Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՇՈԿԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ՞

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը աշխատանքից ազատվել է իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Երեկ կառավարության նիստը այս հայտարարությամբ սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Բոլոր գերատեսչություններում պետք է մեծ կարեւորություն տրվի էթիկայի կանոնների պահպանմանը ու պաշտոնատար անձանց պահվածքին: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակայնորեն պատժել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարին իր պահվածքի համար, ցավոք սրտի, նախարարն այս հանձնարարականը չի կատարել: Կարծում եմ՝ սա անթույլատրելի է: Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն: Եթե ցանկանում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ, պետք է լինենք խստապահանջ մեր ենթակաների նկատմամբ՝ անթույլատրելի համարելով այն պահվածքը, որը խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ: Այսուհետեւ էլ շատ խստապահանջ ենք լինելու»:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանը խոստովանեց, թե նախարարի՝ աշխատանքից հեռացվելու մասին նորությունն իրեն շոկի մեջ է գցել: «Չեմ տիրապետում այս պատմության մանրամասներին: Վարչապետի ասածից եմ տեղյակ: Երեկ երեկոյան նախարարին զեկուցելու բան ունեի, ասաց՝ ինձ մի՛ զեկուցիր, ես այլեւս նախարար չեմ: Անակնկալի եկա ու շոկի մեջ ընկա»,- պատմում էր նա: Հետո հավելեց, որ դատական ակտերի հարկադիր ծառայության ղեկավարին արդեն խիստ նկատողություն է հայտարարվել, ու դեռ պարզ չէ՝ նա կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ: Նա դժվարացավ նաեւ պատասխանել, թե նախարարի պաշտոնում առաջիկայում ով կնշանակվի:

Վարչապետը երեկ, բացի նախարարի աշխատանքից ազատվելու որոշմանն անդրադառնալուց, կառավարության նիստում նաեւ այլ հարց բարձրացրեց: Ըստ նրա, ԵՄ կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակությունից Հայաստանն այսօր արդյունավետ չի օգտվում: Չնայած, նրա համոզմամբ, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման եւ համագործակցության մեծ ներուժ կա: «Այդ կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի է ունենալու մեզ համար չափազանց կարեւոր գիտաժողով, որը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ համագործակցության խնդիրներին: Մանրակրկիտ քննարկվելու է այն գործիքակազմը, որը մեզ առաջարկում է ԵՄ-ն: Իսկ այդ գործիքակազմին տիրապետելը անհրաժեշտ է մեր նախարարություններին»: Վարչապետը հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին, որ իրենք էլ հանձնարարեն իրենց տեղակալներին՝ այդ գիտաժողովին անպայման մասնակցել. «Արդյունքում, ակնկալում եմ, որ ձեր տեղակալները կներկայացնեն հաշվետվություն, թե ձեր գերատեսչությունները ինչպիսի գործիքներից ու ինչպես պետք է օգտվեն, եւ այդ առաջարկությունները կներկայացնեն ինձ գիտաժողովից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել