Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ապօրինությունները քննելու է ոչ թե ՀՔԾ-ն

Դեկտեմբեր 10,2010 00:00

Այլ հենց ոստիկանությունը՝ ըստ գլխավոր  դատախազության որոշման

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն «Առավոտին» պատմեց, թե ինչ զարգացումներ են եղել նոյեմբերի 9-ին «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցի դիմաց խաղաղ ցույցի նկատմամբ ոստիկանության կողմից սահմանափակումներ կիրառելու եւ հետագա ընդհարման կապակցությամբ. «Նոյեմբերի կեսերին երկու անգամ հրավիրվել եմ ոստիկանություն՝ քննչական բաժնի քննիչ Ապրեսյանի հրավերով: Առաջին հանդիպմանը զգացի, որ քննիչը մեղադրական ուղղվածության հարցեր է տալիս, եւ հրաժարվեցի պատասխանել դրանց: Երկրորդ անգամ քննիչը կազմակերպել էր առերեսում բռնություններ գործադրած ոստիկաններից մեկի հետ»: ՀՀ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝ առերեսումը կատարվում է այն դեպքում, երբ երկու առկա ցուցմունքներում կան էական հակասություններ, մինչդեռ պրն Կարապետյանը, դարձյալ հիշեցնենք, հրաժարվել էր ցուցմունք տալ. «Ինձ համար ակնհայտ դարձավ, որ քննիչի գործողություններն ուղղված են «ուսումնասիրելու» նոյեմբերի 9-ի դեպքերը ոչ թե ամբողջությամբ, այլ միայն այն պահից սկսած (10:00-ի սահմաններում), երբ ոստիկանները սկսեցին խոչընդոտել ցուցարարների երկրորդ խմբի մասնակցությունը բողոքի գործողությանը: Այսինքն՝ երբ 9:30-ին 8 խաղաղ ու լուռ կանգնած ցուցարարների նկատմամբ կիրառվեց բռնություն, երբ ինձ առանց որեւէ հիմնավորման սկսեցին հրել ու քաշքշել՝ այդ հատվածը չէր հետաքրքրում քննիչին:

Առերեսման ընթացքում քննիչն ուղղորդում էր ոստիկանի պատասխանները: Իմ այն հարցին, թե օրենքի ո՞ր դրույթի համաձայն էին «պահանջ» ներկայացնում ցույցն այլ տեղ տեղափոխել՝ չկար եւ ոչ մի պատասխան: Բնականաբար, որեւէ հիմնավորում չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով, որ բողոքի ակցիան մինչեւ 15:00-ն շարունակվեց նույն վայրում եւ չհնչեց որեւէ հրապարակային պահանջ՝ այն դադարեցնելու կամ տեղափոխելու այլ տեղ: Եթե անաչառ եւ մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի միջադեպի ողջ ընթացքը՝ ակնհայտորեն կապացուցվի, որ ոստիկանության գործողություններն ապօրինի էին: Իմ այն բողոքին, որ քննիչն ամբողջությամբ չի ուսումնասիրել տեղի ունեցածը, հնչեց պատասխան, որ եթե ես նյութեր ունեմ՝ ներկայացնեմ իրենց: Ես արձագանքեցի, որ եթե լիներ անաչառ քննություն իրականացնելու շահագրգռություն, ապա հնարավոր չէր անտեսել հաջորդ օրվա «Առավոտ» օրաթերթի հրապարակումը եւ www.epress.am կայքում տեղադրված գրեթե ամբողջական տեսանյութը»:

Թեեւ նրան խոստացել էին կրկին հրավիրել ոստիկանության քննչական բաժին՝ նոյեմբերի 22-ից հետո ծանուցագիր չի ստացել. «Նման գործելակերպը հերթական վկայությունն է, որ ոստիկանությունը չի փոխելու իր՝ քաղաքական անցուդարձին ապօրինի միջամտելու բութ գործիքի գործառույթը: Զարմանալի է միայն, որ նման անպատվաբեր քայլերին իր օրհնությունն է ցանկանում տալ երիտասարդ քննիչը, որ իր կարիերան սկսում է աղաղակող օրինախախտումներով: Մի քանի օր առաջ նաեւ հայտնի դարձավ, որ օրենքի հերթական խախտման եղանակով է գործում նաեւ Գլխավոր դատախազությունը»: Պարզաբանելու համար, թե ինչին է վերաբերում պրն Կարապետյանի վերջին դիտարկումը՝ մեջբերենք այն բողոքը, որը նա երեկ հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին. «09.11.2010թ. թվագրված՝ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հաղորդումը՝ հանցագործության կատարման մասին, համաձայն ստացված պատասխանի, ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի քննչական բաժին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում այն ուսումնասիրելու համար: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ իմ հաղորդումը վերաբերում էր 2010թ. նոյեմբերի 9-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի դիմաց անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նկատմամբ բռնություն, իսկ այնուհետեւ Ոստիկանության Կենտրոնի բաժին տարված երիտասարդներին ծեծի ենթարկած ոստիկաններին հայտնաբերելուն եւ պատասխանատվության ենթարկելուն: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը՝ քրեական գործ հարուցելու մասին, քրեական գործ հարուցելը մերժելու մասին, հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին: Քանի որ խոսքը վերաբերում է ոստիկանության գործողություններին եւ նրանց կողմից հակաօրինական արարքներ կատարելուն, ապա համաձայն ՀՀ օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի՝ «Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների… կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»:

«Առավոտը» կներկայացնի, թե ինչ պատասխան կհետեւի այս փաստարկներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել