Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍԸ՝ ՆԱՎԱԿՈՒՄ, ՉՀԱՇՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Դեկտեմբեր 10,2010 00:00

\"\"Երեւանի քաղաքապետի եւ արդարադատության նախարարի պաշտոնանկության հարցերը քննարկում են պատգամավորները:

Երեւանի քաղաքապետի հրաժարականը եւ դրան նախորդած իրադարձությունների շուրջ հանրապետության նախագահի արձագանքը երեկ խորհրդարանի քննարկումների գլխավոր թեման էր: Պատգամավորները գրեթե համակարծիք էին, որ հրաժարականի պահանջը տեղին էր եւ համարժեք՝ կատարված քայլին: Ոմանք պարզապես խոսում էին այն մասին, որ այսուհետ նախագահը ճիշտ նույնքան կոշտ կլինի նաեւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն նմանատիպ քայլեր անել. «Սա շեֆի նախազգուշացումն էր, եւ վայ նրան, ով իրեն կարգին չի պահի»,- ասաց Հանրապետական պատգամավորներից մեկը: Ի դեպ, պատգամավորներից շատերն էին ոգեւորված եւ հուսով էին, որ նույնքան կոշտ վերաբերմունքի կարժանանան բոլոր նրանք, ովքեր իրենց այդ կերպ կպահեն:

Հայտնի խոսք է՝ սուրբ տեղը թափուր չի կարող մնալ: Դեռ չէր չորացել թանաքը Գագիկ Բեգլարյանի հրաժարականի թղթի վրայից, երբ հրապարակ նետվեցին քաղաքապետի հնարավոր թեկնածուներ: Հավանական է համարվում է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը, թեպետ արդեն տարածվել է «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի անունը եւս: Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչները գրեթե նույն բանն էին ասում՝ մեկնաբանությունների կարիք չկա, կատարածին համարժեք էր հրաժարականը, եւ լավ կլինի, որ այսուհետ եւս որոշ չինովնիկներ անհանգիստ լինեն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բազմաթիվ անգամներ ամբողջ երկու տարվա գործառույթներում, նախընտրական քարոզչության ընթացքում երկրի նախագահն անընդհատ բանաձեւել է այդ խնդիրը, որ պետական չինովնիկը պիտի էթիկայի ամբողջական կանոններ պահպանի: Անընդունելի է այսպես միակողմանի խնդիրներ լուծել այս ձեւով» (նկատի ունի նախկին քաղաքապետի կողմից Ա. Կանդայանին ծեծելու փաստը- Մ. Ե.): Հիշեցնելով, որ ՀՀ նախագահի գնահատականը այս արարքին եղավ հետեւյալը՝ «անընդունելի», մեր զրուցակիցն ասաց. «Գտնում եմ, որ լուծումը ճիշտ էր, դրանից, կարծում եմ, դասեր կքաղեն մեր շատ ու շատ գործընկերներ»: Ի պատասխան մեր հարցին՝ արդյոք Գագիկ Բեգլարյանը նաեւ կուսակցությունի՞ց կհեռացվի, պարոն Սահակյանն ասաց. «Մենք այդ հարցը ընդհանրապես չենք քննարկել: Սա, կարծում եմ, անսահման մեծ պատիժ էր, եւ կուսակցությունը դրան բավականին լուրջ է վերաբերվում»: Թե ով կլինի հաջորդ քաղաքապետը, պարոն Սահակյանը չգիտի, բայց ակնարկեց, թե այս հարցում իր վերաբերմունքը շատ սուբյեկտիվ է:

Մեր հարցին՝ արդյոք երկրում ինչ-որ կարեւոր բա՞ն է փոխվել, քանի որ հանրապետության նախագահը կոպիտ սխալների համար պատժում է անգամ նրանց, ովքեր իշխանության ամենաբարձր օղակներում են, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հակադարձեց. «Որպեսզի մենք հետեւություն անենք, որ բան է փոխվել, մենք պիտի տեսնենք հետեւողականություն, օրինաչափություն: Նախագահի կողքը կանգնած մարդու նկատմամբ իր պարտականությունները կատարելու համար բռնի գործողություն են իրականացրել, որի համար այդ գործողությունները կատարողը պատժվել է: Սա նշանակում է՝ երկրում ինչ-որ բա՞ն է փոխվում: Չգիտեմ, եթե փոխվում է, շատ ուրախ եմ: Բայց դա կլինի, երբ կտեսնենք օրինաչափություն, հետեւողականություն, երբ իրենց տեղը կդնեն թիկնապահներին, «լավ» տղերքի տղերքին, իրենց լավ զգացող «բալիկներին»: Տեղը կնստեցնեն, երբ սրանք մարդ են ծեծում, մարդ են սպանում, ահաբեկում են եւ այլն: Կհավատանք, երբ մեզ համար պարզ կդառնա, որ բանակում կատարվող որեւէ անօրինական գործողություն անպատիժ չի մնա»: Արդարադատության նախարարի պաշտոնանկությունը դաշնակցական պատգամավորի համար «անհասկանալի է եւ անակնկալ, երեք տարի աշխատել ենք նրա հետ, տեսել ենք պարկեշտ, գործիմաց մարդու, որը ինձ վրա ավելի շատ թողել է ոչ թե չինովնիկի, այլ մտավորականի եւ գիտնականի տպավորություն»:

Հ. Գ. Ի դեպ, երեկ հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ողջունելով նախագահի քայլը՝ արդեն նախկին քաղաքապետի հրաժարականի ընդունումը, ասաց, թե սա մեր կյանքում «նոր էջի սկիզբ է», ինչը նշանակում է, որ անպատժելիության մթնոլորտը փոխվելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել