Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի

Դեկտեմբեր 09,2010 00:00

Ստեղծվել է նոր նախաձեռնություն

2003թ. Մեծ Բրիտանիայում լույս է տեսել «Քինգֆիշեր» աշխարհագրական հանրագիտարան, որտեղ Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ են տեղ գտել: 2009թ. էլ Ռուսաստանում վերահրատարակվել է այդ հանրագիտարանը: Հանրագիտարանի ռուսերեն տարբերակը վերջերս հայտնվել է Հայաստանի գրախանութներում եւ դրվել վաճառքի 10 000 դրամ արժողությամբ: Հայաստանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու փաստը մեծ վրդովմունք է առաջացրել երիտասարդության շրջանում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության, «Բարգավաճ Հայաստանի», ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունների, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միության, «Միասին» երիտասարդական շարժման եւ այլ հ/կ-ների համախմբմամբ ստեղծվել է «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնություն, որը հանդես է գալիս ընդդեմ բրիտանական եւ ռուսական հրատարակչությունների կողմից հրատարակված հանրագիտարանի: Այս կապակցությամբ նախաձեռնությունը դեկտեմբերի 15-ին անցկացնելու է բողոքի ակցիա-երթ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպանատների առջեւ: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամները:
«Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանի խոսքով. «Հոկտեմբերի 20-ին բրիտանական ու ռուսական հրատարակչություններին նամակ ուղարկեցինք՝ հերքման պահանջով: Բրիտանական հրատարակչությունը ծաղրանքով ասել էր, թե ճիշտ չենք հասկացել իրենց: Օրինակ՝ գրքում ասվում է, որ Հայաստանում հիմնական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն է: Կամ՝ մեր հիմնական կրոնները հայկական առաքելական օրթոդոքսն է եւ շիա իսլամը: Մտահոգիչն այն է, որ բրիտանական կողմը բացարձակապես չի պատրաստվում ուղղել իր սխալները: Ռուսական կողմն ավելի համեստ պատասխան է տվել մեզ, պատճառաբանելով, թե խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է՝ ուղղակի հին տվյալներ են ներառել գրքի մեջ: Երկու երկրների պատասխաններն էլ մեզ չեն բավարարել, եւ երկուսի դեպքում էլ նկատվում է Հայաստանը խեղաթյուրված ներկայացնելու միտում: Մեր նպատակն է՝ վերահրատարակել հանրագիտարանը Հայաստանի մասին ճիշտ եւ ստույգ տեղեկություններով»:
«Միասին» երիտասարդական շարժման նախագահ Հակոբ Հակոբյանը ասաց. «Այս գիրքը կարող է դառնալ գիտական շատ աշխատանքների աղբյուր, որին հղումներ կանեն, եւ խեղաթյուրված կներկայացվի Հայաստանը: Փաստորեն միջազգային, եվրոպական շատ կառույցների, ղեկավար մարմինների սեղաններին կարող է հայտնվել մի հանրագիտարան, որը խեղաթյուրված կարծիք կձեւավորի Հայաստանի մասին: Պետք է մասսայաբար ընդվզենք այս խնդրի դեմ եւ հասնենք հերքման»:
«Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնության նախագահ Մանվել Կոստանդյանն էլ նշեց. «Սա տեղեկատվական պատերազմ է, ու այս հարցում շատ ենք թերանում՝ պասիվ ենք: Հայաստանը տեղեկատվական դաշտում լուրջ բացթողումներ ունի: Արդեն սկսել ենք ինտերնետային արշավ facebook.com եւ odnoklassniki.ru կայքերում: Շուտով կստեղծվի նաեւ բլոգ, որտեղ կզետեղենք մեր բոլոր միջոցառումները եւ նամակները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել