Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՂԱՐԿԵԼ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Երեկ Շիրակի մարզպետարանի դիմաց Վարդաքար գյուղի բնակիչները պահանջում էին չփակել իրենց դպրոցը

«Եթե մի դելֆինարիա պակաս կառուցեն, մի քիչ գյուղի երեխաների մասին մտածեն ու դպրոց չփակեն՝ չի՞ լինի: Էսօր անգամ Թուրքիայում են հայկական դպրոցներ գործում, բայց հայրենի կառավարությունը կրթական բարեփոխումների շրջանակում մեր դպրոցն է վերացնում: Սա ոչ այլ ինչ է, քան գյուղաքանդիչ ծրագիր, չկա դպրոց՝ չկա գյուղ»,- երեկ Շիրակի մարզպետարան այսպիսի բողոք էին ներկայացնում վարդաքարցիները: Լսելով գյուղի դպրոցի փակման գույժը, նրանք ավտոբուսներ էին վարձել ու գյուղովի շտապել մարզպետարան՝ բացատրություն պահանջելու: Բանն այն է, որ դպրոցի շենքի վերանորոգումը 2010 թ.-ին մտցրել էին պետական բյուջե՝ այս նպատակի համար նախատեսելով մոտ 356 մլն դրամ, նույնիսկ նախահաշվային փաստաթղթեր են կազմվել, մրցույթ է հայտարարվել, մրցույթը շահած «Ջինշին» կազմակերպությունն էլ հասցրել է դպրոցի հին շենքը քանդել, որից հետո կառավարությունը «փոշմանել» ու հետ է կանչել շինկազմակերպությանը: Մինչեւ վերջերս գյուղացիները հույս էին փայփայում, որ կհստակեցվի իրենց դպրոցի շենքի խնդիրը, ու երեխաները չեն գնա հարեւան գյուղի՝ մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նոր կյանքի դպրոց: Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվանից տարրական դասարանցիները դասերն անցկացնում էին գյուղի մանկապարտեզում, իսկ բարձրդասարանցիները՝ գյուղապետարանի շենքում:

Երեկ համայնքը կառավարությունից պաշտոնական նամակ է ստացել այն մասին, որ այս տարվա հոկտեմբերի 7-ի որոշմամբ չեղյալ է համարվում շենքի վերանորոգման ծրագիրը: Դպրոցի ուսուցիչների ներկայացմամբ, նամակում նաեւ խոսվում է այն մասին, որ 2012 թ.-ի բյուջեով եւս չի վերանորոգվելու շենքը: «Եթե հոկտեմբերի 7-ին որոշել էիք հանել պետական ծրագրից, ապա հոկտեմբերի 11-ին «Ջինշին» կազմակերպությունն ի՞նչ գործ ուներ գյուղում, ինչո՞ւ էր էդպիսի արագությամբ քանդում դպրոցի շենքը: Մենք դատի կտանք էդ կազմակերպությանը: Հո էս երկրում ամեն ինչ խաբելով չէ՞, Սերժ Սարգսյանին վստահեցինք, գյուղովի ձայն տվեցինք, որ էսպիսի ապտակ հասցնե՞ր մեզ… Ձայն ենք տվել, որ հարց լուծի: Մեր գյուղը 1820 թվականից՝ հիմնադրման օրից, դպրոց է ունեցել, սա ի՞նչ նորություն է»,- դժգոհում էին ուսուցիչները՝ տեղեկացնելով, որ իրենք վաղը բողոքի ակցիա են անցկացնելու նախագահի նստավայրի մոտ: Գյուղացիները մտահոգված են այն փաստով, որ դպրոցազուրկ լինելու դեպքում երիտասարդացող գյուղը միանգամից կդատարկվի: Նրանք մարզպետարանի դարպասների մոտ պատվիրակություն կազմեցին ու ուղարկեցին Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի մոտ, սակայն մեկ ժամ անց, իրենց համար ձեռնտու պատասխան չլսելով, որոշեցին վաղը գյուղովի միտինգ անցկացնել նախագահականի մոտ: Բողոքի ակցիայից հետո մամուլի ասուլիս հրավիրեց Շիրակի փոխմարզպետը՝ պարզաբանելով. «Դպրոցի շինարարությունը դադարեցվել է, որովհետեւ Նոր կյանք գյուղում կառուցվում է հզոր, ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ դպրոց՝ 360 աշակերտական տեղով, Նոր կյանքում եւ Վարդաքարում այսօր դպրոց հաճախող երեխաների թիվը եւս 100-ով պետք է ավելացվի, որ այդ դպրոցի հագեցվածության հարցը լուծվի: Ռեալ վիճակը սա է»: Փոխմարզպետը նշեց նաեւ, որ Վարդաքարի դպրոցականների համար ավտոբուսներ կտրամադրվեն հարեւան Նոր կյանքի դպրոց հաճախելու համար, եւ այդ ծախսերը կհոգա պետությունը: Նշենք, որ երեկվանից վարդաքարցիները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում եւ պատրաստվում են դիմել բողոքի տարբեր միջոցների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել