Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգն ու դպրոցը

Դեկտեմբեր 10,2010 00:00

Ստեղծվել է «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագիր: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կայացավ ծրագրի նվաճումների փոխանակման թեմայով կոնֆերանս: Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանն ասաց, որ իրենք մշակել են որոշ ուսումնական նյութեր, ըստ որոնց լույս են տեսել երեք ուսումնաօժանդակ ձեռնարկներ, որոնց շնորհանդեսն էլ կայացավ երեկ:

Ուսումնաօժանդակ ձեռնարկների փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ նոր առարկայական ծրագիրը մշակվել է ազգային փորձագիտական խմբի կողմից: Վերջինի կազմում եղել են մանկավարժներ, իրավագետ, հոգեբան եւ սոցիոլոգ։

ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Ձյունիկ Աղաջանյանի խոսքով, «Մարդկանց առեւտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում» ծրագիրը նպատակ ունի 15-17 տարեկան դպրոցականներին իրազեկել մարդկանց թրաֆիքինգի վտանգների մասին. «Նյութերը կարեւորվում են նրանով, որ նախ սերունդ է դաստիարակվում, բացի այդ՝ տարիներ շարունակ այդ սերունդները դաստիարակելով՝ ստեղծվում է հասարակություն, որը սեփական իրավունքների մասին գիտակ է լինելու: Բոլոր ուսուցիչներին կոչ եմ անում իրենց աշխատանքին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, քանի որ իրենց դերը աշակերտների կրթության եւ իրազեկման հարցում ունի հանրային կարեւորություն եւ նշանակություն»։

Ի. Տեր-Մինասյանը տեղեկացրեց, որ նախքան ուսումնաօժանդակ ձեռնարկի ներդրումը Հայաստանի բոլոր դպրոցներում, 2009 թվականին այն փորձարկվել է 18 դպրոցում, ապա իրականացվել է ուսուցիչների համապատասխան վերապատրաստում, որին մասնակցել են 1500 ուսուցիչներ՝ 1420 հանրակրթական դպրոցներից ու 200 դասախոսներ՝ միջին մասնագիտական կրթօջախներից։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար, խորհրդական Կոնստանտին Օբոլենսկու փոխանցմամբ էլ՝ «Ծրագիրը հնարավորություն կտա այս երեք երկրներում կասեցնել ու կանխել մարդկանց առեւտուրը: Զարգացած երկրներում շարունակվում են 100-ավոր ուսուցիչների վերապատրաստումները: Կարծում եմ՝ ձեռնարկները, մտնելով ուսումնական ծրագրերի մեջ, կանխարգելիչ միջոց կհանդիսանան թրաֆիքինգի դեմ այս տարածաշրջանում»:

Ի. Տեր-Մինասյանը հավելեց նաեւ, որ ձեռնարկի մշակման եւ շրջանառության մեջ դնելու ծրագիրը ԿԳՆ-ն հավանության է արժանացրել եւ արտոնել դրանց կիրառումը դպրոցներում։

Ս. Խաչատրյանը, մեկնաբանելով երեք ձեռնարկների բովանդակությունը, ասաց. «Տպագիր կրթական փաթեթը բաղկացած է 3 բրոշյուրից՝ «Թրաֆիքինգի մասին աշակերտի ձեռնարկ», «Ուսուցչի ձեռնարկ» եւ «Բուկլետ ծնողների համար»:

Հեղինակային խմբի անդամ Սիլվա Պետրոսյանը մասնավորապես առանձնացրեց «Աշակերտի համար» ձեռնարկը. «Փորձել ենք հնարավորինս մատչելի դարձնել դասավանդումն ու մատուցվող նյութը, որպեսզի աշակերտի համար հեշտ ընկալելի լինի: Աշակերտը պատանեկան տարիքից պետք է ծանոթ լինի՝ ինչ է թրաֆիքինգը, ինչ են անում մարդու հետ, երբ վաճառում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել