Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բանկը չի աջակցի պետական պաշտոնյաներին

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Եկող տարվա մայիսից նորաստեղծ Համահայկական բանկը կսկսի գործել: Երեկ կառավարությունում բանկի նորանշանակ գործադիր տնօրեն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցն ու բանկի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բանկի աշխատանքային պայմանագիր ստորագրեցին: Ավելի ուշ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պարոն Ներսիսյանցն ասաց, որ բանկի կանոնադրական կապիտալը $100 միլիոն է, որից $20 միլիոնը պետությունն է տրամադրել. «Մնացած գումարները կլրացնենք միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ մասնավոր այլ աղբյուրներից: Պետության դերը լինելու է ցածր, եւ բանկի գործունեությունը կընթանա մասնավոր հատվածի շուկայի կանոններով»: Նա նաեւ նշեց, որ բանկն առեւտրային չէ՝ զարգացման բանկ է: Այն ընթացիկ հաշիվներ չի բացելու, կարճատեւ առեւտրային կամ հիփոթեքային վարկեր չի տրամադրելու. «Արտահանումը խթանելու նպատակով այս բանկը երկարատեւ վարկեր եւ ներդրումներ է տրամադրելու այն ձեռնարկություններին, որոնք հայկական արտադրանքը արտահանում ու ներկայացնում են միջազգային շուկաներում ու ամեն կերպ փորձում են հայկական արտադրանքը մրցունակ դարձնել: Համահայկական բանկը չի աջակցելու պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված ձեռնարկություններին: Այն լինելու է թափանցիկ ու անկախ»: Բանկի խորհուրդը արդեն քննարկել ու զատորոշել է, թե առաջիկայում որ ոլորտներին է աջակցելու. «Հեռանկարային ոլորտներ են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթական, բժշկական եւ զբոսաշրջության ոլորտները: Այս բանկը աշխատատեղերը կավելացնի ու կբարձրացնի մարդկանց կենսամակարդակը: Հետագայում նախատեսել ենք նաեւ Սփյուռքի հետ համագործակցություն»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս կադրերի հավաքագրման ու բանկի համար նախատեսված տարածքի վերանորոգման հարցերով են զբաղված: Ըստ նրա, նախատեսել են աշխատանքները ավարտին հասցնել մինչեւ եկող գարուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել