Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԱՅՍՊԵՍ ԵՎ ԱՅՍՈՒ

Դեկտեմբեր 10,2010 00:00

Վերջերս մի սրճարանում հետաքրքիր մի սպիտակ ափսե տեսա, որի մեջ գրված էր՝ Ըմպիր եւ ապրիր: Հետաքրքիրն այն էր, որ ես այդ սրճարանում հաճախ եմ եղել, բայց չէի նկատել գրությունն այդ: Թեեւ, գուցե այդ ափսեները վաղուց կային: Բայց այդ նույն սրճարանում անցած օրերի մեջ տեսել էի ամառվանից մնացած, սակայն ձմեռնամուտի մեջ արդեն ավելորդ, մի հոգնած սեղանի շուրջ, երկշարք հավաքված բազկաթոռներ, որոնք ուշադիր հետեւում էին, արդեն հուսահատ՝ հին սեղանին թափված աշնան տերեւներին: Զարմանալի է, բայց տարօրինակ տպավորություն ունեցա, թե ես ներկա եմ եւ հետեւում եմ Անգլիայի լորդերի պալատի նիստին, երբ մասնակիցները լսում էին երկրի վարչապետին: Անսովոր զգացում էր, թերեւս այն առումով, որ երեւանյան շոգ ամռան օրերին ազգիս նախկին եւ ներկա պատգամավորները ու նախարարները հաճախ էին նստում այդ ծղոտահյուս բազկաթոռներին: Եվ հիմա՝ ուշադիր նայելով, տեսնում եմ, որ նրանցից ոչ մեկը չկա…

Չգիտեմ, ձմեռնամո՞ւտն էր մեղավոր, թե՞ մոտեցող նոր տարին, չհասկացա, բայց միեւնույն է՝ տխուր էի: Եվ ներեցեք ինձ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, թող կամքը ձերը լինի, բայց ես տեսա երկու հարյուր տարվա հնության մի տարաշխարհիկ պատկեր՝ սկզբում Եվրոպայի, հետո՝ արդեն Ռուսաստանի չինովնիկների, այսինքն՝ պետական ծառայողների կյանքում. երբ պետական ծառայողները մտնում էին աշխատանքի, պարտավոր էին իրենց կոշիկները հանձնել հատուկ հսկիչին, որպեսզի ղեկավարությունն իմանար, թե ով է աշխատանքի ընթացքում դուրս գալիս գործից, եւ եթե դուրս են գալիս՝ ո՞ւր են գնում, եւ տերը դա պիտի իմանար: Իհարկե, դժվար էր գուլպաներով ման գալ աշխատավայրում, սակայն այդ եղանակով կարգ ու կանոն կար… Եվ չգիտեմ, հարգելի տիկնա՛յք ու պարոնա՛յք, եկող ամառ ո՞վ կնստի այդ ծղոտահյուս հարմարավետ բազկաթոռներին, բայց մի բանում հաստատ վստահ եմ, որ գոնե մի պահ կոշիկները պիտի հանի, որ առնչվի հողին եւ շատ չբարձրանա մնացյալներից, որովհետեւ հողից կտրվելն ու բարձունքից ընկնելը չափազանց ցավագին է ե՛ւ ընկնողի համար, ե՛ւ երկրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել