Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խաղահրապարակը՝ շինհրապարա՞կ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Երեւանի քաղաքապետարանը հավաստիացնում է, որ տվյալ տարածքում խաղահրապարակ չի եղել:

\"\"Տերյան 19 շենքի բակում գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դիվելոփմընթ» ընկերությունը նոր բազմաբնակարան շենք է կառուցում: Այս շենքը կառուցելու նպատակով բակի տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնելու համար հրապարակ է «բացվել», որը, բակի բնակիչների ներկայացմամբ, գրավում է ընդհանուր բակի մեծ մասը՝ այդպիսով քիչ տարածք թողնելով այստեղ բնակվողների տեղաշարժվելու եւ երեխաների խաղալու համար: Տերյան 19 շենքի բնակիչները վստահեցնում են, որ այդ շինհրապարակը ստեղծվել է իրենց երեխաների խաղահրապարակի վրա, որը վերջերս է Երեւանի քաղաքապետարանի միջոցով կառուցվել. «Իրենք սարքեցին, որ իրենք էլ քանդեն: Հիմա մեր երեխաները որտե՞ղ պետք է խաղան: Կամ ո՞վ ասաց, որ այդքան մեծ տարածք պետք է վերցնի կառուցապատողը: Նրա հիմնական շինարարական աշխատանքներն իրականացվելու են բակի մյուս կողմից, ոչ թե այս կողմից, որ այս տարածքն էլ է փակել»:

Սակայն այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը «Առավոտին» պարզաբանեց, որ տվյալ տարածքում խաղահրապարակ չի եղել, առավել եւս Երեւանի քաղաքապետարանի կողմից ստեղծված. «Մենք ինչպե՞ս կարող էինք վաղուց իրացված տարածքում, որտեղ պետք է կառուցապատում իրականացվեր, խաղահրապարակ հիմնել, հետո էլ այդ նոր խաղահրապարակը ներառել շինհրապարակի տարածքում եւ թույլ տալ, որ այն քանդեն: Բնակիչները ճիշտ չեն ասում»: Նա հավաստիացրեց, որ շինհրապարակի տարածքն ամբողջությամբ պատկանում է տվյալ տարածքում կառուցապատում իրականացնող ընկերությանը. «Դա չի նշանակում, որ նոր շինությունը զբաղեցնելու է շինհրապարակի ամբողջ տարածքը, շենքը, որ կառուցվելու է, բնականաբար, ավելի քիչ տարածք է զբաղեցնելու: Շենքի կառուցումից հետո էլ կառուցապատողը տվյալ տարածքը բարեկարգելու է: Ընդհանրապես, բոլոր շինարարական աշխատանքների ժամանակ, անպայման, տրամադրվում է շինհրապարակ, առաջին հերթին տարածքի բնակիչների անվտանգությունից ելնելով: Կառուցապատումը սկսելուց առաջ, առաջին հերթին՝ շինհրապարակն է սահմանազատվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել