբ, երեկ հայտնի է դարձել, որ Լեհաստանի եւ ԱՄՆ նախագահների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել Վարշավայի եւ Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ներդրման շուրջ: Այդ պայմանավորվածության շրջանակներում նախատեսվում է, որ ամերիկյան «F-16» կործանիչները Լեհաստանում կտեղակայվեն արդեն 2013թ. կեսերին, իսկ մինչեւ 2018թ.- ն, այդ երկրում կտեղակայվեն նաեւ «SM-3» տեսակի ցամաքային հակահրթիռներ եւ «Հերկուլես» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ:

Վաշինգտոնում Լեհաստանի նախագահը շեշտել է Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների կարեւորությունը, որոնք ներառում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որեւէ մեկի դեմ կատարված հարձակման դեպքում մյուս բոլոր երկրների կողմից նրան պաշտպանելու պարտավորության վերահաստատումը: Ռուսաստանին դուր չի գալիս նաեւ լեհական կողմի ԵՄ-ի հետ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնությունը: Մոսկվան դեմ էր այդ ծրագրի իրագործմանը իր ազդեցության գոտիներում՝ Ուկրաինայում եւ Բելառուսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել