Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

59.ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"
Դերասանուհի Լուսինե Կոստանյանը:

\"\"
Դերասան Արմեն Մարգարյանը:

\"\"
Բեմադրիչ Աիդա Հովհաննիսյանը

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում իմ հաջորդ զրուցակիցը երիտասարդ դերասան Արմեն Մարգարյանն է։

– Ես քսան տարի է, ինչ թատրոնում եմ, ուստի եւ արդեն երիտասարդ չեմ համարվում։ Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա բեմ դուրս եկողների մեջ յուրաքանչյուր չորս հոգուց միայն մեկն է դերասան։ Վերջին տարիներին հանդիսատեսի կողմից ներկայացումներին գնահատական տալու կարողության անկում է նկատվում, որն էլ ազդում է հասարակության գեղարվեստական ճաշակի վրա։ Ամենացածրորակ աշխատանքն անգամ բավարարում է նրան։ Հանդիսատեսով լցված դահլիճը դեռ լիարժեք գնահատականի նշան լինել չի կարող համարվել։ Արվեստագետն էլ հաճախ ենթարկվում է ճաշակի բացակայության այս պայմաններին։

– Կա նաեւ կադրային խնդիր։

– Թատրոնը արվեստների սինթեզ է, որի կենտրոնում դերասանի խաղն է։ Մինչ ճգնաժամը բոլոր արվեստներն այստեղ համահունչ էին, ներդաշնակություն կար։ Այսօր երբեմն տեսնում ես լավ բեմադրություն, սակայն առկա է լավ դերասանի բացակայությունը։ Լինում է եւ հակառակը։ Դերասան կերտող բուհում շնորհալի պատանին չի ստանում այն անհրաժեշտ գիտելիքները, որոնք պահանջում է պրոֆեսիոնալ թատրոնը։ Իսկ կիսատ- պռատ գիտելիքներով երիտասարդ դերասանը, գալով թատրոն, լիարժեքորեն չի կարողանում աշխատել ռեժիսորների հետ։ Երբեմն ընկնում են մի բեմադրիչի ձեռքը, տարիների ընթացքում ճահճանում, ու ոչ մի կերպ չի բացվում նրանց տաղանդը, կարողությունը։

– Իսկ «Բաց բեմ» ծրագիրը բեմադրիչների, դերասանների բացվելուն չի՞ նպաստում։

– Հիմնականում եկան փորձված բեմադրիչներ, նրանց արանքում միայն մի երիտասարդ եկավ, որը բեմադրեց «Մակբեթը»։ Սակայն այսօր թատրոնում ամեն ինչ կախված է նախարարությունից, որը, փաստորեն, ստանձնել է գեղարվեստական ղեկավարի դերը։ Հայտնվել ենք մի հոգու ձեռքին, որը թատրոնում բնորոշում ենք որպես միապետություն։ Գեղարվեստական ղեկավար չկա, որին առաջարկեմ իմ պահանջները, մոտեցումները, կիսվեմ հետը։ Վահեն, որին անարդարացիորեն հեռացրին թատրոնից, արվեստի մարդ էր։ Իրոք, առանց նրա անչափ դժվար է թատրոնի համար։

– Հարմար թեկնածո՞ւ չկա երկրում։

– Այժմ մեզ անհրաժեշտ է ալտերնատիվ տարբերակը։ Պետք է ունենանք պրոդյուսեր, որը կարողանա հետեւել թատրոնի որակին եւ թատրոնը դուրս բերի միջազգային ասպարեզ։ Հայոց Մայր թատրոնը հյուրախաղերի չի գնում, ոչ մի փառատոնի չի մասնակցում։ Դա վտանգավոր է թատրոնի համար։ Կարող ենք ճահճի մեջ հայտնվել… Թատրոնը գովազդի ծրագիր չունի։ Գիտե՞ք, երբեմն թատրոնի վիճակը համեմատում եմ մեր պետության հետ։ Այնքան նման են իրար…

– Երիտասարդ դերասանները մուտք ունե՞ն թատրոն։

– Այո, նման հնարավորություն կա։ Իսկ նախկինում երիտասարդները տեղ չունեին թատրոնում։ Երբ 20 տարի առաջ ես եկա թատրոն, ամենաերիտասարդ դերասանն ինձնից 20 տարով մեծ էր։

– Ձեր մասին պատմեք։

– Ես բազմաժանր դերասան եմ։ Ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի դերասանական բաժինը։ Երկրորդ կուրսից մտել եմ թատրոնի հիմնական կազմ։ Հիմնականում երկրորդ պլանի դերակատարումներ եմ ունեցել։ Իսկ երիտասարդներին սովորաբար մասսայական տեսարանների են մտցնում։ Ես երջանիկներից եմ, կատարել եմ տարբեր ժանրերի՝ կոմիկական, դրամատիկական, ողբերգական 40 դեր։ Դա լուրջ դպրոց է դերասանի համար։

– Ունե՞ս քո սիրած դերասանները։

– Սովորել եմ Խորեն Աբրահամյանից։ Տեսել եմ Արմեն Խոստիկյանին, Վերջալույս Միրիջանյանին, Սոս Սարգսյանին, Հեղինե Հովհաննիսյանին, Մհեր Մկրտչյանին։ Մեր թատրոնը ձեւավորվել է Պոլսի ու ռուսական թատերական դպրոցների ազդեցության ներքո։ Գուլակյանն ու Աճեմյանը այս հիմքերի վրա նոր դպրոց հիմնեցին։ Սակայն այս դպրոցն այսօր վտանգված է:

– Ուժերի վերաբաշխման, ընտրության, գնահատման հնարավորություն կա՞։

– Հանդիսատեսի ծափերը դեռ լիարժեք գնահատական չեն։ Կարծում եմ, որ հանդիսատեսը կորցնում է ճիշտ գնահատելու ունակությունը։

– Մշակույթի եւ հասարակության կապը կարեւո՞ր եք համարում։

– Պետությանը, իշխանություններին այդ հարցերը կարծես թե չեն մտահոգում։ Սա խիստ վտանգավոր է։ Ես սիրում եմ իմ երկիրը, քաղաքը, գյուղը, թատրոնը…

Դիմահարդարման սենյակում հանդիպեցի կենսուրախ դերասանուհի Լուսինե Կոստանյանին։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են թատերական կյանքն ընկալում երիտասարդ արտիստները։

– Փոքր հասակում թատրոնում չեմ եղել, սակայն ֆիլմերի ազդեցության տակ երազում էի դերասան դառնալ։ 8- րդ դասարանից սկսեցի հետաքրքրվել թատրոնով։ Հետո ընդունվեցի Վահե Շահվերդյանի դասարանը։ Իմ հասակակից դերասանների համեմատ բախտս ավելի բարյացակամ էր։ 3-րդ կուրսից թատրոնում ինձ առաջարկեցին Սուրեն Շահվերդյանի «Պսիխոզ 4/48» ներկայացման մեջ վեց հերոսներից մեկի դերը։ Իհարկե, կենցաղային խնդիրներն այսօր խանգարում են։

– Ավելի մեծ փորձով դերասանների կողքին ինչպե՞ս ես զգում քեզ։

– Փորձառու վարպետների կողքին ինձ ավելի լավ եմ զգում։ Միշտ էլ սովորելու բան կա նրանցից։ Իհարկե, անհատականությունը ավելի մեծ դեր ունի։

– Ամուսնացա՞ծ ես։

– Ոչ։ Մեր տղաները վախենում են համարձակ ու խելացի աղջիկներից։

– Հետաքրքիր է, որ լրագրող աղջիկներն էլ են նույնն ասում։

– Իհարկե, հակառակն էլ կա։ Բայց տղաները հիմնականում վախենում են պսակվելուց, ընտանեկան հոգսերից, պատասխանատվությունից։

– Ձեր ձայնի տոնայնությունը բավականին թատերական է։

– Գրետա Մեջլումյանը բեմական խոսք էր դասավանդում։ Նա շատ օգնեց ճիշտ կառավարելու խոսքը։

– Ձեր տարիքի դերասաններ շա՞տ կան թատրոնում։

– Մեր կուրսից 14 հոգու միանգամից ընդունեցին թատրոն։ Մեզանից հետո երիտասարդ դերասանների ընդունելություն չի եղել։

– Ձեզանից հետո տաղանդներ չկա՞ն։

– Երեւի թատրոնը նման պահանջ չունի։

– Տարօրինակ է։ Հե՞շտ է դերասանուհի լինել Հայաստանում։

– Դժվար է, քանի որ որպես դերասան ավելի զգացմունքային եմ, որը խանգարում է առօրյա կյանքում։ Բեմում ավելի հեշտ է։ Սակայն երբեմն հարցեր են առաջանում։ Առաջ դիմում էի գեղարվեստական ղեկավարին, լուծվում էր։ Դրսից ռեժիսորը իր հետ դերասան է բերում, երբ թատրոնում համապատասխան դերասաններ կան, իսկ գեղարվեստական ղեկավարը կկողմնորոշեր ռեժիսորին։ Բեմադրություններ են իրականացվում, սակայն թատերական կյանքը, շունչը լիարժեք չէ։

– 40 հազար դրամ աշխատավարձով ի՞նչ եք կարողանում գնել։

– Ոչինչ էլ չեմ գնում։ Բայց հերիքում է հանրային տրանսպորտով գալ փորձերի ու ետ գնալ։ «Հ1» հեռուստաընկերությունում խաղում եմ «Կյանքի կարուսել» հեռուստաշարում։

Սունդուկյանական թատրոնում իմ ճամփորդական եզրափակիչ հանդիպումը ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանի հետ էր։

– Տեղեկատվական դարաշրջանում թե՛ կինոն եւ թե՛ հեռուստատեսությունը դարձել են համացանցի զոհը, որի արդյունքում վերափոխվեցին մարդկային փոխհարաբերությունները,- ասաց նա,- իսկ թատրոնը մնացել է այն վայրը, որտեղ կայանում է հոգիների շփումը։

– Պատմեք ձեր մասին։

– Երկար տարիներ աշխատել եմ Երեւանի երիտասարդական փորձարարական («Փոսի») թատրոնում, բեմադրել եմ նաեւ հեռուստատեսությունում, Մայր թատրոնում, համագործակցել եմ Խորեն Աբրահամյանի հետ։

– Ի՞նչ եք կարծում, մեծ ռեժիսորների դպրոցը շարունակվո՞ւմ է։

– Թատրոնը չպետք է բաղկացած լինի ռե ժիսորական ռեբուսներից։ Ռեժիսորական դպրոցն այն ժամանակ է համարվում գերազանց, երբ ռեժիսուրան սկսվում եւ ավարտվում է դերասանով։ Սրանով է պայմանավորված իմ ձգտումը դեպի Աճեմյանի դպրոցը։ Այս տեսանկյունից Վահե Շահվերդյանի ամեն մի բեմադրություն հերթական դերասանական բացահայտում էր պայմանավորում։

– Լավ դերասանը հրաշալի «գործիք» է լավ ռեժիսորի ձեռքին։

– Ինչպե՞ս,- ասաց Ռազմիկ Խոսրոեւը,- մենք՝ գործի՞ք…

– Աններելի եմ համարում, երբ մեր երկրում կարող է թատրոն փակվել, կամ գլխատել թատրոնի գեղարվեստական ղեկավարի ինստիտուտը,- ասաց բեմադրիչը,- անհնար է պատկերացնել, որ մոսկովյան ՄԽԱՏ- ը մեկ օր մնա առանց գեղարվեստական ղեկավարի։ Թատրոնը բարդ օրգանիզմ է, ու այն պետք է տեր ունենա։ Այլ հարց է, թե նա ինչ լիազորություններով պետք է օժտված լինի։ Պետք է վերանայվեն այդ սահմանները, որպեսզի խուսափենք սեփականացման զոհը դառնալուց կամ այլ կամայականություններից։ Նորամուծություն չեմ համարում, երբ Մայր թատրոնի բեմը «բաց դաշտի» են վերածում, քանի որ այն ենթադրում է աշխատանքային, ֆինանսական եւ ստեղծագործական հարաբերություններ։ Կարելի է նոր թատրոն հիմնել՝ «բաց դաշտով», բայց սունդուկյանական թատրոնից դուրս։ Մայր թատրոնը պետք է անձեռնմխելի մնա։ Անշուշտ, հինը պետք է նորացվի ու զարգանա։

– Գլոբալ առումով թատրոնը վերափոխություննե՞ր է ապրում։

– Մեր թատրոնի հիմքը ռուսական թատերական, ռեժիսորական, դերասանական դպրոցն է։ Սակայն Ռուսաստանում ոչ մի թատրոն չփակվեց, գեղղեկավարի ինստիտուտ չվերացվեց։ Իսկ «բաց դաշտ» ասածը հերթական անգամ փող մսխելու առիթ է հանդիսանում, քանի որ դրսից արվեստագետը գալիս է, բեմադրում ու հեռանում ու ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Երբ մեր «Փոսի» թատրոնի շենքը նախարարությունը վաճառեց, ես արդեն գիտեի, որ թատրոնները վատ վիճակում են հայտնվել։ Իսկ այնտեղ թատերական նոր դպրոց էր սկիզբ առնում։

– Ո՞րն է ձեր վերջին բեմադրությունը։

– Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսը։ Այն բազում բացեր ուներ։ Խնդիր էր դրված այնպես անել, որ համահունչ լինի մեր իրականությանը։ Ռեժիսորական մտահղացումներով լուծվեց խնդիրը։ Ցանկացած գաղափար երկար է եփվում իմ մեջ։ Բայց ես «մոնո» արվեստագետ չեմ, դերասանների միջոցով եմ իրականացնում իմ մտահղացումները։ Իհարկե, լինում են հիասթափություններ, բայց եւ այս կամ այն տաղանդավոր դերասանից իմպուլսներ եմ ստանում։ Լավ ռեժիսորը հաջողված բեմադրությունների կողքին պետք է ունենա նաեւ չհաջողված գործեր, որ սթափվի, թափ առնի։ Ստեղծագործական պրոցես է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել