Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

71-ԱՄՅԱ ԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԴՌՆԵԴՈՒՌ ԵՆ ԳՑՈՒՄ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Պետական հիմնարկության խախտումների պատճառով տարեց կինը չի կարողանում վերականգնել իր ստաժը

Որքան էլ մեր կառավարությունը փորձում է կենսաթոշակային համակարգում բարեփոխումներ կատարել, ինչ-որ կերպ թոշակառուների վիճակը բարելավել, այնուամենայնիվ, բազմաթիվ թոշակառուներ դրանից ոչինչ չեն շահում: Մի կողմից կառավարությունը հույսեր է տալիս թոշակառուներին, մյուս կողմից էլ՝ արհամարհական վերաբերմունք ցուցաբերում, հատկապես՝ եթե խնդիրը վերաբերում է տարիներ առաջ որոշ պետական հիմնարկների կողմից կատարված խախտումներին:

71-ամյա Լարիսա Եսայանն էլ նման վերաբերմունքի պատճառով չի կարողանում վերականգնել իր աշխատանքային ստաժը, որպեսզի թոշակը գոնե մի փոքր ավելանա: 1992 թվականից մինչեւ 1997 թվականը տիկին Լարիսան աշխատել է առողջապահության նախարարության ավտոտրանսպորտային ձեռնարկությունում: Օրինական գրանցված աշխատող է եղել, անգամ աշխատանքային գրքույկում նշված է, թե քանի տարի է աշխատել եւ որպես ինչ է աշխատել: Սակայն, երբ փորձել է այդ 5 տարիների ստաժը վերականգնել, սոցիալական ապահովության պետական ծառայությունից պարզել է, որ ավտոտրանսպորտային ձեռնարկությունը սոցվճարումներ չի կատարել: Բանն այն է, որ այդ ընկերությունը 1997-ին լուծարվել է եւ իրավահաջորդ չի ունեցել: Սոցիալական ապահովության պետական ծառայությունը տիկնոջից պահանջել է ներկայացնել մի փաստաթուղթ, որ ինքը ամեն ամիս աշխատավարձ է ստացել: Երբ տիկինը դիմել է նախարարություն, նրան պատասխանել են, որ այդ ընկերությանը պատկանող արխիվ իրենց մոտ չկա, ուստի նրա աշխատավարձի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ տրամադրել չեն կարող: Տիկին Լարիսային հորդորել են դիմել պետական արխիվ: Սակայն այստեղից էլ նրան պատասխանել են, որ տվյալ ձեռնարկությանը պատկանող ոչ մի փաստաթուղթ իրենց մոտ գոյություն չունի: «Ինձ տանում-բերում են: Կարծես թե իրար վրայից ցրում են: Եթե արխիվ գոյություն չունի, ստացվում է, որ ես կորցնում եմ իմ աշխատանքային ստաժն ու դրան համապատասխան գումարը»,- վրդովվեց տիկին Լարիսան: Սոցվճարումներ չկատարած եւ լուծարված ընկերությունների համար, փաստորեն, կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, եւ ձեռնարկության նախկին աշխատակիցներին, իրենց իրավունքները պաշտպանելու միակ ճանապարհը, ոլորտի մասնագետները դատարանն են մատնանշում: Չի բացառվում, որ այդ լուծարված ընկերությունը դիտավորյալ է արխիվը վերացրել, քանի որ լուրջ խախտում է կատարել՝ սոցվճարներ չանելով: Այսինքն՝ չկա փաստ, չկա նաեւ պատասխանատվություն: Նշենք, որ լուծարված ձեռնարկությունում մի քանի տասնյակ աշխատակիցներ են եղել, որոնց աշխատանքային ստաժը կորչում է՝ արխիվը վերացնելու պատճառով:

«Առավոտի» հետ զրույցում սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը վստահեցրեց, որ ավտոտրանսպորտային ձեռնարկության նախկին աշխատակցի աշխատանքային գրքույկը ստաժ հաշվարկելու համար բավարար հիմք չէ: Ըստ պարոն Աբրահամյանի, գրքույկներում հնարավոր է աշխատելու մասին գրառումը կեղծեն, կամ ետին թվով գրեն, ուստի նման դեպքերում իրենք պահանջում են փաստաթուղթ, որով կհաստատվի, որ տվյալ անձը աշխատել է եւ ստացել աշխատավարձ: Վարչության պետի խոսքերով՝ «Եթե ձեռնարկությունը հաշվառված է լինում մեր բազայում, ապա հնարավոր է մի բան անել, տեսնել, թե ինչ պարտք ու պահանջ կա: Բայց եթե սոցվճար չի կատարել եւ մեր բազայից բացակայում է, ապա անհնար է տվյալ մարդու ստաժը վերականգնել: Միակ միջոցը դատարանն է: Դատարանը պետք է քննություն անցկացնի եւ պարզի այդ ձեռնարկության գործունեության մասին»: Մեր այն հարցին, եթե արխիվ գոյություն չունի, ապա ինչպե՞ս են հայթայթելու փաստաթղթերը, պարոն Աբրահամյանն ասաց. «Օրինակ՝ ձեռնարկության աշխատակիցներից մի քանի հոգի ներկայանում են եւ վկայություն են տալիս, որ աշխատել են, ստացել աշխատավարձ եւ այլն: Այսինքն՝ մանրամասներ են ճշտվում: Մենք ենթադրաբար ստաժ չենք կարող հաշվել»: Մենք փորձեցինք նաեւ առողջապահության նախարարությունից պարզաբանում ստանալ: Նախարարությունից հաստատեցին, որ նման ձեռնարկություն եղել է, եւ իսկապես հնարավոր է, որ արխիվը կորել է հին շենքից նոր շենք տեղափոխվելու ժամանակ: Նորանշանակ փոխնախարար Տիգրան Սահակյանն ասաց, որ ինքը նոր է այդ պաշտոնում եւ խոստացավ, թոշակառու Լարիսա Եսայանի հետ հանդիպումից հետո, խնդրին ծանոթանալ եւ օգնել նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել