Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Հախվերդյան զուգերգ՝ 2020-ին

Դեկտեմբեր 09,2010 00:00

Ռուբեն Հախվերդյանը նշեց իր 60-ամյակը

«Մեր տարիները մեզնից հեռանում են, թողնում են մեզ հետ՝ մեզ մենակ». Ռուբեն Հախվերդյանը դեկտեմբերի 3-ին դարձավ 60 տարեկան: Երգահանի ստեղծագործությունների գերակշիռ մասը «ծնվել» է տան տանիքում, այդ պատճառով էլ հոբելյանական համերգի ժամանակ բեմը վերածվել էր կտուրի՝ իր հաղորդիչներով եւ վերեւում գլորվող լուսնի ափսեով: Ռուբենի հետ երգելու եւ իրենց շնորհավորանքները հայտնելու համար բեմ էին բարձրանում երաժիշտներն ու նրա ընկերները, համերգը վարում էր Արթուր Բախտամյանը:
«Երեւանի գիշերներում» երգով էլ կատարվեց բացումը, Հախվերդյանի խոսքերով՝ այն գրվել է մութ ու ցուրտ տարիներին եւ ունի կենսագրական մեծ նշանակություն: «Կուզենամ, որ մյուս երգողները այս երգի բառերը չփոխեն»,- սա երգահանը շեշտեց կոնկրետ այս կատարման համար, սակայն, եթե ընդհանուր վերցնենք, հեղինակ-կատարողն այնքան էլ չի վրդովվում, երբ իր գործերը ուրիշներն են կատարում: «Երբ սխալ են երգում, դրանք այլեւս իմը չեն»,- ասաց նա:
Ռուբեն Հախվերդյանն առանձնապես չէր ցանկանում նշել իր 60-ամյակը, սակայն կողմնորոշվելու հարցում նրան օգնել է վարչապետը, որն այս համերգի ժամանակ ասաց. «Ես նրան ասացի, որ դա քեզ համար չի, մեզ համար է, եւ նա համաձայնեց»,- տանիք բարձրանալով՝ նշեց Տիգրան Սարգսյանը, հավաստիացնելով, որ Ռուբեն Հախվերդյանի հետ սիրով կերգեր մի քանի երգեր, սակայն պահը դեռեւս չի հասունացել. «Ես խոստանում եմ, որ Ռուբիկի 70-ամյակին մենք միասին կերգենք»: Վարչապետի եւ Ռուբեն Հախվերդյանի զուգերգին մենք ականատես կլինենք 10 տարի անց, իսկ մինչ այդ՝ 60-ամյակի համերգին, Ռուբենին երգակցեցին Լեյլա Սարիբեկյանը, Սիրուշոն, Սոնա Շահգելդյանը, Դավիթ Ամալյանը, Լիլիթ Տեր-Վարդանյանը եւ այլք: Լիլիթի համար դա մեծ իրադարձություն էր, եւ նա անչափ հուզված էր. «Ես ուրախ եմ, որ Ռուբեն Հախվերդյանին մենք կենդանության օրոք ենք մեծարում: Նրա երգերը արդիական են բոլոր ժամանակների համար»: Երգչուհին կոչ արեց երիտասարդներին՝ հաճախ լսել Հախվերդյան եւ հախվերդյանական երգաոճի հիմքի վրա մատուցել նորերը:
Ռուբենի հետ «Գազանանոց» երգը կատարեց երիտասարդ դերասան Մխիթար Ավետիսյանը, նրա համոզմամբ՝ Ռուբեն Հախվերդյանի երգերը իրենց մեջ առաջին հերթին դաստիարակչական աշխատանք են պարունակում. «Դրանցում հոգի կա, այդ երգերը մարդու արյան մեջ մտցնում են բարություն, անկեղծություն, սեր հայրենիքի եւ մտերիմների նկատմամբ»: Իր ուղերձում, որը տեսագրության տեսքով էր, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը բարձր գնահատեց Ռուբենի արվեստը. «Ես չեմ քաշվում ասել, որ Ռուբեն Հախվերդյանը մի ամբողջ էպոխա է մեր կյանքում եւ արվեստում»: «Ասել, թե դու 60 տարեկան ես, դժվար հավատա որեւէ խելացի մարդ, բայց, ցավոք սրտի, քո անձնագիրը դա է վկայում»,- իր հերթին տեսաուղերձով մտահոգություն հայտնեց ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հասարակությունը չի կարող բավարարվել այս 60 տարիներով: Բացի նրանցից, Ռուբենին տեսաուղերձով ողջունեցին Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Պերճ Զեյթունցյանը, Հենրիկ Հովհաննիսյանը, այլ ընկերներ եւ արվեստագետներ:
Հոգով երիտասարդ Ռուբենը ցանկացավ, որ երիտասարդները կարողանան պահպանել իրենց մարդկային սկզբունքները եւ զոհ չգնան տիրող անշնորհք ապրելակերպին: Տեղեկացանք, որ երգիչը երիտասարդ տարիներին ուզում էր կոշկակար դառնալ, բայց հետո փոշմանեց, ըստ նրա՝ այդ գործում ինքն ապաշնորհ վարպետ կլիներ. «Բացի երգելուց, ես ուրիշ բան շնորհքով չեմ կարողանում անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել