Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խարդախին հավատացել են շատերը

Դեկտեմբեր 10,2010 00:00

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ կինը, որի լուսանկարը տպագրվել է «Առավոտում», Երեւանի բնակչուհի Գայանե Ղազարյանն է: Վերջինս դիմել է Երեւանում գտնվող «Տնակ» աշխատանքի տեղավորման գործակալություն, որտեղ ծանոթացել է ոմն Կարենի հետ, իսկ Կարենը նրան խոստացել է, որ կտեղավորի աշխատանքի Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես ցրիչ: Ըստ Գայանեի, Կարենը որպես փորձաշրջան նրան առաջարկել է, որպեսզի ինչ-որ անձանցից վերցնի Մհեր Մկրտչյանի ֆիլմերի խտասկավառակները եւ դրանք վաճառի պետական հաստատություններին, անհատ ձեռներեցներին՝ հատը 3000-3500 դրամով: Իսկ եթե գնորդները կհարցնեն, թե ինչի համար են վաճառվում ֆիլմերը, Գայանեն պետք է ասի, որ վաճառքից ստացած գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով, այն է՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում կանգնեցվելու է Մհեր Մկրտչյանի կիսանդրին:

Մեզ հայտնի դարձավ, որ «բարեգործ»-խարդախին զոհ են դարձել Ալավերդիի հարկային ծառայության եւ էլցանցի պետերը, հիվանդանոցը, Իջեւանի հիվանդանոցը, էլցանցը, կադաստրի Իջեւանի մասնաճյուղը, «ՀայՌուսգազարդի» Իջեւանի մասնաճյուղը, Բերդի քաղաքապետարանը, զինկոմիսարիատը, կադաստրը, Նոյեմբերյանի հարկային ծառայության, կադաստրի եւ էլցանցի պետերը, Կապանի հարկայինի, էլցանցի պետերն ու զինկոմիսարիատը, Գյումրու քաղաքապետը:

Այսքանից հետո խարդախ-«բարեգործները» այնքան են ոգեւորվել եւ վստահ են եղել, որ անթերի են գործում, որ անգամ կարողացել են իրենց թակարդը գցել ՀՀ ոստիկանության Երեւանի Մալաթիա-Սեբաստիայի, Նոր Նորքի, Էրեբունու, Ավանի, Մաշտոցի, ինչպես նաեւ Բերդի, Գյումրիի, Կապանի անձնագրային բաժինների պետերին: Այս ամենի արդյունքում խարդախները վաճառել են ավելի քան հազար խտասկավառակ եւ ստացել 1,225 հազար դրամ գումար:

Այս պահին մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ, որ հայտնաբերի հիմնական կասկածյալ Կարենին: Իսկ գործը գտնվում է ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հսկողության տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել