Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբեր 10,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության ներկայացրած Արցախի ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը խմբակցությունը հետաձգել էր մինչեւ դեկտեմբերի 9-ը: Երեկ դեկտեմբերի 9-ն էր, եւ քվեարկությունը կայացավ: Մինչ այդ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խորհրդարանական կոալիցիան չի մասնակցելու քվեարկությանը: Սրան հաջորդեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը. «Սա համազգային հարց է, սերունդների համար քվեարկություն է, հայցում ենք ձեր զորակցությունը, որ միաձայն ընդունվի այս համապետական նշանակության օրինագիծը»: Օրինագծի քվեարկությանը մասնակցեցին միայն Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը եւ «Ժառանգությունը», 13 կողմ ձայներով քվեարկությունը չկայացավ, եւ որոշում չընդունվեց: Երեկ «Ժառանգությունը» տարածեց հայտարարություն, որում ասվում է. «Մենք ակնկալում էինք, որ իշխանությունները կգիտակցեն, որ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, եւ Արցախի ճանաչման հարցը հետզհետե ավելի է դժվարանում: Որպես վերջին եւ ծայրահեղ զիջում՝ մենք պատրաստ էինք անգամ չդնել օրինագիծը քվեարկության, եթե կառավարող կոալիցիան պատրաստակամություն հայտներ մտցնել այն ԱԺ մեծ օրակարգ՝ հարմար պահին համատեղ որոշմամբ քվեարկության դնելու հեռանկարով:

Այդուհանդերձ, այսօրվա խոսուն քվեարկությունն ու դրա արդյունքները՝ կոալիցիան կազմող քաղաքական ուժերի չքվեարկելու խորապատկերին, եւ 13 կողմ ձայները ցույց տվեցին, որ իշխող վարչակարգը համակերպվել է դրսից հրամցված այն մտքի հետ, որ պետք է զիջեն հայ ազգային արժեքները՝ ներառյալ Արցախի ազգային օջախները շրջան առ շրջան՝ հարցականի տակ դնելով եւ չճանաչելով Արցախի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել