Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՆԻ-ՎԻՔԻԼԻՔՍ»

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Ժամանակին Հայաստանում էլ բացահայտվեցին իշխանությունների գաղտնի եւ ապօրինի հրահանգներ պարունակող փաստաթղթեր, բայց այն էֆեկտը չունեցավ:

Աշխարհն այսօր այլեւս այն չէ, ինչ կար մինչեւ նոյեմբերի 28-ը: WikiLeaks-ի հրապարակումներն ամբողջովին փոխել են աշխարհը, մի պատեհ առիթով «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Այդպես մտածում է նաեւ հայաստանյան փորձագետների եւ օտարերկրյա վերլուծաբանների մի մեծ հատված: «Մինիվիքիլիքսյան» բացահայտումներ ժամանակին Հայաստանում էլ եղան՝ 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո ու նաեւ՝ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, բայց դրանք Հայաստանը չփոխեցին: Այդ փաստաթղթերի մի մասը հրապարակեց անձամբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ գաղտնազերծված փաստաթղթերն ու շրջաբերականները, որոնք վերաբերում էին համաժողովրդական շարժման ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների հետապնդումներին, ստորագրվել էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի, մարզպետների եւ ոստիկանապետերի կողմից: Գաղտնազերծվեցին նախկին նախագահ Քոչարյանի հանձնարարականով մարտիմեկյան իրադարձություններին բանակին մասնակից դարձնելու վերաբերյալ, նաեւ «Մարտի 1»-ի սպանդին օլիգարխների ներգրավված լինելու փաստը հաստատող նյութեր: Հրապարակվեցին փաստաթղթեր նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ, որոնք վերաբերում էին բանակի հրամանատարի հանձնարարությամբ զինվորականների ապօրինի մասնակցությանն այդ ընտրություններին: Հայտնի չէ, թե Հայաստանում դրա վերաբերյալ արձագանքն ինչպիսին կլիներ, եթե այդ փաստաթղթերը հրապարակած լիներ WikiLeaks-ը, բայց փաստն այն է, որ ՀՀ իշխանական վերնախավի հանցագործությունների մասին փաստող այդ նյութերի հրապարակումը ավելի ազդեցիկ եղավ միջազգային կառույցների, քան հայաստանցիների համար:

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի դիտարկմամբ, դա շատ հասկանալի պատճառներ ուներ. «Առաջին հերթին դա այն է, որ իշխանությունները տեղեկատվական շրջափակման են ենթարկել սեփական ժողովրդին: Ըստ էության, բոլոր հեռուստաընկերությունները, որոնք տեղեկատվություն ստանալու ամենազանգվածային միջոցն են, գտնվում են իշխանության վերահսկողության տակ եւ ենթարկվում են գրաքննության, ու, բնականաբար, հեռուստատեսությամբ նման բաներ չեն ասվում: Երկրորդ՝ անցած տարիների ընթացքում ընտրակեղծիքների, ահաբեկումների, ի վերջո, «Մարտի 1»-ի արդյունքում իշխանություններն այնպիսի վիճակ են ստեղծել, որ ժողովրդի մեջ աստիճանաբար արմատավորվել է այն գաղափարը, թե սոցիալական ընդվզումն անիմաստ է, որովհետեւ իրենց դեմ, ի վերջո, կանգնելու են ավտոմատավորներն ու մարդասպանությամբ ճնշելու են ցանկացած ընդվզում: Երրորդ՝ առաջին երկու պատճառների հետեւանքով ժողովուրդը աղաղակող տեղեկությունների բացահայտման նկատմամբ յուրատեսակ իմունիտետ է ձեռք բերել: Այս երեք գործոններն են, որ ժամանակին եղած բացահայտումները Հայաստանում չեն ունեցել այն նույն ազդեցությունը, որոնք ունեն վիքիլիքսյան բացահայտումները արեւմտյան, ժողովրդավարական աշխարհում: Բայց, այդուամենայնիվ, եթե թույնը մեծ դոզաներով է ներմուծվում, դրան օրգանիզմը, ի վերջո, ընտելանում է, մարդկանց դիմադրողականությունն այդ բռնաճնշումների նկատմամբ բարձրանում է»:

Կոնգրեսի ներկայացուցիչները իրենց ասուլիսներում ու նաեւ հանրահավաքներում հատկապես վերջին շրջանում որոշակի բացահայտումներ են անում, որոնք վերաբերում են քրեական տարրերի հետ ՀՀ իշխանությունների առնչություններին՝ «Պզոներ» եւ մյուսներ, զենքի առուվաճառք, Հայաստանից ուրանի տեղափոխում Վրաստան: Հիմա WikiLeaks-ի բացահայտման շնորհիվ ավելացավ եւս մեկ մեղադրանք. պարզվեց՝ դեռ 2003թ.-ից Հայաստանից որոշակի սպառազինություններ են հասցվել Իրան, որոնցով Իրաքում ամերիկյան զինվորներ են սպանվել: Կարծում եք՝ այս ամենը մեկը մյուսին լրացնո՞ւմ է:

«Սա նուրբ թեմա է, եւ այդ համատեքստում մենք ո՛չ հապճեպ եզրակացություններ եւ ո՛չ էլ հայտարարություններ պետք է անենք: Այդ փաստերը դեռ ուսումնասիրել է պետք: Կարծում եմ՝ այդ հարցում բավականին մեծ հստակություն կմտնի, երբ նորանոր փաստաթղթեր հրապարակվեն, իսկ դա լինելու է, որովհետեւ Երեւանից, այսպես ասած, cable-ները՝ դիվանագիտական զեկույցները, ավելի քան 2000 փաստաթուղթ են կազմում, որոնք մինչ այժմ չեն հրապարակվել: Դրանցից առայժմ մեկ կամ երկուսն են հրապարակվել: Բայց ոնց էլ լինի՝ հրապարակվելու են, կարծում եմ, եւ այդ ժամանակ մենք բավականին լուրջ տեղեկություններ կստանանք: Հիմա, կարծում եմ, եղած հրապարակման հիման վրա պետք չէ շտապել եւ մեկնաբանություններ անել: Մենք ուշադիր հետեւում ենք WikiLeaks-ի հրապարակումներին, եւ երբ նպատակահարմար գտնենք, մեր տեսակետը կհայտնենք: Բայց մի բան մեզ համար հասկանալի է. այն, ինչ մենք վաղուց սահմանել ենք որպես ավազակապետություն ասելով, որ այն գլխացավանք է հայ ժողովրդի համար, այսօր այդ ռեժիմը՝ հանցավոր ցանցերի հետ իր կապերի բացահայտման հետեւանքով, գլխացավանք է դառնում նաեւ այլ երկրների, եթե ոչ՝ ամբողջ աշխարհի համար, նույնիսկ սպառնալիք՝ ազգային անվտանգությանը: Ուստի՝ այն, ինչ մենք վաղուց ասում էինք, եւ ինչը չէր լսվում, այսօր աշխարհը սկսում է հասկանալ եւ ըմբռնել: Բոլոր դեպքերում սա դրական զարգացում է եւ լուրջ նախադրյալներ է ստեղծում, որ իրավիճակը շատ արագ կշտկվի, քանի որ այսպիսի միջազգային վարկով այս ռեժիմը ուղղակի վնասում է մեր ազգային անվտանգությանը, մեր դիվանագիտական դիրքերին՝ ամբողջ աշխարհում»,- հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ղեկավարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների, դեսպանի եւ այլ դիվանագետների հետ: Ի՞նչ եք կարծում՝ այդ cable-ներում կարո՞ղ են լինել բաներ, որոնք հրապարակվելու դեպքում անբարենպաստ կլինեն ընդդիմության համար: Մեր այս հարցին ի պատասխան՝ Լ. Զուրաբյանն ասաց. «Այն, ինչ մենք ասում ենք օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ, ավելի կոշտ եւ ավելի բացահայտ ասում ենք հրապարակավ: Այնպես որ, բացառվում է, որ որեւէ նման բան լինի: Ե՛վ ՀՀ առաջին նախագահը, ե՛ւ նրա թիմը պետական մտածողության մարդիկ են, որոնք միշտ բարձրացրել են այնպիսի հարցեր, որոնք բխում են մեր պետականության շահերից եւ ուղղված չեն ինչ-որ թիմի կամ քաղաքական ուժի համար դիվիդենդներ կորզելուն կամ նրա համար գերակայություն ապահովելու գործին: Այնպես որ՝ բացառվում է: Մենք առաջին հերթին մտածում ենք Հայաստանի պետական շահերի մասին եւ դեմ չենք, եթե որեւէ բան հրապարակվի, որեւէ խնդիր, դրա հետ կապված, մենք չունենք»:

Ի դեպ, ամենեւին էլ բացառել չի կարելի, որ WikiLeaks-ի գաղտնազերծելիք փաստաթղթերում հրապարակվի Հայաստանի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին զեկուցագրերի շարունակությունը եւ բացահայտվի, թե ինչու է ԱՄՆ-ն կուլ տվել իր զինվորների մահվան պատճառ դարձած Հայաստանից Իրաք հասած զենքի մատակարարման փաստն ու ինչու է որոշել պատժամիջոցներ չկիրառել ՀՀ-ի նկատմամբ: Ո՞րն է եղել դրա գինը: Այդ մասով ընդդիմությունը, իհարկե, որոշակի ենթադրություններ ունի, բայց առայժմ դրա մասին չի բարձրաձայնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել