Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ «ԱՌԱՎՈՏԻ» ՏԱՐԲԵՐԱԿԸ

Դեկտեմբեր 09,2010 00:00

\"\"Մրցաշրջան 2010-ը հայկական սպորտի համար կարելի է ավարտված համարել: Հայաստանի մարզիկները աշխարհի, Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններում, տարվա ընթացքում անցկացված պաշտոնական այլ մրցաշարերում ընդհանուր առմամբ նվաճել են 150 մեդալ:
Թերեւս, անպատասխան մնացել է միայն Վախթանգ Դարչինյանի («Կատաղի Ցուլ»)՝ դեկտեմբերի 11-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքի «Emerald Queen Casino»-ում մեքսիկացի Աբներ Մարեսի հետ կայանալիք մենամարտի արդյունքը, որում վանաձորցու հաղթանակի հնարավորություններն ավելի բարձր են դասվում: Եվ եթե տասնյակը ներկայացնելու ժամկետների սահմանափակում չլիներ եւ Վիկը հաղթեր նաեւ այդ մենամարտում, ինչը կլիներ նրա երրորդ չեմպիոնական հաղթանակը մրցաշրջան 2011-ում, նրան անպայման տեղ կհատկացնեինք եռյակում:
Երեկվա «Առավոտում» գրել էինք, որ լավագույն տասնյակը որոշելու հարցում որոշակի խառնաշփոթ կա սկզբունքների հարցում եւ հույս ունենք, որ դրանք կհստակեցվեն արդեն 2011 թվականի սկզբին: Իսկ այսօր տպագրում ենք կազմված նախնական ցուցակում 18 թեկնածուներից կատարած մեր ընտրության տարբերակը: Եվ այսպես.
1. ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ծանրամարտ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն,
2. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ, շախմատ, կայծակնային շախմատի աշխարհի առաջնության հաղթող,
3. ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ, հ/հ ըմբշամարտ, աշխարհի փոխչեմպիոն,
4. ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎ, հ/հ ըմբշամարտ, աշխարհի փոխչեմպիոն,
5. ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆ, ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն,
6. ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ, սամբո, աշխարհի չեմպիոն,
7. ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆ, հ/հ ըմբշամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
8. ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, ծանրամարտ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն,
9. ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ծանրամարտ, պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն,
10. ԳԵՎՈՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ, ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն:
Անցնող մրցաշրջանի լավագույն թիմ ճանաչվելուն հավակնում են (կրկին ըստ նախնական ցուցակի) ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, կանանց «Հատիս» բասկետբոլային թիմը, շախմատի «Միկա» կանանց ակումբը եւ ծանրամարտի հավաքականը: Ավելի ուշ մեր 16 տարեկան շախմատիստների հավաքականը Թուրքիայում նվաճեց այդ տարիքային խմբի համաշխարհային օլիմպիադայի հաղթողի կոչումը: «Լավագույն թիմ» անվանակարգում եռյակի մեր տարբերակը հետեւյալն է:
1. ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ, պատմության մեջ 1-ին անգամ ՖԻՖԱ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում՝ 59-րդ հորիզոնական:
2. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ, աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր:
3. ՇԱԽՄԱՏԻ ԿԱՆԱՆՑ «ՄԻԿԱ» ԱԿՈՒՄԲ, Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:

Հ. Գ. Թիմերի դասավորության մեջ էլ հնարավոր էր փոփոխություն կատարել՝ կախված ՖԻՖԱ-ի դեկտեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում ՀՀ հավաքականի գրավելիք տեղից, քանի որ այդ ժամանակ վերջնականապես պարզ կդառնա, թե մեր ազգային հավաքականը տարին ինչ արդյունքով է եզրափակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել