Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՄԻԱՎՈՐՎԵ՞Ն ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Մայր Աթոռը ավելի շատ հաստատում է, քան հերքում, որ «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ի թիկունքում կարող է լինել Մայր Աթոռը:

ՀՌԱՀ հեռարձակման արտոնագրերի համար հայտարարված մրցույթին Արմավիրի մարզում գործող երեք հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը մասնակցության հայտ չներկայացրեց: Արմավիր քաղաքում սփռվող, օրական 15-ժամյա եթեր ապահովող 21 տարեկան ԱԼՏ հեռուստախմբագրության հիմնադիր տնօրեն Խաչիկ Դանիելյանի համոզմամբ՝ արտոնագիր ձեռք բերելն իր տնտեսության մեջ որեւէ դրական փոփոխություն չէր բերելու, ինչի համար անիմաստ է համարել մրցույթին մասնակցելը: «Էդ լիցենզիան ինձ պետք չի, պայմաններ չի ստեղծում: Դա պետք է նրանց, ովքեր քաղաքական նպատակներ են հետապնդում: Ես ոչ այդպիսի նպատակ ունեմ, ոչ էլ ավելորդ գումար: Մեր համեստ հնարավորությունները թույլ չեն տալիս, որ տարեկան 1 միլիոն դրամ պետտուրք վճարենք եւ գործենք ԱԱՀ դաշտում: Էդ ի՞նչ եկամուտ ունենք, որ մեզ նման շռայլություն թույլ տանք»,- «Առավոտին» ասաց հեռուստաընկերության տնօրենը, որի կարծիքով՝ զուտ բիզնեսի տեսանկյունից մարզային հեռուստաընկերություններն այդ դաշտում «խաղ չունեն»:

Ընկերությունը գոյատեւում է հիմնականում գովազդներից եւ հայտարարություններից ստացած եկամուտներով, որոնց պատվիրատուների համար սփռման սոսկ արմավիրյան տարածքը լիովին բավարար է: «Արմավիրում չկա մի գովազդատու, որը ցանկություն ունենա իր գովազդն ամբողջ մարզով ցուցադրել»,- ասում է Խ. Դանիելյանը: Ասել կուզի՝ խիստ սահմանափակ տիրույթում գովազդի ցուցադրումն արդեն իսկ ֆինանսական համեստ մուտքեր է ենթադրում, ինչն էլ իր հերթին սահմանափակում է ընկերության ֆինանսական ելքերը: «Նախ պետք է կարողանայինք հեռարձակում ապահովել ամբողջ մարզի տարածքով: Իսկ դա նշանակում է՝ լրացուցիչ հաղորդակներ տեղադրել սահմանամերձ գոտիներում, ամեն տարի վճարումներ անել կապուղիների համար: Ես դրանք ավելորդ եւ անիմաստ ծախսեր եմ համարում, որոնց դիմաց ոչինչ չեմ ստանալու»,- պարզաբանեց Խաչիկ Դանիելյանը: Նրա համոզմամբ՝ գործող պայմաններն ու հեռարձակման մասշտաբները, որոնց շրջանակում աշխատում են ավելի քան երկու տասնամյակ, իրենց համար ավելի շահեկան են, քան ընդլայնված պայմաններում գոյություն քարշ տալը. «Իզուր ֆինանսական կորուստ եմ ունենալու»:

ԱԼՏ-ի տնօրենին զարմացնում են մարզային այն հեռուստաընկերությունները, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել. «Օրինակ, Լոռու մարզի հեռուստաընկերություններն, իրենց ռելիեֆից ու աշխարհագրական դիրքից ելնելով, առնվազն 8-9 հեռարձակիչներ պետք է ունենան: Ո՞նց են վճարելու: Եթե իրենց ողջ եկամուտն էլ դնեն, ծախսածածկ անգամ չեն կարող անել: Եթե թիկունք ունեն՝ դա ուրիշ հարց է: Կոնկրետ իմ դեպքում՝ դա քարացած սկզբունք է: Ես չեմ կարող աշխատել որեւէ մեկի թիկունքում կուչ եկած: Հավատում ե՞ք, երեկոյան, տանը նստած եմ իմանում ինչ նորություն կա մարզում»:

Իր ղեկավարած հեռուստաընկերությունը բացարձակ ազատ, անկախ եւ չուղղորդվող հայտարարող տնօրենը չի առաջնորդվում ինչ-որ մարդկանց կամ իշխանություններին դուր գալու չափորոշիչներով: Նույնիսկ պայմանագրեր չունի տեղական եւ մարզային իշխանությունների, ինչպես նաեւ՝ այլ կազմակերպությունների հետ:

Մարզային մի քանի հեռուստաընկերությունների փոխարեն մեկն ունենալու մասին շրջանառվող խոսակցություններին ԱԼՏ-ի տնօրենն անլուրջ է վերաբերվում: Նույնիսկ անհեթեթ համարեց մրցույթին Արմավիրի մարզից մասնակցության միակ հայտը ներկայացրած, նորահայտ «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ի շուրջ միավորվելու միտքը. «Ես նույնիսկ մեկ հեռուստաընկերություն ունենալու գաղափարը չեմ ընդունում: Հայկական իրականության մեջ դա անհնարին է: Համագործակցությունն այլ բան է, բայց միավորում՝ երբեք: Չեմ պատկերացնում, թե տարբեր գաղափարախոսության ու տարբեր սկզբունքներ ունեցողները ո՞նց են տեղավորվելու մի կաթսայի մեջ: Ո՞նց է արտահայտվելու կողմերից մեկի որդեգրած քաղաքականությունը: Չեմ պատկերացնում»:

Մարզային հեռուստաընկերությունների միավորման մասին այլ կարծիքի է, սակայն, դարձյալ Արմավիրում սփռվող «Նոր Հայաստան» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վարդուհի Երանոսյանը: Նրա համոզմամբ, որպեսզի լիցենզիա ստանան՝ ճիշտ կլինի, որ մարզային հեռուստաընկերությունները միավորվեն՝ միասնական թեւութիկունք լինեն, «այլապես, փոքրիկ հեռուստաընկերությունները ֆինանսական առումով նման ներդրումներ ի վիճակի չեն անել»:

«Նոր Հայաստանը» արմավիրցի հեռուստադիտողին ծանոթ է 1993 թվականից: Սկզբում մետրային հեռարձակմամբ հեռուստախմբագրություն է եղել՝ «ԹԵՎ» (թելեվիժըն Երանոսյան Վարդուհի) ՍՊԸ անունով, հետո վերանվանվել է «Նոր Հայաստան» ու ապահովել սփռման դեցիմետրային տիրույթ:

Օրական 6-ժամյա եթեր ապահովող հեռուստաընկերությունը բավականին դժվարությամբ է միջոցներ հայթայթում: Վարդուհի Երանոսյանն իրեն նվիրյալ է համարում եւ կարծիք հայտնում, որ մարզային հեռուստաընկերությունը բիզնեսի առումով շահութաբեր լինել չի կարող: Հավանություն տալով մարզային հեռուստաընկերությունների միավորմանը, ասաց, որ ինքն այս մասին տարիներ առաջ է ակնարկել ԱԼՏ-ի ղեկավարին եւ մերժում ստացել:

Տարածաշրջանային հեռուստաընկերության գաղափարն, այնուամենայնիվ, իրական է: Այդպիսին լինելու ոչ միայն ցանկություն, այլեւ կոնկրետ քայլ արդեն արել է «Նոր դար, նոր հազարամյակ» ՍՊԸ-ն, որն, ըստ շրջանառվող լուրերի՝ թիկունքում ունի Մայր Աթոռի հովանավորությունը: «Այդքան էլ այդպես չէ: Դա մի խումբ միաբանների եւ նրանց աջակից աշխարհականների նախաձեռնությունն է՝ ունենալ տարածաշրջանային հեռուստաընկերություն, ինչի համար դիմել են Վեհափառին եւ ստացել Վեհափառի օրհնությունն ու աջակցությունը՝ կազմակերպելու այդ ծրագիրը»,- «Առավոտին» ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Իսկ ինչ վերաբերում է մարզում գործող մյուս ընկերությունների՝ նոր հեռուստաընկերության լոգոյի տակ հանդես գալուն, հոգեւորականի փոխանցմամբ՝ դա նրանց որոշելու խնդիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել