Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՉՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՔԱՅԼԵԼ

Դեկտեմբեր 10,2010 00:00

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները երեկ կրկին համախմբել էին աշխատունակ հղի կանանց՝ այս անգամ կառավարության շենքի առջեւ: Թե ինչու է կառավարությունը որոշել, որ հունվարի 1-ից ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում կանայք ստանալու են միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով փոխհատուցում՝ հավաքվածները փորձում էին ճշտել կառավարության շենքից դուրս եկող աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից, որի պարզաբանմամբ. «Այս օրենքով պետությունը փոխհատուցում է հղի կնոջը իր աշխատանքից ստացած եկամտի դիմաց, դա նպաստ է, ոչ թե ապահովագրություն, իսկ պետությունը պատրաստ է այսօր փոխհատուցել ընդամենը այդ չափով»: Նա նաեւ հիշեցրեց, որ ներկայումս համապատասխան գերատեսչությունների հետ քննարկում են օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել ու առաջիկայում կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները: Նախարարը չբացառեց, որ քննարկումների արդյունքում օրենքը նախկին տեսքին համապատասխանի: Նա նաեւ հղիներին հորդորեց հաշվել, թե կառավարությունն ինչքան արտոնություններ է իրենց համար սահմանել, որին ի պատասխան՝ հղիները հարցրին. «Ի՞նչ արտոնություններ, մի օրինակ բերեք»: Նախարարն էլ պատասխանեց. «Անվճար ծննդաբերությունը արտոնություն չէ՞: Այս փոփոխությունով նախատեսում ենք, որ չաշխատող մայրերն էլ նպաստ ստանան»: Հղիներն էլ վրա տվեցին. «Մեզնից կրճատում ու նրանց եք տալիս»: Նախարարն էլ առաջարկեց իր մեքենայով ուղեկցել նախարարություն ու այնտեղ ցույց տալ, որ նպաստները չեն կրճատում, դեռ մի բան էլ ավելացնում են: Սակայն հղիները պնդեցին, որ նախարարի հետ միասին կքայլեն դեպի նախարարություն: Ա. Գրիգորյանն էլ հակադարձեց. «Իհարկե, այդպես չի ստացվի, բոլորով չենք կարող քայլել»: Բայց հղիներից մեկը նախարարից հարցրեց. «Դե այստեղ պատասխանեք իմ հարցին: Ինչո՞ւ եք ինձ հարկում իմ ամբողջ աշխատավարձից, բայց դրա դիմաց, ես, որ ընդամենը 1 կամ 2 երեխա պետք է ունենամ իմ ամբողջ կյանքում, աշխատանքային ողջ գործունեության ընթացքում վճարելու եմ», որին պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Ստանալու եք մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ, չէ՞, ի՞նչ կապ ունի ինչքան, կարեւորը՝ ստանալու եք: Չափի մասին ինչո՞ւ եք մտածում: Հիմա դեմ եք օրենքի այս փոփոխություններին, բայց օրենքը դեռ մշակման փուլում է, մի անհանգստացեք»:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկվա կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն ու ԱԺ համապատասխան հանձնաժողովը կիսում են հնչող մտահոգությունները, այդ է պատճառը, որ առաջիկայում բոլոր շահագրգիռ կողմերի հետ կկազմակերպվի քննարկում. «Անհրաժեշտության դեպքում, իսկ անհրաժեշտությունը, ինձ թվում է, կա, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ եւ օրենքում կկատարենք շտկումներ՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխթանի ծնելիությունը հանրապետությունում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել