Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ՈՒ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մասիս Ղազանչյանը:

– 2010 թվականի կտրվածքով հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպանները օտարերկրյա քանի՞ քաղաքացու պաշտպանություն են իրականացրել:

– Այս տարվա ընթացքում մեր գրասենյակի հանրային պաշտպաններն իրականացրել են արտասահմանցի քաղաքացիներին վերաբերող 38 հարուցված, հիմնականում քրեական գործերի պաշտպանություն, ընդ որում՝ 52 անձ է ներգրավված եղել այդ գործերում: Երեւան քաղաքում գրանցվել է 28 գործ՝ 39 անձի մասնակցությամբ, իսկ հարուցված մյուս 24 գործի պաշտպանությունն իրականացվել է մարզերում: Մեր գրասենյակի արտասահմանցի պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռ չի կայացվել, բոլորն էլ պատժաչափ են ստացել:

– Ընդհանրապես, օտարերկրյա քաղաքացիների պաշտպանությունն ինչպե՞ս է կազմակերպվում, այն որեւէ կերպ տարբերվո՞ւմ է ՀՀ քաղաքացիների պաշտպանությունից:

– Թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ օտարերկրյա քաղաքացիների պաշտպանությունն իրականացնելու հարցում, ըստ էության, տարբերություն չկա, որովհետեւ հանրային պաշտպանի գրասենյակը ստեղծվել է հանրապետության սոցիալապես անապահով խավերին իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, որն ապահովագրված է համապատասխան բոլոր օրենքներով: Եթե օտարերկրյա քաղաքացին հանցագործություն է կատարել մեր երկրի տարածքում, եւ նրա գործը ստանձնել է ՀՀ վարույթ իրականացնող որեւէ՝ նախաքննական, դատաքննական մարմին, պաշտպանություն իրականացնելու կարգը մնում է նույնը: Հաշվի է առնվում այն, որ օտարերկրացին մեր լեզվին չի տիրապետում եւ հնարավորություն չունի պաշտպանությունն ապահովելու համար պայմանագրային կարգով փաստաբան վարձելու կամ պայմանագիր կնքելու, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում՝ ազատել օտարերկրացուն իրավաբանական օգնության վճարից եւ դիմում է մեզ՝ պաշտպան նշանակելու համար: Որոշման հիման վրա մենք նշանակում ենք պաշտպան, իսկ թարգմանչի հարցն ու մյուս պետքերը լուծում է վարույթն իրականացնող մարմինը: Իհարկե, գործառույթների շրջանակներում ամեն ինչ չէ, որ հարթ է գնում: Սա արտասահմանցիներին չի վերաբերում: Լինում են առանձին դեպքեր, երբ վարույթն իրականացնող մարմինն ամեն կերպ աշխատում է, որ մարդն իրավաբանորեն պաշտպանված չլինի: Մեր գրասենյակը այժմ հիմնականում իրականացնում է Իրանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանություն, որոնք հիմնականում մեղադրվում են թմրանյութերի օգտագործման, տեղափոխման, իրացման մեջ: Վերջին շրջանում Իրանի 10-13 քաղաքացու գործ ենք պաշտպանել: Այս օրերին իրականացնում ենք նաեւ Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ, թվով 7 սահմանախախտ քաղաքացու պաշտպանություն:

– Ձեր գրասենյակի իրականացրած պաշտպանությունների պրակտիկան ի՞նչ է վկայում՝ նախաքննական եւ դատաքննական մարմիններն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ օբյեկտիվ քննություն անցկացնո՞ւմ են:

– Եթե գործը վարում է ազգային անվտանգությունը, նրանց մոտ այդ առումով գրեթե անթերի է, օրենքի բոլոր պահանջները կատարվում են: Բոլոր դեպքերում, հաշվի են առնում արտասահմանցի լինելը եւ մեղմ պատիժ են սահմանում: Դեպքեր են գրանցվել, երբ սեփական երկիրն է ներգրավվել վարույթում գտնվող գործում: Օրինակ, Հնդկաստանի քաղաքացիներից մեկի գործով Հնդկաստանի դեսպանատունն անմիջականորեն փորձեց իր քաղաքացուն օգնել: Հատկապես բարեկամ երկրների դեսպանատան կամ հյուպատոսարանի ներկայացուցիչները, երբ մտնում են դատարան, բարենպաստ տպավորություն են ստեղծում: Նրանց ներկայությունը դրական է ազդում դատական գործընթացի վրա: Մարդկային մի հատկանիշ էլ կա. հաշվի են առնում նաեւ այն, որ օտարերկրացին հայտնվել է իր համար լրիվ օտար միջավայրում: Սա եւս մեղմացուցիչ հանգամանք է: Օտարերկրյա մեղադրյալի համար նպաստավոր է նաեւ այն, որ իր երկիրը մեր երկրի հետ ունենա դիվանագիտական հարաբերություններ, քանի որ նրանք կարող են օգնել իրենց քաղաքացուն, միայն Թուրքիան դա չունի: Մերոնք շատ լավ դա ընկալում են եւ ավելի լավ են վերաբերվում օտարերկրյա քաղաքացիներին: Մինչ օրս չեմ լսել որեւէ դեպք, որ նրանց նկատմամբ խորթ մեթոդ կիրառվի: Առաջին հերթին աշխատում են ապահովել թարգմանիչով ու պաշտպանով:

– Եղե՞լ են դեպքեր, երբ օտարերկրյա համապատասխան մարմիններն են շահագրգռված եղել իրականացնել իրենց քաղաքացու հանրային պաշտպանությունը:

– Ճիշտն ասած՝ չէ: Ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Մեր հանրային պաշտպանը մասնակցում էր, կարծեմ, Հնդկաստանի քաղաքացու գործով, Հնդկաստանի դեսպանատան ներկայացուցիչն անընդհատ մեր պաշտպանի հետ քննարկում էր ստեղծված իրավիճակը, ճշտում, թե ինչ բնույթի օգնություն պիտի տրամադրվի, հետո նրանք ցանկացան ունենալ նաեւ երկրորդ պաշտպանը, այդ ժամանակ ասացինք, որ արդեն հնարավոր չէ հանրային պաշտպանի մասնակցությունն այդ գործին, քանի որ նա արդեն պաշտպանով ապահովված եւ վճարունակ էր, հետեւաբար, այլեւս հանրային պաշտպան ունենալ չէր կարող:

– Օտարերկրյա քաղաքացիների պատժաչափի կրումը կանոնակարգվա՞ծ է մեր օրենսդրությամբ:

– Սկզբունքորեն նրանք պետք է իրենց պատիժը կրեն ՀՀ-ում, որովհետեւ վարույթն այստեղ է իրականացվել: Բայց եթե տվյալ երկրի հետ ունենք համաձայնագիր կամ պայմանագիր, ապա դատապարտյալը կարող է պատժաչափը կրել հայրենիքում: Այս պահի դրությամբ մեր բոլոր հարեւանների հետ այդպիսի պայմանագիր ունենք, բացառությամբ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի:

– Իսկ արտերկրի քաղաքացիների արտաքսման վճիռների առնչությամբ աշխատանքային պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս:

– Արտաքսման գործերով մենք գրեթե չենք զբաղվում: Արտաքսումն արդեն քրեական գործ չէ, եւ այլ մարմիններ են այն իրականացնում, դա լուծում են դիվանագիտական մակարդակով, «պերսոնա նոն գրատա»-ի շրջանակներում դատարանը պարզապես սահմանում է նորմեր, պատժաչափը, եթե մեղավոր է ճանաչում եւ ազատում է, եթե պարզվում է, որ նրա արարքի մեջ հանցակազմ չկա կամ դեպքը տեղի չի ունեցել:

Հ. Գ. Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների մեկնաբանությունները օտարերկրյա մեղադրյալների շահերը պաշտպանելու «հաճության» եւ «տհաճության» մասին՝ «Առավոտի» առաջիկա համարներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել