Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 տարի անց

Դեկտեմբեր 10,2010 00:00

Վկաները հրաժարվում են նախնական  ցուցմունքներից

Տարիներ առաջ Ալավերդի քաղաքի Շեստակովի փողոցի երթեւեկելի հատվածում մարդիկ տղամարդու դիակ հայտնաբերեցին:

Սպանությունը ցնցեց ալավերդցիներին, սակայն եղելությունը շուտով մոռացության տրվեց:

Սպանությունից 10 տարի է անցել:

Սպանողն էլ, կարծես, հայտնվել է:

Ալավերդցի 39-ամյա Արմեն Կիլինկարովը մեղադրվում է նույն քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին սպանելու մեջ:

Սրանից 10 տարի առաջ Արսեն Շաքարյանի եղբայրը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել ամբաստանյալի եղբորը՝ Գագիկ Կիլինկարովին: Արմեն Կիլինկարովն էլ պարզաբանումներ ստանալու նպատակով մորեղբոր տղայի հետ մեքենայով գնացել է փնտրելու Ա. Շաքարյանի եղբորը: Սակայն ճանապարհին հանդիպել է հենց Արսենին ու նստեցրել մեքենան:

Մեքենայում վիճաբանության թեժ պահին իր մոտ գտնվող հրազենից ավտոմեքենայի մեջ կրակել է Արսեն Շաքարյանի որովայնին, սպանել, ապա վերջինիս դիակը գցել Շեստակովի փողոցի երթեւեկելի մասում եւ դիմել փախուստի:

Սա ըստ մեղադրականի:

Սպանության գործն այժմ քննում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Գործով բոլոր վկաներն այժմ հրաժարվում են նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքներից կամ դրանց մեջ ավելացումներ են գտնում:

«Ասում էին՝ Արմենն է սպանել, դուք դրա մասին բան գիտե՞ք»,- դատարանում պարզաբանում են նախաքննության ժամանակ ոստիկանություն հրավիրված վկաները:

Դատարանում վկաներից մեկը, ով թե դեպքի ժամանակ էր ոստիկանության աշխատակից, թե դեպքից հետո, հայտարարեց, որ իր տված ցուցմունքը լրացրել է քննիչը: Բայց դա ամենը չէ. վկան իր տված ցուցմունքի վերջնամասը չի ճանաչում, ասում է, որ նման բան ինքը չի ասել: Մյուս վկան էլ հայտարարեց, որ այժմ ամբաստանյալ Արմեն Կիլինկարովի անունը, որպես սպանության հավանական կատարողի, իրեն ասվել է ոստիկանությունում, ոստիկաններն են ասել:

«Իրենք միակ վկաները չեն. գրեթե բոլոր վկաները հայտնում են, որ Արմենի անունն իրենց թելադրել են ոստիկանությունում: Մի խոսքով՝ ոստիկանների կողմից է հուշվել, ուղղորդվել: Ոստիկաններն են նախաձեռնողը եղել Արմեն Կիլինկարովի անունը հնչեցնելու,- ասում է Արմեն Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանը եւ ավելացնում,- վկաներ էլ կան, որ ասում են, թե իրենք լսել են, թե սպանողը էս ինչ մարդն ա, իսկ երբ հարցնում ես՝ ումից եք լսել, չեն իմանում: Օրենքում բազմաթիվ կատեգորիկ պահանջներ կան, որ եթե ինֆորմացիայի աղբյուրը չկա, էդ ապացույցը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում, բայց մեղադրողը դրել է: Բացի այդ, Արմեն Կիլինկարովի՝ սպանություն կատարելու վերաբերյալ ընդամենը 1 ցուցմունք է մեղադրանքի հիմքում դրված, մեկ անձի ցուցմունք, եւ այդ անձը նախաքննության փուլում հրաժարվել է իր նախաքննական առաջին ցուցմունքից՝ հայտնելով, որ այն ժամանակ սուտ է ասել»:

Պաշտպանն ավելացնում է, որ Կիլինկարովի նախնական կալանքը 1 տարի 1 ամիս է տեւել, երբ որ օրենքով նախնական կալանքը 1 տարուց ավելի չի կարող լինել:

«Անձի անձեռնմխելիության իրավունքն է խախտվել, կալանքի ժամկետները երկարաձգվելիս վկայակոչվել են մտացածին հիմքեր, արդար դատաքննության սկզբունքն է խախտվել, բավարար ապացույցների համակցությամբ մեղավոր ճանաչելու սկզբունքն է խախտվել, երբ որ անձը չի կարող մեկի ցուցմունքի հիման վրա դատապարտվել: Ապացույցների ազատ գնահատման սկզբունքն է խախտվել, երբ որ 10 ապացույցների առավել նվազ նշանակություն է տրվել քրեական հետախուզման մարմնի կողմից, քան մեկ ապացույցը, իսկ իրականում չպետք է մեկը մյուսին առավելություն տրվի»,- անձի խախտված իրավունքների մասին է պատմում պաշտպանը:

Բացի արդարացման դատավճռից՝ պաշտպանի համար այլ ելքով դատավճիռ ընդունելի չի լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել